Տնտեսություն 

Ի՞նչ է թաքնված Նիկոլ Փաշինյանի մատնանշած տնտեսական աճի տիրույթում

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2019-ի արդյունքներով մշակող արդյունաբերությունն աճելով 12 %-ով՝ 2008-ից ի վեր առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում առաջինն է տնտեսության բոլոր ոլորտների թվում՝ ապահովելով 12.1 % կշիռ: Սա նշանակում է, որ մեր երկրի արտադրական պոտենցիալը վերականգնվում է և զարգանում:

ՀՀ տնտեսության մեջ ամենաարագ աճն արձանագրել է կացության և հանրային սննդի ոլորտում ծառայությունների ոլորտը՝ 27.2%, ինչը զբոսաշրջության ոլորտի բարձր աճի արդյունք է:

Երկրորդ բարձր ոլորտային աճը արձանագրել են ֆինանսական և ապահովագրական ծառայությունները` 22% տոկոս, ինչը վարկերի տոկոսների հետագա նվազման հույսեր է տալիս:

Analitik.am-ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշեց, որ 2019 թվականին գրանցվել է 7.6 տոկոս տնտեսական աճ, սակայն այս ցուցանիշը փոփոխական է, հնարավոր է վերանայվի մինչև հունիս:

Նրա խոսքով, տնտեսական աճի 5.3 տոկոսը բաժին է ընկնում առևտրին և ծառայություններին: Առևտուրն ու ծառայությունները պայմանավորված չէ մարդկանց կենսամակարդակի աճով, այլ հիմնականում ստվերի բացահայտմամբ, որը սակայն տնտեսական զարգացման, բարեկեցության վրա շատ չնչին ազդեցություն ունի:

«Հաշվի առնենք, որ նույն առևտրի ոլորտում ունենք 9 տոկոս աճ, որը հիմնականում ի վնաս փոքր ու միջին խանութների և կրպակների ապահովել են խոշոր խանութներն ու սուպերմարկետները: Բազմաթիվ փոքր ու միջին խանութներ փակվել են և, ըստ էության, սուպերմարկետները փոքր բիզնեսից վերցրել են նրանց մասնաբաժինը»,-ասաց Պարսյանը:

Ինչ վերաբերում է ծառայությունների ոլորտին, ապա ըստ նրա, ծառայությունների դեպքում հստակ աճ արձանագրվել է շահումով խաղեր ոլորտում, որի ազդեցությունը տնտեսության, հասարակության կենսամակարդակի վրա շատ փոքր է:

«Մենք կարիք ունենք տնտեսության ներառականությանը, որը նշանակում է, որ տնտեսական աճից հասարակության որ մասը է օգտվում: Հիմա ներառական աճ  ապահովում է Նորվեգիան, որն առաջին տեղում է: Ներառական աճն ունի  սոցիալական, տնտեսական, բնապահպանական, կրթական բաղադրիչ»,-ասաց տնտեսագետը և հավելեց, որ ոչ մեր կրթության, ոչ էլ առողջապահության ոլորտը որակյալ և մատչելի չի դարձել, իսկ բնապահպանական խնդիրները սրվել են:

«Հանքարդյունաբերության ոլորտում աճ է գրանցվել, սակայն դա տեղի է ունեցել ի հաշիվ հաջորդ սերունդների: Եվ մենք ի հաշիվ հաջորդ սերունդների աճ ենք գրանցել և դա որպես ձեռքբերում ենք նշում, բայց ոչինչ էլ չենք թողնում հաջորդ սերունդներին, բացի պարտքերից»,-ասաց Պարսյանը և մատնանշեց, որ կառավարությունը վերջին 3-4 ամիսներին կրկին 500 մլն դոլարի վարկ է վերցրել:

Ըստ տնտեսագետի, Կենտրոնական բանկում  մոտ 600 մլն դոլար չծախսված գումար կա, սակայն երկիրը վարկ է վերցնում։ Սա պետական ֆինանսների կառավարման տեսանկյունից անարդյունավետ մոտեցում է, երբ երկիրը չի կարողանում սեփական գումարներն արդյունավետ ծախսել:

Ինչ վերաբերում է վերցված վարկերին, նա նշեց, որ այդ վարկերը ևս չեն ուղղվել երկրում տնտեսական ներառականության զարգացմանը, ոչ էլ երկարաժամկետ տնտեսական զարգացման հիմք է դրվել:

«Երկրի վարկային փաթեթներն ավելացել են, սակայն մեր հասարակությունը դրանից ևս չի օգտվել»,-շեշտեց Պարսյանը:

Նույն շարքից