Հայաստան 

Փարիզում Ադրբեջանի դիրքերը բավականին թուլացած էին և որևէ հայտարարության պատրաստ չէր. քաղաքագետ

analitik.am

Հայաստանի դիվանագիտությունը Փարիզում մի խնդիր ուներ լուծելու՝ օգոստոսի սկզբում ռազմական հաջողությունները կապիտալիզացնել բանակցություններում և, ըստ էության, դա հաջողվում էր, որովհետև զգացվում էր, որ Իլհամ Ալիևը որևէ դրույթ, որն իրենց դիրքերը կարող էր ամրապնդել բանակցություններում, չուներ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպմանը:

Նա նշեց, որ Փարիզի այս հանդիպումը օգոստոսյան լարվածության հետևանքով սկսված բանակցության շարունակությունն է, որը սկսվել է Սոչիից, այնուհետև ևս մեկ հանդիպում եղել է նաև Նյու Յորքում: «Ադրբեջանը վերադարձավ այն մտքին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն այլընտրանք չունի և բանակցային գործընթացը պետք է շարունակվի այս ֆորմատում»,- ասաց քաղաքագետը:

Նրա գնահատմամբ՝ մեծ հաշվով այս հանդիպումը դրական էր Հայաստանի համար: Ըստ նրա՝ ակնհայտ է արդեն, որ Ադրբեջանն այլևս պատերազմով չի կարող սպառնալ բանակցային գործընթացի վրա և բարենպաստ իրավիճակ է մեր դիրքերն ամրապնդելու համար:

«Ադրբեջանի դիրքերը բավականին թուլացած էին և որևէ հայտարարության պատրաստ չէր գնալու: Հիմա խոսել միասնական հայտարարության մասին բավական վաղ է»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը և նշեց, Ադրբեջանը փորձելու է ամեն ինչ անել, որ օգոստոսյան իրավիճակի ընկալումները մոռացության մատնվեն, ինչը հայկական կողմը թույլ չի տա: Նա նշեց, որ միամտություն կլինի ասել, որ մոտ ապագայում կողմերը համաձայնության կգան:

Ըստ նրա՝ Հայաստանը ցույց տվեց, որ այն երկիրը չէ, որին պետք է պաշտպանել ագրեսիայից, այլ ինքն իրեն կարողանում է պաշտպանել:

Ինչ վերաբերում է հարցին, թե ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը ինչպես կանդրադառնա ԼՂ հակամարտության կարգավորմանը, Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ դա անվտանգության լրացուցիչ գործոն կարող է լինել և ընդամենը նոր շտրիխ անվտանգության համակարգում:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահող երկրների ղեկավարներին Արցախ հրավիրելու՝ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի նախաձեռնությանը, ապա բանախոսն ասաց, որ ցավոք, այդ հրավերները շատ լսելի չեն այդ երկրներում, սակայն դրանով Արցախը ներկայացրեց իր դիրքորոշման կարևորությունը: «Բանակցությունները չեն ավարտեվելու, քանի դեռ այնտեղ չլինի Արցախի մասնակցությունը»,-հավելեց նա:

Նույն շարքից