Բիզնես 

Ինչո՞ւ դիմել հաշվապահական ընկերությանը, այլ ոչ թե անհատ հաշվապահին

analitik.am

Վերջին տարիներին հայաստանյան շուկայում  հաշվապահական ընկերությունները «սնկի պես աճում են»:  Սա ինքնին նշանակում է, որ նման ընկերությունների պահանջարկը մեր երկրում ավելանում է:  Այդ ընկերություններում սկսում են աշխատել հաշվապահներ, որոնց մի մասը նախկինում ոչ թե հաշվապահական ընկերությունների ներկայացուցիչներ են եղել, այլ՝ հաշվապահի կրթությամբ  անհատ մասնագետներ:

 

 

Ըստ  «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի՝ կազմակերպության հաշվապահությամբ կարող է զբաղվել աշխատակից հաշվապահը, տնօրենը կամ մասնագիտացված կազմակեպությունը: Փորձենք հասկանալ, թե ինչով է պայմանավորված հաշվապահական ընկերությունների թվի աճը ու որոնք են հաշվապահ աշխատակից ունենալու և այդ պարտականությունը հաշվապահական ընկերությանը վստահելու տարբերությունները:

 

Analitik.am-ի հետ զրույցում «Փարվանյան Քոնսալթինգ»  հաշվապահական, խորհրդատվական ընկերության տնօրեն Դավիթ Հովակիմյանը  համաձայնեց, որ Հայաստանում հաշվապահական ընկերությունների նկատմամբ պահանջարկն աճում է: «Նման ընկերությունների թվի աճի ևս մեկ պատճառ կա: Ով կարծում է, որ ինքը հաշվապահությունից կամ գոնե՝ հարկային հաշվառումից հասկանում է, ապա նման ընկերություն է հիմնում: Դա, սակայն, ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է: Մենք օրինակ, շատ լուրջ են վերաբերում այդ ամենին, և մեր ընկերությունը հիմնել ենք տարիների կուտակած փորձի հիման վրա: Փորձն ու գիտելիքն այս հարցում գլխավոր դերակատարներն են»,- ասաց Դ. Հովակիմյանը:

 

Ըստ նրա՝ երբ կազմակերպության հաշվապահությամբ զբաղվում է տնօրենը կամ հաշվապահ աշխատակիցը, որոնք լավ չեն տիրապետում հաշվապահությանը և դրա նուրբ կողմերին, տվյալ կազմակերպությունը  ռիսկերի առաջ է կանգնում: Նա կարծում է, որ առհասարակ, Հայաստանում  դեռևս ներդրված չէ հաշվապահական հաշվառման ստանդարտներով հաշվապահություն իրականացնելու  մշակույթը: Այսինքն, ըստ էության, այսօր հայաստանյան կազմակեպությունները ավելի շատ ուշադրություն են դարձնում հարկային հաշվառմանը՝ մոռնալով կառավարչական, կամ, օրինակ, ֆինանսական հաշվառման մասին: «Մինչդեռ հաշվապահական հաշվառումը շատ լուրջ ոլորտ է, որը ենթադրում է համապատասխան գործառնությունների ճիշտ դասակարգում, ճիշտ ձևակեպում և մոտեցումներ միջազգային ստանդարտների համապատասխան:  Ճիշտ հաշվապահական հաշվառումը բիզնեսի կառավարիչներին, մենեջերներին, գործադիրներին և այլոց ցույց է տալիս իրենց բիզնեսի արդյունավետության մակարդակը, ցուցանիշներ, որոնց հիման վրա հնարավոր է վերլուծություններ և եզրահանգումներ կատարել: Հայաստանում  այսօր դրան շատ քիչ են ուշադրություն դարձնում: Դրանք հիմնական այն կազմակերպություններն են, որոնք բացվել են օտարերկրյա ներդրումների հիման վրա:  Չնայած որ ՀՀ հաշվառման ստադարտներն ամրագրված են օրենքով,  սակայն դրանց չկիրառումը կամ մասամբ կիրառումը  չեն հանգեցնում վարչական լուրջ կամ այլ բնույթի պատախանատվության, ուստի ռիսկեր չեն առաջացնում:

