Հայաստան 

Հովիկ Աբրահամյանը խոստանում է հետևողականորեն նվազեցնել ստվերը

analitik.am

 Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի նախագծով տնտեսական քաղաքականության հիմնական շեշտադրումները դրվելու են երկու խումբ հիմնական ուղղությունների վրա. առաջին՝ գործարար միջավայրի բարելավում ու արտահանման զարգացում, երկրորդ՝ հենքային ոլորտների հետևողական զարգացում: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Տնտեսաիրավական հարաբերությունների կառուցումը պետք է ծառայի պետության նկատմամբ գործարարների վստահության ամրապնդմանը՝ որպես երկրում բարձր գործարար ակտիվության և կայուն ներդրումային հոսքերի ներգրավման երաշխիք»,-ասաց ՀՀ վարչապետը:



Աբրահամյանի խոսքով՝ մասնավոր հատվածի հետ գործընկերային հարաբերությունների կառուցման հենքը կլինի գործունեության հավասար պայմանների ապահովումն ու երաշխավորումը: «Ազգային ժողովում այժմ քննարկվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի իմաստը պետության և տնտեսվարողի համար հավասար պայմանների կիրառումն է, երկակի ստանդարտների բացառումը: Օրինակ, հիմա պետությունը գործարարին ասում է, եթե  պատվիրատուն ստացել է ապրանքը, կատարիր քո հարկային պարտավորությունները՝ անգամ եթե գումարն ամբողջությամբ չես ստացել: Սակայն, եթե նույն տնտեսվարողը ցանկանում է ստացած կանխավճարը դեռևս չհամարել հարկվող եկամուտ, պետությունն ասում է՝ ոչ հիմա հաշվարկիր: Սա անհավասար պայմաններ է ստեղծում տնտեսվարողի համար, նվազեցնում նրա շրջանառու միջոցները»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:



Նա ընդգծեց, որ հարկավոր է ցուցաբերել իրատեսական և հավասար մոտեցում առկա խնդիրները կարգավորելու համար: «Մենք նախ պետք է ազատենք փոքր բիզնեսին: Չեմ կարծում, որ մեր քայլերը հաջողություն կունենան հենց 2015թ., սակայն կարծում եմ, որ սա արդյունավետ քայլ կլինի մեր կողմից՝ ուղղված հավասար պայմանների ստեղծմանը»,- նշեց ՀՀ վարչապետը:


ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծով ներկայացված բազմաթիվ ծրագրեր նմանապես քայլ առ քայլ նպատակաուղղված են Հայաստանի մրցակցային առավելությունների բացահայտմանը և ներդրումների խրախուսմանը, լինի դա միջավայրի ձևավորման, թե ներդրումային ծրագրերի հավաքագրման և տարբեր ձևաչափերով օտաերկրյա և տեղական ներդրումների ներկայացման եղանակով: Ստվերի դեմ պայքարը ևս քայլ առ քայլ բարելավվող գործընթաց է: «Մենք կախարդական փայտիկ չունենք, որ կարողանանք վերացնել տարիներով ձևավորված արատավոր պրակտիկան, սակայն ունենք կամք և վճռականություն դա քայլ առ քայլ իրականացնելու: Մեր թիրախը խոշոր բիզնեսն է: Եվ եթե խոշոր բիզնեսին հաշվետու դարձնելու մեր քայլերը ոմանք դիտում են որպես փոքր բիզնեսին ճնշելու քայլեր, ես հայցում եմ ձեր համբերությունը և աջակցությունը: Վստահ եմ, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: Փոքր բիզնեսը մենք դիտարկում ենք որպես զբաղվածության աղբյուր և ստեղծելու ենք  պայմաններ դրա արտոնյալ աշխատանքի համար: Մենք հետևողականորեն և հաստատակամ նվազեցնելու ենք ստվերը»,- ասաց Աբրահամյանը:



 Նա ընդգծեց, որ երկակի ստանդարտների բացառման և պետություն-տնտեսվարող հարաբերությունները հնարավորինս կարգավորելու և թափանցիկ աշխատելու ուղղությամբ ակտիվորեն շարունակվելու են տեսչական բարեփոխումները: «Որքան կանոնակարգված և թափանցիկ լինեն ստուգումներն, այնքան ավելի լավ մեզ համար: Այժմ մեր մշակած օրենքի նախագիծը գտնվում է Ազգային ժողովում և կոչ եմ անում ամենայն ուշադրությամբ քննարկել և շուտափույթ ընդունել այն: Հիմնական աշխատանքներն ուղղված են լինելու տեսչություններում ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ամբողջական ներդրմանը, տեսչական համակարգի օպտիմալացման ծրագրի մեկնարկին, որն ավարտին կհասցնենք երեք տարիների ընթացքում»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նույն շարքից