Վերլուծական 

Էրիկ Գրիգորյանը Արամ Ղարիբյանին հրավիրել է Չերքեզի ձոր

analitik.am

Վերջին տարիներին մամուլում շրջանառվում էին սիգի արդյունագործական նպատակներով որսի վերաբերյալ տեղեկությունները: Ժամանակի ընթացքում նաև սիգի պահածոյացման և արտահանման հարցը թափանցեց մամուլ:

Սևանի սիգի ապօրինի որսի վրա պատկան կառույցները աչք էին փակում՝ ասելով, որ ափամերձ գոտում բնակվողների սոցիալական խնդիրներն են լուծում, իսկ «սոցիալական խնդիրները լուծելու» քողի տակ, հենց Սևանի ափին սիգ էր պահածոյացվում, վաճառվում հայաստանյան խանութներում, նաև արտահանվում: Եվ քանի որ արգելված է արդյունագործական նպատակներով սիգի որսը, ապա սիգի որսը, պահածոյացումն իրացումը և արտահանումն օրենքի խախտում է, և երևի թե նորմալ երկրներում պետք է պատժվեր օրենքի ողջ խստությամբ:

Ինչո՞ւ ողջ խստությամբ, որովհետև նախ խաբում էին, որ Սևանի ափամերձ գյուղերի բնակիչների համար սոցիալական հարց է լուծվում, երբ աչք էին փակում սիգի որսի և վաճառքի վրա, երբ արգելված էր որսը: Բացի դրանից, պահածոյացվում էր սիգը և արտահանվում մաքսատնով. ոստիկանությունը, ՊԵԿ-ը, մաքսային ծառայությունը, Սևան ազգային պարկը ոչինչ չէին անում ապօրինությունը կանխելու համար:

Ոչ թե լուծելու են Սևանա լճի խնդիրները, լուծելու են ձկնապաշարների քանակի ավելացման հարցը, այլ օրինականացնելու են ապօրինությունները, ընդամենն այդքանը:

Ժամանակ առաջ Analitik.am-ին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Ղարիբյանը հավաքել է Սևանի խնդրին մոտ կանգնած մի քանի հոգու և խորհուրդ հարցրել, թե ինչպես անել, որ միայն ինքը սիգ որսա և արտահանի: Մեզ հասանելի չեղավ, թե ինչ են խոսել և ինչ խորհուրդներ տվել հավաքվածները, սակայն դրանից հետո նա արդեն պաշտոնում չէր:

Առանձնապես մամուլում չերևաց, թե ինչն է եղել Արամ Ղարիբյանի պաշտոնազրկման պատճառը:

Ի դեպ, Արամ Ղարիբյանը նաև Սերժ Սարգսյանի խորհրդականն էր եղել տևական ժամանակ:

Հետաքրքիր մեկ փաստ ևս: Երբ շրջանառվում էին սիգ պահածոյացնողների և արտահանողների անունները, շրջանառվում էր միայն «Գալիլեա» ընկերության անունը, իսկ ում է պատկանում «Էկոֆիշ» ընկերությունը, որը ևս սիգ էր պահածոյացնում և արտահանում: Պարզվում է այն պատկանում է Վարշամ Արամի Ղարիբյանին:

Հետաքրքիր է չէ՞, Սևանի ցանցավանդակային իշխանի, սիգի հետ կապված հարցերում միշտ էլ շրջանառվում է Արամ Ղարիբյանի անունը: Նրա անունը կապում են նաև Սևանի իշխանի ցանցավանդակների, Գողթ գյուղում ՀԷԿ-երի, հոլանդական վարդերի ջերմոցների, հեկտարներով մրգատու այգիների անվան հետ: Եվ, ինչպես հայտնի երգում էր ասվում, «և էլի ինչ-որ բան, և էլի ինչ-որ բան, ավաղ դավաճանում է հիշողությունս»:

Իհարկե, բիզնեսով զբաղվելը դատապարտելի չէ, սակայն խնդիրն այստեղ արգելված սիգ պահածոյացնելու և արտահանելու, Սևանա լճում ցանցավանդակային եղանակով իշխանի աճեցման հարցն է. վերջինս անգամ քննադատվեց Էրիկ Գրիգորյանի կողմից, սակայն որևէ տեղաշարժ չկա: Չի բացառվում, որ սիգի պահածոյացման և արտահանման շուրջ որոշակի գործընթացներ են գնում, և Արամ Ղարիբյանը ցանկանում էր միայն ինքն արտահանել` հանելով «Գալիլեա» ընկերությունը բիզնեսի-դաշտից:

Այժմ էլ հայտարարում են, որ նոր ներդրող է հայտնվել շուկայում, ով պատրաստ է ներդրումներ անել սիգի արդյունագործական նպատակներով որսի և արտահանման մեջ: Եվ ո՞վ է այդ ներդրողը, միգուցե Արամ Ղարիբյանը`չի բացառվում:

Հայաստանում, որպես կանոն, ներդրողները հայեր են, երբեմն տարբեր ուղիներով են ներդրումները հասցնում Հայաստան, սակայն միշտ թիրախային ներդրումներ են իրականացվում:

Սևանի պաշտպանները փորձում են Սևանը փրկել, բնապահպաններն արդեն հազարերորդ անգամ կրկնում են լճի կարևորության, կանաչման վտանգների, ձկնապաշարի ավելացման անհրաժեշտության մասին, և գալիս է մեկ մարդ՝ իր բիզնես նախագծերով, և հայրենի բնապահպանությունը հօդս է ցնդում`շրջակա միջավայրի նախարարության ակտիվ մասնակցությամբ: Հենց նախարարությունն է առաջարկել սիգի արդյունահանման պիլոտային ծրագիրը: Իսկ սիգի պաշարները Սևանա լճում բոլորովին էլ արդյունագործական չափաքանակներով չեն: Էրիկ Գրիգորյանը պիլոտային ծրագիր է անում, ո՞ւմ համար՝ Արամ Ղարիբյանի՞:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից