Հայաստան 

Հայաստանը պատրաստ է աջակցել ԱՊՀ գործընկերներին ընդհանուր խնդիրները կարգավորելու գործում

analitik.am

Աշխարհի շատ տարածաշրջաններում քաղաքական իրավիճակի սրման, միջազգային լարվածության աճի ֆոնին Համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի խաղաղության և կայունության ապահովմանը, գոյություն ունեցող հակամարտությունների կարգավորմանը և հնարավոր հակամարտությունների կանխարգելմանը բացառապես խաղաղ միջոցներով՝ միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների, ինչպես նաև Հելսինկյան Եզրափակիչ ակտի դրույթների հիման վրա:  Այս մասին Մինսկում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Նա ընդգծել է, որ Հայաստանի համար կարևոր առաջնահերթությունը, անշուշտ, մնում է համագործակցությունը ռազմական ոլորտում, իրավապահ մարմինների և սահմանապահ գերատեսչությունների գծով, թմրանյութերի տարածմանը, թրաֆիքինգին և անօրինական միգրացիային հակազդեցության ոլորտում, ֆինանսական հետախուզության բնագավառում: Այդ ուղղությամբ մեծ աշխատանք ունեն իրականացնելու ճյուղային համագործակցության համապատասխան մարմինները, որոնց գործունեությունը պետք է ուղղվի որոշակի խնդիրների լուծմանը և շոշափելի արդյունքների ձեռքբերմանը: Հենց այդպիսի տրամադրվածությամբ է Հայաստանն ընթացիկ տարում անցկացրել Համագործակցության մարմինների մոտ 10 նիստ:

 

«Հայաստանը հանդես է գալիս ԱՊՀ հետագա ամրապնդման, ԱՊՀ մասնակից պետությունների հետ իրավահավասար, փոխշահավետ, միմյանց շահերը հաշվի առնող համագործակցության զարգացման օգտին: Համագործակցությունում ապագա նախագահողին՝ Ղազախստանին, 2015 թվականին շատ անելիքներ են սպասվում, և մենք հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ ուժերի ներածին չափով աջակցություն ցուցաբերելու ղազախ գործընկերներին մեր առջև ծառացած ընդհանուր խնդիրների լուծման գործում»,-ընդգծել է ՀՀ Նախագահը:

Նույն շարքից