 

Ըստ նրա՝ հարկային հաշվառման հետ կապված ռիսկերն հատկապես առաջ են գալիս այն ժամանակ, երբ հարկային դաշտի վերաբերյալ օրենքներում փոփոխություններ են կատարվում: «Փարվանյան Քոնսալթինգ»-ի տնօրենի կարծիքով՝ այդ փոփոխությունները Հայաստանում հաճախ են տեղի ունենում: «Իհարկե, դա ռիսկեր է առաջացնում, քանի  որ մասնագետը, որը   ոչ բավարար փորձ ու գիտելիք ունի տվյալ բնագավառում, չի կարողանում ճիշտ գնահատել ու ընկալել համապատասխան ռիսկերը»,- ասաց նա:

 

 

Նշված ռիկսն առաջ է գալիս, երբ կազմակերպության տնօրենը կամ հաշվապահ աշխատակիցը չեն ունենում բավարար փորձ ու գիտելիք: Իսկ եթե հակառակն է լինում՝ հաշվապահը բանիմաց է և խելացի, այդ դեպքում ո՞րն է hաշվապահական ըներությանը դիմելու իմաստը: Ըստ Դ. Հովակիմյանի իմաստն այն է, որ հաշվապահական ընկերություններում մեկ կազմակերպության հաշվապահությամբ զբաղվում է ոչ թե 1 հոգի, այլ թիմ: Սա հնարավորություն է տալիս իրավիճակներն ու ռիսկերը ճիշտ գնահատել:

 

 

«Հաշվապահական հաշվառում իրականացնող ընեկրություններն աշխատում են զուգահեռաբար մի քանի կազմակերպությունների հետ և համեմատում են իրավիճակները տվյալ կազմակերպություններում, քննարկումներ կազմակերպում, թերությունները բացահայտվում են, ինչը թույլ է տալիս նշված կազմակերպությանը զերծ պահել խնդիրներից: Այս ամենը մեկ անձը չի կարող իրականացնել, դա թիմային լուրջ աշխատանք է պահանջում: Մասնագիտական վեճի արդյունքում բացահայտվում է ճիշտ մոտեցում տվյալ հարցի պարագայում: Իսկ 1 հոգին՝ անգամ որակյալ մասնագետը, դա անել չի կարող: Այդ խնդիրը լուծում է hաշվապահական հաշվառման աութսորսինգը: (Աութսորսինգը կազմակերպության կողմից որոշակի բիզնես-գործընթացների կամ արտադրական գործառույթների հանձնումն է համապատասխան բնագավառում մասնագիտացող մեկ այլ ընկերության սպասարկմանը – հեղ.)»,- համոզված է «Փարվանյան Քոնսալթինգ»-ի տնօրենը:

 

 

Ըստ նրա՝ հաշվապահական ընկերությունների մյուս առավելությունը ֆինանսական ռիսկերի հետ է  կապված: «Սովորաբար աութսորսինգ իրականացնող ընկերությունները, այդ թվում՝ մերը, իրենց ուսերի վրա են վերցնում հաճախորդին պատճառված ֆինանսական վնասների փոխհատուցումը: Դրանք այն վնասներն են, որոնք առաջացել են աութսորսինգ իրականացնող ընկերության թերացման պատճառով, օրինակ՝ հարկային ստուգումների արդյունքում: Դա օրենքով  ամրագրված չէ, բայց  մենք դա պայմանագրով ենք ամրագրում: Իսկ անհատ հաշվապահներն այդ պարտավորությունը չեն ստանձնում: Բացի դա, սովորաբար, աութսորսինգ իրականացնող ընկերությունների ծառայություններն ավելի մատչելի են լինում, քան անհատ հաշվապահինը: Իհարկե, լինում են նաև բացառություններ»,- եզրափակեց Դ. Հովակիմյանը:

 


Լուսինե Բարսեղյան

Նույն շարքից