Տնտեսություն 

Էտ օրենք հանողը կարա՞ մի հատ ցուլ տեղափոխի, որ տենց օրենք ա գրել. անասնապահների դժգոհությունը սպանդանոցային համակարգից

analitik.am

2020 թ. հունվարի 15-ից Հանրապետության ողջ տարածքում թարմ միս օգտագործող բոլոր ոլորտների համար մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր է:

Այսօր արդեն անասնապահները բողոքի ակցիա էին անում կառավարության դիմաց, պահանջելով չեղարկել այդ որոշումը: Պատճառը դեռևս չձևավորված համակարգն է ու սպանդանոցային մորթի անհարմարությունները:

Ակցիայի մասնակիցներից մեկը նշել է, որ միայն տեսնել է պետք, թե ինչ է կատարվում սպանդանոցում, ամեն տեղ առնետ ու մուկ է պտտվում, իսկ բակերում մորթը կատարվում է մաքուր պայմաններում:

Նրանք նշել են նաև կենդանու տեղափոխման անհարմարությունների մասին: Օրինակ՝ Արարատի մարզում կա մեկ սպանդանոց՝ Մասիս քաղաքում, իսկ հեռավոր Պարույր Սևակ գյուղից պետք է կտրեն-անցնեն մոտ 100 կմ ճանապարհ և կենդանիներին հասցնեն Մասիս։ Բացի այդ, խոշոր եղջերավորներին գոմից դուրս հանելը, տեղափոխելը լուրջ մարդկային ռեսուրսներ են պահանջում`մենակ մարդը չի կարող մի քանի անասուն տեղափոխել և այլն:

Ֆերմերներից մեկն էլ նշել է՝ եթե ոչխար են տանում մորթելու, ասում են՝ այսօր մոլլան այստեղ չի, թողեք այստեղ, կամ երեք օրից ոչխարներին բերեք: Եվ եթե զանգում են սպանդանոց՝ որևէ հարցի կոնկրետ չեն պատասխանում:

Նշենք, որ կառավարության դիմաց դժգոհում էին հիմնականում Արմավիրի և Արարատի մարզի բնակիչները:

Analitik.am-ի հետ զրույցում Արարատի մարզի բնակիչ Բաբկենը, ով ժամանակ առ ժամանակ խոզ է պահում ասաց, որ այս օրենքը գյուղացու համար չէ․ «Ես իմ երեք խոզը ո՞նց եմ տանելու սպանդանոց հասցնեմ, փող է պետք։ Ես դեռ Մասիսի սպանդանոցին մոտ եմ, բա հեռու տեղերից ո՞նց են բերելու: Գիտես չէ, որ խոզը բեսամթ կծում է, բա որ կծեց: Իսկ ցուլերին տեղափոխելը մի ամբողջ պատմություն է: Էտ օրենք հանողը կարա՞ մի հատ ցուլ տեղափոխի, որ տենց օրենք է գրել»,- ասաց նա և հավելեց, թե չի հավատում, որ սպանդանոցում իր խոզերի միսն են իրեն տալու. պարզապես չի վստահում:

Բաբկենի խոսքով, եթե ինքը պայմանավորվում է մսի խանութի հետ, որ միսը հանձնի, ապա մի ամբողջ օր պետք է գնան սպանդանոց գան երկուսով կամ մի քանի հոգով, որպեսզի կարողանան 3 խոզի մսի մորթի, վաճառքի հարցերը լուծեն:

«Հավայի օրենք ա: Տեսնես, էդ օրենք հանողները կենդանի պահե՞լ են, գիտեն ոնց են խոզ կամ կով պահում: Եթե ես պիտի օրերով զբաղվեմ խոզերի մորթով, մեքենա ճարեմ, որ հասցնեմ սպանդանոց, միս առնողի հետ մի երկու օր քնեմ սպանդանոցի դռները, էնա ոչ խոզ կպահեմ, ոչ էլ անասուն»,-ասաց նա:

Կինն արձագանքում է, որ իրենք խոզ են պահում իրենց հոգսը հոգալու համար, և եթե շտապ գումար է պետք և հիվանդ կա՝ ո՞վ է զբաղվելու խոզերի մորթով, վաճառքով։

«Առանց մարդկանց կարծիքը հարցնելու օրենք են հանում։ Ո՞վ է տեսել տենց բան: Փոխանակ աջակցեն գյուղացուն՝ ջուր տան, հոգսը թեթևացնեն՝ գցում են դռները, վերջում էլ խոզ ու կով չենք պահելու ու երկրից թողնեք գնանք՝ ապրելու տեղ գտնենք»,-ասաց Բաբկենը

Հիշեցնենք, որ Հայաստանում դեռևս յուրաքանչյուր մարզում սպանդանոցների հարցը կարգավորված չէ:

Օրինակ Նոյեմբերյանի տարածաշրջանում սահմանակից 8 գյուղերին սպասարկող մեկ սպանդանոց կա Նոյեմբերյան քաղաքում, որն ունի փաստաթղթային խնդիր։ Իսկ թե ինչպես պետք է այս հարցը լուծվի՝ Analitik.am-ին ՀՀ Սննդի անվտանգության տեսչական մարմինն ուղարկել է հետևյալ պատասխանը․ «Սննդի անվտանգության տեսչական մարմինն իրականացնելու է իր տեսչական գործառույթները, իսկ տարածքային, հողային խնդիրները պետք է կարգավորեն համապատասխան պատկան մարմինները: Ամբողջ 2019թ. ընթացքում մենք խորհրդատվական և իրազեկման աշխատանքներ են արել, գրեթե յուրաքանչյուր սպանդանոցի տիրոջ ու ֆերմերի, տեղական ինքնակառավարման մարմինների ու մարզպետների հետ ենք խոսել, բացատրել: Բոլորը տեղեկացված են ու պետք է պատրաստ լինեն, խնդիրները պետք է լուծեն»:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից