Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն 

Իրանում կորոնավիրուսից մեկ օրում մոտ 50 մարդ է մահացել

analitik.am

Իրանում կորոնավիրուսով վարակված 50 մարդ է մահացել մեկ օրում: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցչին, սա առավելագույն ցուցանիշն է, որը գրանցվել է փետրվարի 19-ից ի վեր:

Մինչ օրս, նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված, հիվանդությունից Իրանում 194 մարդ է մահացել: Ելույթ ունենալով իրանական հեռուստաալիքով՝ պաշտոնյան հայտնել է, որ վերջին երկու օրում երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի «հարաբերական նվազում» է նկատվում:

Մարտի 6-ին Իրանում հիվանդացության 1234 ռեկորդային դեպք է արձանագրվել, սակայն վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 743 դեպք է գրանցվել: Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 6566 մարդ, 2134-ը բուժվել են:

Ամենից շատ հիվանդացության դեպքեր են արձանագրվել Թեհրանում (1705), Ղոմում (685), Մազանդերանում (620), Գիլյանում (496), Սպահանում (564):

Իրանի իշխանությունները մի շարք միջոցներ են ձեռնարկել՝ վիրուսի տարածումը կանխելու համար, այդ թվում՝ չեղարկել են դասընթացներն ուսումնական հաստատություններում՝ մինչև իրանական Նոր տարին (Նովռուզ)՝ մարտի 20-ը, որից հետո կմեկնարկեն ամանորյա արձակուրդները:

Իրանում սահմանափակվել է նաև մարդկանց տեղաշարժը, որոնց մոտ կորոնավիրուսով վարակված լինելու կասկած կա:

Բացի այդ, իրանական Iran Air ավիաընկերությունը դադարեցրել է չվերթները դեպի Եվրոպա:

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման 107 352 դեպք է գրանցվել, մահացել է 3646 մարդ, բուժվել՝ 60 558-ը:

Նույն շարքից