Տնտեսություն 

ժանտա՞խտ, թե՞ թունավորում. Խոզերի անկումը Աքորիում շարունակվում է

analitik.am

Օրերս Լոռու մարզի Աքորի համայնքի անասնապահները բարձրաձայնել էին համայնքում խոզերի անկման մասին:

Այս գիշեր ոչ մի խոզ չի սատկել, անասնագոմերը մի տեղ են հավաքված: Մի անասնապահից մեկ խոզ, մյուսից՝ 6, էն մյուսից՝ 7 խոզ են սատկել: Այդքանը գիտեմ: Մնացած խոզերն առողջ են, անասնաբույժները տեղում են, տեսնեն ինչ ենք անում: Այդքան տեղեկություն ունեմ, հենց հիմա այնտեղից եմ գալիս։ Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում ասաց Աքորի գյուղի վարչական ղեկավար Հրահատ Սիմոնյանը, հավելելով, որ այս պահին էլ հիվանդ կենդանիներ կան, մասնագետները փորձում են գտնել պատճառը։

«Ըստ անասնաբույժի թունավորում է, իսկ ըստ խոզերի տերերի՝ ժանտախտ, պատվաստումներ են արվել»,-ասաց նա և հաղորդեց, որ Աքորիում խոզերի գլխաքանակի անկումը, անասնաբույժի փոխանցմամբ, սկսվել է  2019 թվականի դեկտեմբերի 24-ից:

Ըստ նրա, այս պահին էլ անասնապահներից մեկի մոտ հիվանդ խոզեր կան, պառկած են և կեր չեն ուտում, դեռ չեն սատկել: Չբացառեց, որ կարող են հիվանդ խոզերն առողջանալ. փակ տարածքում են պահում խոզերին:

Սիմոնյանը հայտնեց, որ վերջին անգամ Աքորիում խոզերի անկում է գրանցվել 2013 թվականին, գյուղում նաև կարանտին էր հայտարարված:

Ըստ Աքորի գյուղի վարչական ղեկավարի, անասնապահներից մեկի խոզերն առողջ են, տարել է սար՝ Լալվարի վրա, որպեսզի չվարակվեն, այնտեղ իհարկե բաց ռեժիմով են խոզերին պահում․ «Հիմա գյուղի փողոցներում ոչ մի խոզ չես տեսնի, բոլորը փակ են պահում: Մեզ մոտ անասնապահությունն այդպես զարգացած չէ, ով խոզ ունի, փակ տարածքում է պահում»,-ասաց նա՝ նշելով, որ խոզերից նմուշառում են կատարել և ուղարկել լաբորատորիա, շուտով պատասխանը կգա:

Նշենք, որ Աքորիի բնակիչ Կարեն Ավետյանի ֆերմայում խոզեր են սատկում և այժմ էլ հիվանդ կեդանիներ կան:

Նա նաև հայտնեց, որ Աքորիում հիվանդ խոզեր են եղել, մարդիկ մորթել-վաճառել են, առանց պարզելու հիվանդության պատճառը, իսկ ներքին օրգանները նետել դուրս, որն էլ ըստ նրա, դարձել է վարակի տարածման պատճառ:

Ըստ նրա, Աքորիում 10 ընտանիքում գրանցվել է խոզերի անկում, սակայն չեն բարձրաձայնել, քանի որ անկելու դեպքում պետությունը չի փոխհատուցում, իսկ փոխհատուցելու պարագայում հիվանդ խոզի դեպքը կբարձրաձայնեին. մարդիկ վարկեր ունեն վճարելու և վարակը չէր տարածվի:

Ավետյանը դժգոհ է անասնաբուժական ծառայությունների ցածր մակարդակից, գտնում է, որ ո՛չ իրազեկում կա, ո՛չ կանխարգելում, ո՛չ էլ փոխհատուցում: Նա խիստ կասկածում է, որ լաբորատոր հետազոտութուններից հետո ճիշտ պատասխանը կներկայացնեն, քանի որ 2013 թվականի անկումներից հետո, երբ գյուղում աֆրիկյան ժանտախտ էր, դարձյալ չասացին խոզերի անկելու բուն պատճառը: Հիմա նա կասկածում է կամ խոզերի դասական, կամ աֆրիկյան ժանտախտ:

Սննդի անվտանգության տեսչական մարմնի մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը Analitik.am-ին ասաց, որ Աքորիում խոզերի անկումը Տավուշի և Լոռու մարզերում գրանցված միակ դեպքն է:

«Խոզերի անկման թվային տվյալները դեռ ամփոփված չեն: Խոզերից նմուշառում է արվել՝ անկման պատճառը պարզելու համար»,-նշեց Հարությունյանը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից