Հասարակություն 

Պետք է ստեղծել լրագրողական էթիկայի կանոնակարգ

analitik.am

«Լրագրողական վարք»  հասկացությունը կախված է ոչ միայն համապատասխան լրագրողի անձնային հատկանիշներից, այլ նաև տվյալ ժողովրդի պատմամշակութային առանձնահատկություններից, տնտեսական զարգացման աստիճանից և քաղաքական վարչակարգից:  Լրատվական էթիկան  ունի մի շարք «կանոններ»,  որոնք որոշակի սահմանների մեջ են դնում անհատ լրագրողի ազատությունը, ինչպես նաև «պարտականություններ» են սահմանում բոլոր լրագրողների համար:  Հայտնի փաստ է, որ իրավունքներն ու պարտականություններն անբաժանելի են և այդ պատճառով էլ  լրագրողական էթիկան հիմնականում առնչվում է պարտականությունների ոլորտին և  պայմանավորվում է ազատության և պատասխանատվության փոխադարձ հարաբերակցությամբ: 

Այսպիսով, անդրադառնալով լրագրողական էթիկային, փորձենք խոսել հայաստանյան  լրատվամիջոցների «պարտակնությունների» մասին, որոնց առկայությունը նախատեսում է նաև լրագրողներին վերապահված որոշակի իրավունքներ:

 Մամուլը չորրորդ իշխանություն է և պատասխանատվություն է կրում հասարակության առաջ, ուրեմն և վերջինիս գերագույն խնդիրն է ծառայել  և ունեցած ռեսուրսները ծառայեցնել հասարակությանը, իսկ լրագրողը` որպես հասարակության և պետության կապող հիմնական օղակ, պատասխանատու է մատուցած և մատուցվելիք տեղեկատվության համար:

Բոլորս էլ գիտենք, որ բարոյական արժեքների համակարգումը կարող է գործարկվել միայն ժողովրդավարական երկրներում, սակայն Հայաստանը գտնվելով ժողովրդավարության կայացման փուլում այսօր  ունի մի շարք թերություններ, որոնք ոչ միայն բարդացնում են հայաստանյան լրատվամիջոցների կողմից իրականացվող աշխատանքները, այլ նաև նրանց գործունեությունը դարձնում ոչ լիարժեք:

ՀՀ-ում լրագրության ոլորտում առկա կարևորագույն հիմնախնդիրներն են.

    • Հայ լրագրության բարոյական հիվանդությունն ունի խորն արմատներ, որը պայմանավորված է իր առջև դրված խնդիրների իրականացման համար անբարենպաստ պայմաններով, այսինքն լրագրողները այսօր ցածր են վարձատրվում և նյութական անապահովությունը դրդում է բազմաթիվ լրագրողների պատվիրված նյութեր գրել, ինչն էլ սկզբունքորեն դեմ է լրագրողական մասնագիտական էթիկայի սկզբունքներին:
    • Այսօր շուկայական մրցակցության պայմաններում լրագրողները վազում են սենսացիոն նորությունների ետևից՝ անտեսելով թույլատրելիի սահմանը: Եվ այդ իսկ պատճառով էլ հայաստանյան լրատվամիջոցներից շատերը ողողված են հասարակական կոնֆլիկտների դրդապատճառ հանդիսացող, հակասություններ հրահրող նյութերով:
    • Հայ իրականության մեջ լայն տարածում են գտել լրատվական կայքէջերը, որոնք, օրեցօր շատանալով, ամեն ինչ անում են իրենց նշանակությունը  լրատվության ոլորտում կարևորելու համար, ուստի և աշխատում են օպերատիվ ու արագ սկզբունքով, որից էլ բխում են մի շարք ժուռնալիստական  թերություններ և առաջացնում լրագրողական էթիկային հակասող գործառնություններ:

      Այս ամենի համատեքստում կարելի է փաստել, որ այսօր մենք ունենք բազմաթ իվ խնդիրներ լրագրության ոլորտում, որոնք բխում են մեր երկրում առկա   տնտեսական և քաղաքական խնդիրներից:

      ԶԼՄ ոլորտը բարելավելու համար նախ և առաջ պետք է խորությամբ ուսումնասիրվի  հայաստանյան լրագրության ոլորտում առկա խնդիրները, պետք է ճիշտ գնահատվի ժամանակակից լրագրության դերը հասարակական կյանքում: 

      Կարևոր են նաև նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պայմաններում լրագրության առաջ բացվող հնարավորությունների ճիշտ կիրառումը, ինչն էլ կօգնի ինֆորմացիայի գլոբալիզացման պայմաններում դիմագրավել համաշխարհային մարտահրավերներին:

      Հայաստանում ԶԼՄ-րի խնդիրների կարգավորման առումով կատարվում են գործնական քայլեր, սակայն դրանք թերի են և անընդունակ կարգավորելու այս ոլորտում առկա հիմնախնդիրները: Առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության համար ստեղծել լրագրողական էթիկայի  մեկ` համընդհանուր համահայաստանյան կանոնակարգ, որին կենթարկվեն բոլոր լրատվամիջոցները: Այդ կանոնակարգում պետք է սահմանվի հատուկ դրույթ, որտեղ կարգելվի գռեհկաբանությունը և ուշադրություն կդարձվի լրատվամիջոցների լեզվաոճական առանձնահատկություններին: Այդ ժամանակ կբարձրանա ոչ միայն սեփական գործի ու լսարանի հանդեպ պատասխա­նատվությունը, այլ նաև լսարանի վստահությունը լրատվամիջոցների հանդեպ: 

       

      Կարող ենք մշակել նաև երկկողմ, փոխհամաձայնեցված ռազմավարություն, կառավա­րություն-լրագրող կապի սերտացման համար:

      Պետք է ապահովվի տարբեր գերատեսչությունների գործունեության թափանցիկ և արդար լուսաբանումը, քանի որ լրագրողական էթիկայի սկզբունքների, այլընտրանքային տարբերակների, նոր ձևաչափերի ընդունումն ու տարբեր կանոնակարգերի մշակումը և վերանայումը լուրջ, հետևողական գործընթաց է և հաջողության կարելի է հասնել միայն միասնական քննարկումների, սեփական փոր­ձի, տարբեր առաջարկների ու տեսակետերի վերլուծման արդյունքում:

    •  

Նույն շարքից