Հայաստան 

Ռոբերտ Քոչարյանը՝ եռյակի մասին

analitik.am

Երեկ մամուլում լուրեր հրապարակվեցին, թե օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանն իր առանձնատանը հանդիպել է լրագրողների խմբի հետ, ինչը հաստատեց նաև վերջինիս գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, սակայն չմանրամասնեց հանդիպման նպատակն ու դրա բովանդակությունը: Չնայած դրան, այդ հանդիպման մասին որոշ մանրամասներ, այնուամենայնիվ, արդեն հայտնի են դառնում տարբեր աղբյուրներից արտահոսքերի տեսքով: Եվ այսպես, հրավիրյալների թվում եղել են ներկայացուցիչներ «Երկիր մեդիա», «Հ2», «Միր», «Հետք» և «Մեդիամաքս» լրատվամիջոցներից, իսկ հանդիպումը կրել է ոչ ֆորմալ բնույթ և ընթացել է ուտեստի սեղանի շուրջ: Քոչարյանը շոշափել է հարցերի լայն շրջանակ` Սյունիքի մարզպետի վերանշանակումից մինչև վերադարձ մեծ քաղաքականություն: Քոչարյանը նախ իր խիստ բացասական վերաբերմունքն է արտահայտել երբեմնի հավատարիմ դաշնակից ՀՅԴ-ի ներկայիս մարտավարության վերաբերյալ: Նա հատկապես դժգոհել է սահամանադրական բարեփոխումների վերաբերյալ դաշնակցականների ունեցած դիրքորոշումից և ակնարկել, որ նման գործելաոճի դեպքում ՀՅԴ-ն կարող է խնդիրներ ունենալ: ԲՀԿ-ի առումով Քոչարյանը նշել է, որ այդ կուսակցությանը տեսնում է որպես անձամբ իր ապագա քաղաքական հենարան, քանի որ այս պահի դրությամբ ԲՀԿ-ի ներսում ունի բազմաթիվ կողմնակիցներ, որոնց վրա բավականին մեծ է իր ազդեցությունը: Քոչարյանը քննադատել է Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը` վերջինիս բնութագրելով որպես «կրիմինալ էլեմենտ» (հավանաբար «մոռացել է», որ Լիսկային հենց ինքն է առաջին անգամ մարզպետ նշանակել), իսկ էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանի առումով նշել է, որ իր ղեկավարման տարիներին նա ավելի «ճիշտ» է աշխատել: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու առնչությամբ նախկին նախագահը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի առաջնային խնդիրը Եվրոասոցացման պայմանագրի ստորագրումից Հայաստանին հետ պահելն էր: 


Ասում են, որ սահմանադրական բարեփոխումների առումով Քոչարյանը նշել է, թե Հայաստանում ավելի կարևոր է ղեկավարողի անձը, այլ ոչ թե ղեկավարման մոդելը: Որպես իր խոսքերի ապացույց Ռ.Քոչարյանը մատնանշել է իր վարչապետ աշխատելու ժամանակահատվածը և ասել, որ այդ ժամանակ ինքն ավելի ամուր դիրք ու ազդեցություն ուներ երկրի կառավարման համակարգում, ինչի արդյունքում էլ Լևոն Տեր-Պետրոսյանն իր մոտ նախագահ էր աշխատում:
Եվ ամենակարևորը, Քոչարյանն անդրադարձել է նաև «եռյակի» գործունեությանը` նշելով, որ այնքան էլ ոգևորված չէ Գագիկ Ծառուկյան-Լևոն Տեր-Պետրոսյան շփումներից, բայց լավ հաշվարկելու դեպքում այդ «քաղաքական սիրախաղը» ևս կարող է ծառայեցնել իր քաղաքական շահերին: Իսկ Հովիկ Աբրահամյանի մասով նշել է, որ վերջինս չկարողացավ կայանալ որպես վարչապետ և կատարյալ ձախողում է գրանցել գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, քանզի հիմնականում զբաղվում է սեփական բիզնեսի բարգավաճմամբ ու յուրայիններին տարբեր պաշտոնների տեղավորելով:


Քոչարյանի քաղաքական հայացքները կիսող լրագրողները հետաքրքրվել են նրա` մեծ քաղաքականություն վերադառնալու հնարավորությամբ, ինչին ի պատասխան Ռ.Քոչարյանը նշել է, որ առայժմ վերջնական որոշում չունի առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու առնչությամբ: Քոչարյանը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում հրապարակայնորեն կարտահայտի իր կարծիքը երկրում տիրող իրավիճակի մասին:
Հանդիպման մասնակից լրագրողներն այնքան էլ գոհ չեն մնացել իրենց լսածից և հեռացել են որոշակի հուսախաբ տրամադրությամբ: Հավանաբար նրանք ակնկալում էին, որ Քոչարյանը հստակ կհայտարարի իր վերադարձի մասին, ինչի արդյունքում նրանք կարող էին ակնկալել պաշտոններ նոր ձևավորվելիք իշխանությունում` որպես Քոչարյանին իրենց հավատարմության փոխհատուցում:


Ի դեպ, հանդիպման հենց սկզբից Ռ.Քոչարյանը լրագրողներին զգուշացրել է նշումներ չանել և չհրապարակել իրենց զրույցի մանրամասները:

Գրում է Սարգիս Բալայանն իր ՖԲ էջում:

 



Նույն շարքից