Տնտեսություն 

Թշնամին ներսից է. Էլեկտրաէներգիայի սակագինը չի նվազելու` հակառակը

analitik.am

2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 3 մլրդ 642.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա:

ՋԷԿ-երի արտադրության ծավալը նվազել է 25.9 %-ով և կազմել 1 089.5 մլն կՎտ ժամ, ջերմային էներգիայի արտադրությունը նվազել է 36.7 %-ով: Ավելացել է ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի ծավալը։

2019 թ-ին առաջին կիսամյակում ՀԷԿ-երն արտադրել են 1 մլրդ 341.9 մլն կՎտ ժամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 8.3 %-ով:

Հայաստանի ատոմակայանն արտադրել է 1 մլրդ 203.5 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2018 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.5 %-ով:

Հողմային էլեկտրակայանների կողմից էլ այս տարվա առաջին կիսամյակում արտադրվել է 1.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, արևային էլեկտրակայաններն արտադրել են 6.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2018 թ-ի հունվար-հունիսի համեմատ աճելով 3 անգամ:

Փոքր ՀԷԿ-երը տալիս են Էլէներգիայի մոտ 40 տոկոսը:

Հիշեցնենք, որ 2011 թ-ից փոքր ՀԷԿ-երի առավելագույն հզորությունը 10 մեգավատտից հասցվեց 30 մեգավատտի, և այդ որոշման արդյունքում 26.4 մեգավատտ դրվածքային հզորությամբ ՁորաՀԷԿ-ն ընդգրկվեց ՓՀԷԿ-երի շարքում, նաև ավելացավ ՁորաՀԷԿ-ի արտադրած էլ․էներգիայի գինը: Մինչ այդ ՁորաՀԷԿ-ն էլէներգիան արժեր ՝ 5 դրամ, իսկ ներգրավվելով փոքր ՀԷԿ-երի համակարգում այն դարձավ 28.6 դրամ/կՎտժ։

Նշենք, որ Հայաստանի պոտենցիալ ջրային էներգապաշարները կազմում են 21.8 մլրդ կՎտ.ժ, այդ թվում՝ խոշոր և միջին գետերինը՝ 18.6 մլրդ կՎտ.ժ, փոքր գետերինը՝ 3.2 մլրդ կՎտ.ժ:

2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ էլ. էներգիա են արտադրել 187 փոքր ՀԷԿ-եր, որոնց գումարային դրվածքային հզորությունը կազմել է մոտ 370 ՄՎտ:

2018 թ. էլ. էներգիայի արտադրությունը փոքր ՀԷԿ-երի կողմից կազմել է մոտ 1 մլրդ. կՎտ/ժ:

Ըստ տրամադրված լիցենզիաների 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կառուցման փուլում են գտնվում ևս 28 ՓՀԷԿ, նախագծային մոտ 59 ՄՎտ գումարային հզորությամբ և 203 մլն.կՎտ/ժ էլ. էներգիայի տարեկան արտադրությամբ:

Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի մայիսի 29-ի թիվ 159-Ն որոշման 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը կազմում է՝ 24.276 դրամ/կՎտ/ժ, ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 16.181 դրամ/կՎտ/ժ, խմելու ջրատարների վրա կառուցված ՓՀԷԿ-երի էլ․էներգիայի սակագինը` 10.788 դրամ/կՎտ/ժ:

Թե ինչպես է ՀԾԿՀ-ն նման սակագներ հաշվարկել փոքր ՀԷԿ-երի համար մի փոքր մութ է, քանի որ խոսքը գնացել է զարգացնել այլընտրանքային՝ հիմնականում ՓՀԷԿ-երի ոլորտը և շահավետ լինելու համար ՀԾԿՀ-ն գնացել է նման գործարքի՝ բարձր սակագին առաջարկելով, իսկ ամենացածր սակագինը խմելու ջրատարների վրա է, այն է՝ հանգիստ աղտոտեք խմելու ջուրը`տեր չկա:

Analitik.am-ի տեղեկություններով այդ տարիներին էներգետիկայի նախարարությունում հասկանում էին ինչ է կատարվում փոքր ՀԷԿ-երի հետ, համաձայն չէին առաջարկին, սակայն այլ ելք չկար. խոշոր խաղացողներ կային, ներառյալ միջազգային կառույցները՝ իրենց վարկերով և դրամաշնորհներով և նախարարությունը զիջեց:

Ինչ ստացվեց արդյունքում, որ էլ․էներգիայի սակագինը բարձրացավ և բարձրանալու է, քանի որ այս տարիներին ՓՀԷԿ-երի արտադրած էլ․էնեգիայի բաժինը մեծանում էր ՀՀ-ի էլ․էներգիայի արտադրության մեջ և բարձր սակագնով էլ․էներգիան ենթադրում է բարձր սակագնով էլ․էներգիայի իրացում, և հնարավոր է ինչ-որ ժամանակ իջնի գազի սակագինը՝ կախված քաղաքականությունից, ապա էլ․էներգիայի սակագինը չի նվազելու, քանի որ ավելի հեշտ է օտարի հետ բանակցել, քան ինքդ քեզ հետ:

Ինչ վերաբերում է փոքր ՀԷԿ-երին, ապա ինչպես տեսնում ենք ևս 28 փոքր ՀԷԿ է կառուցվելու և կառուցվելու է, երբ ողջ մամուլը, հանրությունը խոսում է փոքր ՀԷԿ-երի աղետալի հետևանքների մասին, կենսաբազմազանության վրա ազդեցության, ջրային համակարգի աղտոտման, գյուղատնտեսության, արտագաղթի:

Եվ ի վերջո այն թանկ և սեփական էլ․էներգիան, որ օգտագործում ենք՝ հենց փոքր ՀԷԿ-երի մեղավորությունն է, և քանի որ հետագայում ևս ավելանալու է ՓՀԷԿ-երի թիվը և նրանց արտադրած անմեկնաբանելի թանկ էլ․էներգիայի քանակը հայրենի էներգետիկայում, ապա չի բացառվում, որ հետագայում ևս էլ․էներգիայի սակագինը բարձրանա՝ զուգահեռ ՓՀԷԿ-երի կառուցման. այդպես է եղել այս տարիներին, և ինչպես երևում է՝ ոչինչ չի փոխվել:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից