Քաղաքականություն 

«Ձևականությունը փնտրեք իշխանության ճամբարում». Վահան Բաբայան

analitik.am

Ներքաղաքական և երիտասարդության հիմնախնդիրներին առնչվող հարցերի շուրջ Analitik.am-ը զրուցեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վահան Բաբայանի հետ:


- Պարոն Բաբայան, ի՞նչ զարգացումներ եք տեսնում ներքաղաքական դաշտում: Ընդդիմության կողմից անցկացվող հանրահավաքներն ո՞ր փուլում են, և ե՞րբ է նախատեսվում հաջորդ հանրահավաքը:


Հանրահավաքների անցկացումը ինքնանպատակ չէ և դա մեր ստրատեգիայի մի մասն է: Մեր նպատակը երկրում իրականացվելիք փոփոխությունների սկիզբն է,որի հիմքը մենք դրեցինք: Ժամկետ այս պահին չեմ կարող նշել:


- ԵՏՄ-ին Հայաստանի մասնակցության պայմանագրին կողմ քվեարկեց ընդդիմության մեծամասնությունը: Ստացվում է` վերջիններս, որոնք իրենց հայտարարություններով մշտապես ժխտողական դիրքորոշում էին ցուցաբերում անդամակցությանը, փաստացի կողմ քվեարկեցին: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հանգամանքը: Կարելի՞ է ասել` Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա և ողջը ձևականություն է:


 Հայաստանում ամեն ինչի ճգնաժամ է, այդ թվում արդեն ֆինանսական, որը իր հերթին կբերի մեր քաղաքացիների աղքատության մեծացմանը և արտագաղթի տեմպերի մեծացմանը: Ձևականություն փնտրեք իշխանության ճամբարում:


- Վերջին օրերին տեղի ունեցող բռնությունները, ըստ Ձեզ, ո՞ւմ է ձեռնտու, կամ ինչի՞ հետ եք այն կապում:


Բռնությունները, որոնք կատարվեցին վերջին օրերին մեր քաղաքական դաշտի պատկերն են և սա դեռ սկիզբն է: Ցավոք, մենք դեռ ապրում ենք ոչ ժողովրդավար երկրներին համահունչ և սա լուրջ մտածելու տեղիք է տալիս` թե մենք ուր ենք գնում:


- Բռնությունների վերաբերյալ ԱԺ ոչ իշխանական ուժերը պատրաստվո՞ւմ են այլ քայլերի դիմել:


Մենք արդեն պահանջել ենք ներքին զորքերի հրամանատարի հրաժարականը և համաժողովրդական շարժումը հայտարարություն է արել այս կապակցությամբ:


- Պարոն Բաբայան, Հայաստանն աղքատությունից դուրս հանելու և մնացած սոցիալական խնդիրների լուծման ի՞նչ ուղիներ եք տեսնում:


-Կարճ կպատասխանեմ` իշխանափոխություն:

 

- Այսօր տասնյակ հազարավոր երիտասարդներ հակված են արտագաղթելու, քանի որ չեն բավարարվում նրանց ամենատարրական պահանջները. ի՞նչ լուծումներ եք տեսնում այս իրավիճակում:


- Գիտեմ, նույնիսկ իմ շրջապատից շատերը այսօր լքել են կամ լքում են երկիրը, և այդ մարդկանց արդեն դժվար է մեղադրել, որովհետև որքան էլ մարդ հույսը չկորցնի, հավատա լավ ապագային, գալիս է մի պահ, երբ նա պարզապես գոյատևելու խնդիր ունի: Ու ամենացավալին ոչ թե սոցիալական խնդիրներն են, այլ հենց այդ հույսի բացակայությունն է: Երիտասարդներին այս պահին ամենաշատը աշխատանքի և ապագայի խնդիրն է հուզում, որը այս պահին բավականին մշուշոտ է:


- Վերջին տարիներին իրականացվում է պետական երիտասարդական քաղաքականություն. ինչպե՞ս եք գնահատում այն և բարեփոխումների կարիք ունի՞ այն:


- Դեռ 2011թ.-ին իմ նախաձեռնությամբ Ծաղկաձորյան հայտնի ֆորումի ընթացքում մենք քննարկման ներկայացրեցինք Երիտասարդական քաղաքականության նոր ռազմավարությունը, որը հավանության արժանացավ նաև ԱՊՀ երկրներից ժամանած պատվիրակների կողմից, բայց մինչ դա քննարկվում էր, սկսվեց նախընտրական պայքարը, իսկ հետո, ինչպես գիտեք, ԲՀԿ-ն դուրս եկավ կոալիցիայից, և ռազմավարությունը իրականություն չդարձավ: Այսօր կարծես թե կա ռազմավարություն, բայց նախ դրա մեծ մասը չի իրականանում բյուջեի սղության պատճառով, իսկ գլխավոր պատճառը քաղաքական կամքի բացակայությունն է, որը համընդհանուր խնդիր է:

 

- Դուք նաև հանդիպումներ եք ունենում հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների հետ, ի՞նչ մտահոգություններ են հնչեցվում նրանց կողմից և ի՞նչ արդյունքների եք կարող հանգել:

 

- Այսօր բոլորի խնդիրը մեկն է, մարդիկ ուզում են ուղղակի լավ ապրել և ունեն դրա իրավունքը, իսկ իշխանությունները եթե սկզբնական շրջանում մարդկանց բացատրում էին, թե պատճառը համաշխարհային ճգնաժամն է, ապա այսօր արդեն կարծես միտումնավոր դժվարացնում են մարդկանց կյանքը՝ օրեցօր մի խնդիր ավելացնելով: Մեր նպատակը մարդկանց, խմբերի, կազմակերպությունների ու քաղաքական ուժերի դժգոհության համախմբումն է, որպեսզի իշխանությունները ևս տեսնեն, որ դժգոհ են ոչ 10-20 հազար մարդ, այլ գրեթե բոլորը, ինչն, իհարկե, բարդ աշխատանք է, բայց անցնցում իշխանափոխության այլ ճանապարհ չկա:


Հասմիկ Մովսիսյան

 

Նույն շարքից