Վերլուծական Տնտեսություն 

Գյուղնախարարության նեղ դուռը

analitik.am

Գյուղնախարարությանը, կամ այն ինչ մնացել է գյուղնախարարությունից, պահանջվում են վարչության գլխավոր մասնագետներ՝ ագրոնոմներ: Պահանջվող որակավորումն է՝ համապատասխան կրթություն, պրակտիկ աշխատանքային փորձ, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն, մոբիլ ու մոտիվացված, ինքնավստահ և ոչ մեծամիտ անհատներ:

Սա էկոնոմիկայի նախարարության գյուղ ոլորտի թափուր տեղերի մասին պաշտոնական հայտարարություն է, որ Էկոնոմիկայի փոխնախարար Արտակ Քամալյանը դրել էր իր էջում, և որի շուրջ ակտիվ քննարկում է գնացել: Արտակ Քամալյանը փորձում է որակյալ ագրոնոմներ գտնել գյուղոլորտի համար, և ինչպես հասկանում ենք, դեռ չի գտել:

Նախ սկսենք նրանից, որ ագրարային համալսարանը ԽՍՀՄ փլուզումից հետո կորցրեց այն հեղինակությունը, որը վայելում էր դիմորդների շրջանում՝ փոշիացան կոլխոզ-սոլխոզները, որտեղ հիմնականում աշխատում էին ագրոնոմները, նաև մասնագիտացված կենտրոնները, որտեղ ևս գյուղոլորտի մասնագետների կարիք կար, գիտական աշխատանքներ էին կատարվում, փորձարկումներ, նոր սորտեր էին հայտնաբերում և այլն: Այժմն այդ ամենից ոչինչ չի մնացել: Այսինքն՝ պրակտիկ վայր, որտեղ ագրարային համալսարանն ավարտած ագրոնոմը կարող է պրակտիկա ձեռք բերել, աշխատել, չկա: Գուցե հնարավոր է մասնավոր հողատարածքներում կամ այգիներում աշխատել, սակայն այն էլ վստահում են փորձառու ագրոնոմներին, ովքեր գուցե անգլերեն չգիտեն, սակայն տասնյակ տարիների փորձ ունեն և տանձենին խնձորենուց տարբերում են, իսկ կոլորադյան բզեզը՝ լվիճից:

Կարճ ասած, շրջանավարտը տեղ չունի պարկտիկա ձեռք բերելու:

Հաջորդը անգլերենի և ռուսերենի իմացությունն է:

Գաղտնիք չէ, որ ագարարային համալսարան գնում են միջինից ցածր գնահատականներ ունեցող դիմորդները, պարզապես երբեմն պետք է որևէ դիպլոմ ունենալ, իսկ օտար լեզուների մասին խոսք լինել չի կարող: Տարի է եղել, որ ագրարային համալսարանը դիմորդ ունենալու համար անգամ դպրոցական գնահատականներով է փորձել համալրել բուհ-ի շարքերը: Ագրոնոմ և հարակից մասնագիտությունները բարձր որակավորման պահանջներ չեն դնում դիմորդի առջև, քանի որ ոլորտում զարգանալու հեռանկար նաև չկա: Կան իհարկե լավ ուսանողներ, սակայն նրանք տարբեր միջազգային ծրագրերով գնում են արտերկրում սովորելու և աշխատելու. նպատակներ ունեն զարգանալու:

Իսկ ինչ մնում է խոխնախարարի «գնալ գյուղնախ զարգանալու», երևի Արտակ Քամալյանը տեղյակ չէ, թե ուր է ընկել, գյուղնախում երբեք չեն զարգացել՝ համակարգը թույլ չի տալիս:

Արտակ Քամալյանը նշել է նաև աշխատակիցները պետք է լինեն մոբիլ ու մոտիվացված, ինքնավստահ և ոչ մեծամիտ: Սա արդեն հետաքրքիր է: Օրինակ, եթե վերը նշված բոլոր պահանջներին համապատասխան անձ է գալիս աշխատանքի ընդունվելու, ինչպե՞ս են որոշելու, որ նա մոբիլ է, պետք է անընդհատ ցատկոտի՞, իսկ մոտիվացվա՞ծ՝ խոսի միայն որդերից և բլոճներից: Գուցե: Ինքնավստահությունն էլ երևի պետք է երևա. ինչ-որ մի ձևով և հընթացս ընդունող հանձնաժողովի անդամները կհասկանան, նա ինքնավստահ է, սակայն մեծամիտ չէ:

Այս հատվածը, իհարկե, գյուղ-կինոյի ամենադիտարժան հատվածն է:

Կարճ ասած, Արտակ Քամալյանը մնալու է առանց աշխատակցիների, իսկ հայրենի գյուղոլորտը գոյատևելու է ինչպես միշտ՝ առանց առարկայական գյուղնախարարության:

Ի դեպ, էկոնոմիկայի փոխնախարար գյուղատնտեսության գծով Արտակ Քամալյանը պրակտիկ աշխատանքային փորձ չունի, եղել է պրոֆեսոր, տնօրենի տեղակալ, ու սովորել է, սովորել է: Օտար լեզուներ գիտի, սակայն դժվար է ասել մոբիլ ու մոտիվացված է, կամ ինքնավստահ է և ոչ մեծամիտ. նման քննություն չի հանձնել:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից