Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Հնարավոր չէ ու իմաստ չկա մեկուսացնել Հայաստան ժամանող բոլոր ուղևորներին. Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին

analitik.am

 

Հնարավոր չէ մեկուսացնել Հայաստան ժամանող բոլոր ուղևորներին: Դա հնարավոր չէ որևէ երկրում: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ ամեն ինչ արվում է հակահամաճարակային միջազգային խորհուրդների համաձայն. «Մեկուսացում ցուցված է միայն հաստատված դեպքի անմիջական կոնտակտներին, ինչով մենք զբաղվել ենք միշտ ու զբաղվում ենք նաև հիմա»:

Ինչ վերաբերում է երեկ հայտնաբերված երեք պացիենտներին, Թորոսյանը նշել է, որ նրանց մասով արվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները. «Մի դեպքում ունենք մեծ շրջանակ, որոնցից բոլորը հայտնի են:

Այդ շրջանակը կարող է լինել խանութում առևտուր, հարևանի հետ շփվել և այլն: Շրջանակը հնարավոր է մինչև 50 հոգի դառնալ: Նաև մեծ է Իտալիայի քաղաքացու շրջանակը, նրանք բոլորը միանգամից մեկուսացվել են իրենց բնակավայրերում: Դա առանձնացված շենք է: Այն Երևանում է»:

Արսեն Թորոսյանը նշեց, որ հնարավոր չէ ու իմաստ էլ չկա մեկուսացնելու Հայաստան ժամանող հարյուրավոր քաղաքացիներին. «Դա վերաբերում է նաև Իտալիայից, Չինաստանի, Իրանից ժամանողներին: Խնդիրն այն է, որ դեպքը վաղ հայտնաբերվի, թեստավորվի, կոնտակների շրջանակը հայտնաբերվի, փոխանցման ուղին կոտրվի:

Դրանից ավել բան որևէ վարակիչ հիվանդության դեպքում չի արվում»:

Նախարարը հիշեցրեց անցած տարվա կարմրուկի բերովի դեպքը, որի ժամանակ ևս նույն գործողություններն են կատարվել:

 

Նույն շարքից