Հայաստան 

Արամ Սարգսյանը ցավում է Լևոն Տեր-Պետրոսյանի համար

analitik.am

Եռյակում եղած յուրաքանչյուր ուժ առանձին պլաններ ունի, իմ գնահատականներով այսօր իրականանում է միայն Գագիկ Ծառուկյանի նախանշած պլանները, իր խոսքից է կախված ամեն ինչ, և նա դա չի թաքցնում, այլ ցուցադրում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը:

«Գագիկ Ծառուկյանին խորհուրդ կտայի քիչ երրորդ դեմքով ինքն իր մասին խոսեր, սիրուն չի և հանրահավաքներից առաջ լավ կաներ բանավոր խոսքը պատրաստեր»,-ասաց նա:

Արամ Սարգսյանը գտնում է, որ այսօր Գագիկ Ծառուկյանի մոտեցումներն իրականացան, որովհետև ինքը դարձավ հստակ ընդդիմադիր զանգվածի լիդեր` ոչ իշխանություն լինելով, քանի որ նա նույնիսկ չի էլ ընդունել, որ ինքը ընդդիմադիր է:

«Ոչ իշխանություն լինելով նա ապահովեց հասարակական զանգված, որը նրան ընդունի որպես Հայաստանի Հանրապետության հաջորդ նախագահի թեկնածու: Գագիկ Ծառուկյանի ասածները շատ անմեղ բաներ էին, պարզապես վերջին խոսքն իրենն է, ինքը վերջին հանրահավաքով ապացուցեց, որ մարդ բերողն ինքն է, և մարդիկ գալիս են իրեն լսելու, ոչ թե մյուսներին: Դա ինձ համար տխուր էր, տխուր էր Լևոն Տեր-Պետրոսյանի և Ստեփան Դեմիրճյանի համար: Ես անկեղծ սրտի ցավ ունեմ, չէի ցանկանա դա տեսնել»:

Անդրադառնալով ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի նույն հարթակում գտնվելուն, Արամ Սարգսյանը հիշեցրեց.«Նախ ասեմ, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 2003 թվականին ամբողջ ուժով իր շրջապատով պաշտպանել է Ռոբերտ Քոչարյանին, իսկ 2008 թվականին էլ կոալիցիայի մաս է կազմել Սերժ Սարգսյանի հետ: Այդ կուսակցության անդամ Վարդան Օսկանյանն արդարացնում էր դիվանագիտական մակարդակներով այն սպանդը, որը տեղի ունեցավ Մարտի 1–ին: Ասեմ ավելին` մարտի մեկից հետո Ռոբերտ Քոչարյանը էկրանների առաջ ստելով բոլորին համոզում էր, որ ինչ-որ մարդիկ դուրս են եկել մեքենաների հետևից, կրակել են ոստիկանների վրա և թաքնվել: Սակայն այդ մարդկանցից որևէ մեկին նա չգտավ` իր դատախազական անօրինական մեխանիզմներով»:

Նա նշեց, որ Վարդան Օսկանյանն էլ Քոչարյանի ասածներն արդարացնում էր միջազգային հանրության առաջ, առ այսօր ներողություն չի խնդրել և իշխանափոխություն է ցանկանում:

«Սակայն կա մի երրորդ հիմնական խնդիր` բոլոր այդ ուժերը իրենք Հայաստանի զարգացումը տեսնում են Եվրասիական միության շրջանակներում: Այսինքն` իրենք ուզում են, որ Հայաստանում ընտրությունները լինեն այնպես, ինչպես Ղազախստանում, Ռուսաստանում, Բելառուսում, այսինքն` չլինի ընդդիմություն, քանի որ այդ երկրներում չկա ընդդիմություն»,- ասաց նա և նշեց, որ այստեղի ընդդիմությունը պետք է, որ նման բան չցանկանա:

«Իսկ եթե Հայաստանը Եվրասիական տնտեսական շրջանակներում է գործելու, ապա ինչ նշանակություն ունի, թե երկրի նախագահը ով է, երկրի նախագահը Պուտինն է: Ես տեսնում եմ, որ հիմա շատերը` թեկուզ իշխանական շրջապատում «շեֆ» ասում են Պուտինին»,- ասաց նա:

Նույն շարքից