Հայաստան 

Նամակ՝ ՄԱԿ-ի անդամ 41 երկրների նախագահներին

analitik.am

ԵՀՄՖ-ի Նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանը շնորհակալական և երախտիքի նամակ է ուղղել ՄԱԿ-ի անդամ 41 երկրների նախագահներին: Նամակի համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ 1948 թվականի դեկտեմբերի 9-ին նշված երկրները ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի լիագումար նիստի ժամանակ թիվ 260 բանաձևի հիման վրա կողմ քվեարկեցին “Ցեղասպանություն հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին” կոնվենցիան: Այն հանդիսացավ ցեղասպանության իրավական հիմնական սահմանում, որի հեղինակն էր իրավաբան Ռաֆայել Լեմկինը: Նրա շնորհիվ ստեղծվեց “գենոցիդ” եզրը, իսկ որպես կոնվենցիայի հիմնավորում նա ընտրել էր 1915-1923 թթ. Հայոց Ցեղասպանությունը, ինչպես նաև ասորիների և հրեաների կոտորածները: Որպես հիշեցում նշենք, որ այն ժամանակ կոնվենցիային դեմ քվեարկող երկրների շարքում էին Թուրքիան և ԱՄՆ:

Այդ կոնվենցիան վավերացված բոլոր մասնակից երկրներին խորհուրդ էր տրվում կանխել և պատժել ցեղասպանության գործողությունները պատերազմական կամ խաղաղ իրավիճակներում, հետևաբար Հայ Ժողովրդի հանդեպ իրականացված ցեղասպանության մասին կարծիք հայտնող և իրար հաջորդող թուրքական հանցագործ կառավարությունները, երբ հայերի կոտորածների համար պատճառ են բերում Առաջին համաշխարհային պատերազմը` դրանք սին են ու պատասխանատվությունից խուսափելու էժանագին փորձ:

ԵՀՄՖ Նախագահության կողմից հարցը կարևորվում է նաև այն պատճառով, որ Լեմկինի հեղինակած կոնվենցիան հիմք հանդիսացավ առաջադեմ մարդկության համար հետագայում նոր կոնվենցիաների մի ամբողջ շարքի ընդունման գոծընթացին, որոնցից կարևորագույն էր 1968 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված “Մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին” կոնվենցիան և դրանցից բխող միջազգային իրավունքին ուղղված դրույթներն են, որ առնչվում են Հայոց Ցեղասպանությանը: Այսինքն, ցեղասպանության 100-ամյա տարելիցը չի կարող արգելք հանդիսանալ նրա ճանաչման, դատապարտման և փոխհատուցման գործընթացին` ինչի մասին էլ որոշում կայացվեց Լեհաստանի Լոձ քաղաքում ԵՀՄՖ Նախագահության և կառույցների ղեկավարների ընդլայնված նիստի ընթացքում` աշխատել այս ուղղությամբ գալիք ՀՀ նոր վարչակազմի հետ, քանի որ ներկայիս հայաստանյան ղեկավարությունը, մի կողմ թողնելով Հայոց Պահանջատիրությունը, սիրախաղ է սկսել միջազգային հանցագործ հանդիսացող թուրքական կառավարության հետ, ավելին, առկա են անամոթության հասնող տգիտության քայլեր ՀՀ նախագահի և իր ղեկավարած ԱԳՆ-ի կողմից:

Ստորև ներկայացնում ենք ԵՀՄՖ Նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանի նամակը հասցեագրված 1948 թվականին “Ցեղասպանություն հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին” կոնվենցիան ընդունած ՄԱԿ-ի անդամ 41 երկրների ղեկավարներին:

Ձերդ Գերազանցություն

Ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ Ձեր երկիրն այն քառասունմեկ պետությունների շարքում է, որոնք ստորագրել են Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի կողմից 1948թ. դեկտեմբերի 9-ի թիվ 260 բանաձևով ընդունված “Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման” կոնվենցիան, որն ուժի մեջ է մտել 1951թ. հունվարի 12-ին: ՄԱԿ-ի հիշյալ բանաձևը տալիս է “գենոցիդ” (ցեղասպանություն) եզրույթի իրավական սահմանումը, որն առաջարկել էր Ռաֆայել Լեմկինը` ընդունելով Հայոց Ցեղասպանությունը որպես մարդկության դեմ գործած հանցանքի մի օրինակ, ուր ոճրագործը անպատիժ է թողնվել, ինչն էլ հետագայում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծնունդ է տվել բարբարոսության մի նոր ալիքի` Հրեական հոլոքոստին:

