Տնտեսություն 

Ինչպես «չոփիկից» գինի կամ կոնյակ ստանալ

analitik.am

Շուրջ 30 կոնյակ արտադրող ընկերությունում Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսել: Հայաստան է ներմուծվում տարեկան շուրջ 1 մլն լիտր կոնյակի սպիրտ, իսկ թե ինչ է լինում այդ սպիրտը, արդյո՞ք վերածվում է կոնյակի և մաքուր կոնյակի անվան տակ իրացվում, կպարզեն:

Բացի այդ, ստուգվելու է նաև կոնյակ արտադրողների առկա պաշարները, մթերվող խաղողի ծավալները և արտադրական հնարավորությունները:

Նշենք, որ տարիներ շարունակ այս խնդիրը միշտ էլ եղել է, ոլորտի մասնագետները, փորձագետներ հաճախ են բարձրացրել կոնյակի սպիրտով պայմանավորված կոնյակի արտադրության խնդիրը, որը հարվածում է հայկական կոնյակի, նաև գինու հեղինակությանը: Գինու արտադրության ոլորտում որակի խնդիր ևս կա:

Նշենք, որ բացի կոնյակի սպիրտից կոնյակ ստանալու պրակտիկայից, կոնյակի ստացման այլ պարկտիկա ևս կա:

Analitik.am-ին պատմեցին, որ Հայաստանի գինու գործարաններից մեկում ստանում են արտերկրից լուցկու հատիկների նման հումք, որի գլխիկը լուծում են ջրի մեջ, ստացվում է կոնյակ կամ գինի` նայած հումքի: Այնպես որ, բացի կոնյակի սպիրտից, արհեստականորեն սպիրտային խմիչքներ ստանալու այլ եղանակներ ևս կան:

Ինչ վերաբերում է խաղողի մթերման ծավալներին, ապա այսօրվա դրությամբ դեռևս ամբողջ խաղողը չի մթերվել, օրինակ Վայոց ձորի Աղավնաձոր համայնքում խաղողի մթերումը դեռևս չի էլ սկսվել: Աղավնաձորում է գտնվում խաղողի Արենի հայտնի տեսակը, որն էնդեմիկ է: Խաղողագործները մտավախություն ունեն, որ խաղողի մթերման գները արհեստականորեն կնվազեցնեն 160-150 դրամից, որը հարվածելու է խաղողի արտադրությանը:

Նշենք, որ Վրաստանում մեկ կգ խաղողը մոտավորապես մթերվում է 330 դրամին համարժեք, սակայն հայ խաղողագործները չեն կարող խաղողի արտահանում կազմակերպել Վրաստան, քանի որ վրացի արտադրողին պաշտպանելու համար Վրաստանը բարձր մաքսատուրքեր է սահմանել խաղողի ներկրման համար: Մնում է հուսալ, որ ՏՄՊՊՀ-ն կարող է վերհանել անբարեխիղճ կոնյակ արտադրող տնտեսվարողներին, և խաղողի արտադրությունը չի հայտնվի կաթվածահար վիճակում:

Նշենք, որ առանց 1 մլն կոնյակի սպիրտի ներկրման փաստի` ակնհայտ է, որ եթե հանրապետությունում խաղողի այգիների տարածքները կրճատվում են, իսկ կոնյակի արտադրությունը աճում, ապա ոլորտում որակի և անբերեխղճության խնդիր կա: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 17,763.7 հազար լիտր կոնյակ, իսկ 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալները աճել են 44%-ով։  2018թ. հունվար - դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 30,751.9 հազար լիտր կոնյակ։ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 2.5%-ով։

2017թ.-ին Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 39.4%-ով և կազմել 30,010.6 հազար լիտր, 2016թ.-ին արտադրության ծավալներն աճել են 27%-ով և կազմել 21,529.2 հազար լիտր։ 2015թ․-ին՝ նվազել 9.4%-ով և կազմել 16.9 մլն լիտր։ 2014թ․-ին անկումը կազմել է 8% և արձանագրվել 18.7 մլն լիտր ցուցանիշը, իսկ 2009-2013 թվականների ընթացքում, կոնյակի արտադրության ոլորտում գրանցվել է շարունակական աճ:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից