Հայաստան 

Բրյուսելում կհանդիպեն ՀՀ և ԵՄ պատվիրակությունները՝ հստակեցնելու հետագա համագործակցության ուղենիշները. Գերմանիայի դեսպան

analitik.am

Նոյեմբերին Բրյուսելում կհանդիպեն հայկական և ԵՄ պատվիրակությունները՝ հստակեցնելու հետագա համագործակցության ուղենիշները: Այսօր Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը՝ խոսելով «Հայաստանը և Գերմանիան», «ԵՄ-տարածաշրջան» թեմաների շուրջ:


Դեսպանը նախ տեղեկացրեց, որ հոկտեմբերի 3-ին Գերմանիայում նշվում է Գերմանիայի ազգային տոնը, որն ուրախալի օր է: Ըստ նրա՝ Գերմանիայի պատմության մեջ կան տխուր օրեր և հիշատակման օրեր, բայց այս օրը մեծ կարևորության և ուրախության օր է:


«1990թ. հոկտեմբերի 3-ը պատմական իրադարձություն է, որը հիմք դարձավ մեր ազգային տոնը նշելուն, բայց սա նաև նախապատմություն ունի: Այն հետևյալն է՝ Գերմանիայի Արևելյան և Արևմտյան մասերը բաժանված էին առանձին բլոկների, երկու կողմերը խիստ ռազմականացված էին, զինված միմյանց դեմ, որը ուրախալի հանգամանք չէր կարող լինել: Մենք հույս չունեինք, որ այս ամենը կարճ ժամանակամիջոցում կհանգուցալուծվի, դրական ընթաք կունենա: Մեզ համար հրաշք օր է, որ այս ժամանակահատվածը երջանիկ ընթացք ունեցավ մեզ համար: Սկսվեցին ցույցեր Արևելյան Գերմանիայում, դրանք խաղաղ ցույցեր էին, որոնք տարան այնպիսի զարգացումների, որը հանգեցրեց Բեռլինի պատի փլուզմանը: Այսինքն՝ կիզակետը հենց Բեռլին քաղաքն էր: Սա մի սահման էր, որը խիստ վերահսկողության տակ էր գտնվում, և խախտողներին մահապատիժ էր սպառնում: Մեկ տարի էլ տևեց՝ մինչև Արևելյան բլոկը որոշեց միանալ Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը, և այդ իսկ պատճառով մենք երկու իրադարձություն ենք տոնում՝ մեկը՝ պատի փլուզումը, մյուսը՝ 1990թ. հոկտեմբերի 3-ը, այդ երկու բլոկների վերամիավորումը»,- տեղեկացրեց դեսպանը:


Անդրադառնալով հոկտեմբերի 10-ին Մինսկում նախատեսվելիք Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը՝ նա ասաց, թե չգիտի ինչ գնահատական տալ: Նա նշեց, որ լսում է այն, ինչ բոլորը՝ այդ օրը տեղի կունենա անդամակցությունը, և ոչ ավելին:

Խոսելով սեպտեմբերի 3-ից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունների դինամիկայի մասին՝ դեսպանն ասաց, որ Հայաստանը թեև Վիլնյուսում չնախաստորագրեց Ասոցացման համաձայնագիրը, ամեն դեպքում «ոչ» էլ չասաց ԵՄ-ի հետ հարաբերություններին, ցանկություն հայտնեց մնալ կապի մեջ Եվրոպայի հետ, Վիլնյուսում ստորագրվեց երկկողմ փաստաթուղթ, որտեղ արձանագրվեցին այն բոլոր ձեռքբերումները, որոնք մինչ այդ Հայաստանը համաձայնեցրել էր Եվրոպական միության հետ: Դեսպանի կարծիքով՝ դա էլ կլինի հետագա հիմքը, որը կարող է լինել կողմերի միջև:


«Այսինքն՝ ԵՄ-ն սպասում է, որ Հայաստանը պարզաբանի՝ ինչպես է փորձում շարժվել առաջ: Իրականում այս ընթացքում ԵՄ-ի հետ բանակցություններ են ընթացել, կար արդեն տեքստ, որի վրա մեծ աշխատանք էր տարվել, որը չստորագրվեց, քանի որ ընթացքում ծագեց ՄՄ-ին միանալու ցանկությունը, ուստի նոր իրավիճակում երկու կողմերը պետք է որոշեին՝ ինչ է այս ամենը իրենց համար նշանակում և ինչպես համաձայնեցնել եզրերը և գնալ առաջ՝ ավելի նոր դրույթներով:


ԵՄ-ն նաև նկատեց, որ ԱԼԳ վեց գործընկեր երկրներից ամեն մեկի հետ պետք է համագործակցել յուրովի: Առաջին գաղափարն այն էր, որ բոլորին տրվեին մեկնարկային նոր հնարավորություններ, բայց պարզվեց՝ մի երկիր կարող է մի ժամանակահատվածում բանակցել այդ փաստաթուղթը, մյուսն՝ ավելի դանդաղ, Բելառուսը բանակցություններ չէր վարել, Ադրբեջանը առաջ չէր գնացել այս հարցում, այսինքն՝ այստեղ խոսքը տարբեր արագությունների մասին է: Երկու կողմերն էլ երկխոսության մեջ են, դա չի ընդհատվել: Թեև շփումները հարուստ չեն եղել, քան առաջ էր, բայց այդ շփումները եղել են, և կողմերն աշխատել են այդ ուղղությամբ:


Մի փոքր ընդմիջում կար նաև՝ կապված Եվրահանձնաժողովի ձևավորման հետ, այնպես որ՝ երկխոսությունը շարունակվում է. նոյեմբերին Բրյուսելում ԵՄ-ի և հայկական պատվիրակության միջև հանդիպում կկայանա: Կշարունակվեն բանակցությունները, և կհստակեցվեն որոշ հարցեր՝ մանավանդ Մինսկում կայացած հանդիպումից հետո, երբ Հայաստանն անդամակցած կլինի Մաքսային միությանը: Եթե արդեն Մինսկում ստորագրված լինի ՄՄ անդամակցության փաստաթուղթը, ապա ԵՄ-ՀՀ գործակցության ուղենիշները կհստակեցվեն նոյեմբերին: Ինչ կբխի դրանից ձևաչափի առումով, կարևոր չէ՝ որքան կտևեն շփումներն ու երկխոսությունն այն հարցերի շուրջ, թե ինչ է հնարավոր անել»,- տեղեկացրեց դեսպանը:

Նույն շարքից