Այսօր, ավելի քան հարյուր քառասուն երկիր վավերացրել է Կոնվենցիան` դրանով իսկ հաստատելով սեփական դիրքորոշումը հիմնահարցը լուծելու առումով և հավաքական կամք դրսևորելով հաստատելու արդարություն մարդկության դեմ գործած և մոռացության մատնված հանցանքները դատապարտելու գործում` ի թիվս դրանց նաև 20-րդ դարի առաջին եղեռնագործությունը: Ցավոք, այդօրինակ նողկալի և անմարդկային վայրագությունները տեղ են գտել ոչ միայն հայ ժողովրդի, այլև հրեաների ու մի շարք այլ ազգերի պատմության էջերում:

Ձերդ Գերազանցություն

Վաղուց ժամանակն է, որ ժողովրդավարության արժեքներն ու սկզբունքները որդեգրած բոլոր այն պետությունները, որոնք միացել են Ցեղասպանության կոնվենցիային, քայլ առաջ կատարեն` հետամուտ լինելով հայ ժողովրդի իրավունքի ճանաչմանը` վերջ դնելով Թուրքիայի` համաշխարհային հանրությանը լռեցնելու փորձերին, ինչն ինքնին վկայում է այն մասին, որ եղեռնը դեռ չի ավարտվել: Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը, խաթարում է սահմանամերձ շրջանների տնտեսական զարգացումը և խոչընդոտում հայերի մուտքը դեպքի իրենց պատմական հայրենիք: Այս ամենը ստիպում է խորհել այն ցավալի իրողության մասին, որ թուրքական պետության կազմակերպած եղեռնագործությունն ուղղված է իր կողմից կառավարվող տարածքային սուբյեկտների և քաղաքացիների դեմ:

Հայ և քրիստոնյա այլ ժողովուրդներին բաժին հասած ողբերգական իրադարձությունների 100-րդ տարելիցին ընդառաջ մենք նախապատրաստում ենք Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շարք, որոնք նախատեսում ենք անցկացնել այս տարի` 2015թ. ապրիլ ամսին:

Ձերդ Գերազանցություն

Այդ հարցում մենք մեծապես ունենք Ձեր անփոխարինելի աջակցության կարիքը: Նախատեսվող միջոցառումները մշակութային, պատմական և հոգևոր բնույթի են ու կազմակերպվել են Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի միջազգային փոխգործակցության շրջանակներում:

Ձեր մասնակցությունն ու աջակցությունն իրապես անգնահատելի կլինեն մեզ համար, քանի որ մենք բոլորս ոգեկոչում ենք անմեղ նահատակների ցասումը: Մարդկությունը երբեք չպետք է մոռանա մեր պատմության այդ գորշ էջերը, իսկ ոճիրն անպատիժ ու անարձագանք թողնելը պարզապես ճանապարհ է հարթում նոր արատավոր երևույթների համար, և այսօր Իրաքում զինյալ ծայրահեղականների ծավալած գործողություններն այդ ամենի ակնհայտ վկայությունն են:

Ձերդ Գերազանցություն

Հայաստանաբնակ և աշխարհասփյուռ հայերն իրենց հայացքները Ձեզ են հառել, Ձեր երկրին և համայն մարդկությանը, ովքեր դատապարտում են մարդու իրավունքների այդօրինակ դաժան ոտնահարման երևույթները` սպասումով, որ վերջ կդրվի շուրջ մեկ դար տևած լռությանը, կվերականգնվի արդարությունը, իսկ տնտեսական և ռազմական շահերը կնահանջեն արդարադատության բարձր արժեքների առջև:

Մենք վստահ ենք, որ Ձեր երկրի աջակցությամբ վերջապես կվերականգնվի պատմական արդարությունը:

 

 

Հարգանքով`

Աշոտ Գրիգորյան

Նույն շարքից