Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Եթե ես հենց հիմա ձեզանից որևէ մեկից վարակվեմ կորոնավիրուսով, այս պահին չեմ դառնա վարակակիր. Արսեն Թորոսյանը՝ լրագրողներին

analitik.am

 

Ունենք նոր իրավիճակ ու որոշումն էլ կկայացվի այդ նոր իրավիճակի վերաբերյալ: Այս պահին որոշումը կայացված չէ, հակառակ դեպքում ես կհայտնեի: Սակայն չի բացառվում, որ որևէ սահմանափակող միջոցառում տեղի ունենա այդ թվում նաև հանրային հավաքների հետ կապված:

Մենք բազմիցս նշել ենք, որ հանրային առողջությունն ամենակարևորն է մեզ համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ կոչ անելով հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին:

Թորոսյանը նշեց, որ երեկվա դրությամբ Ծաղկաձորում կար 46 մեկուսացված անձ և 6 ընտանիք Երևանում. «Այս պահին էլ մեկուսացման գործընթացներ են տեղի ունենում, չի բացառվում, որ թիվն աճի»:

Նախարարը չբացառեց, որ առաջիկայում Ծաղկաձոր տեղափոխված 31 քաղաքացիները տուն կուղարկվեն, սակայն դա կարվի ստուգումներից հետո:

Թորոսյանը կոչ արեց համաճարակի օջախ հանդիսացող վայրերից Հայաստան ժամանածներին սահմանափակել շփումները և ինքնամեկուսանալ. «Եվ ամենակարևորը՝ գանգատների ի հայտ գալու դեպքում պետք չէ զբաղվել ինքնաբուժմամբ: Պետք է անմիջապես հայտնել մեր ծառայություններին, որպեսզի մենք կարողանանք թեստ դնել»:

Նախարարը նաև նշեց, որ վարակված անձն այս պահին վարակակիր չէ. «Եթե ես հենց հիմա ձեզանից որևէ մեկից վարակվեմ կորոնավիրուսով, ես մեկ րոպե, 5 րոպե, 2 օր հետո վարակակիր չեմ լինի: Վիրուսի մեծ քանակ է պետք, որպեսզի այն արտազատվի ու մյուսներին վարակի: Հետևաբար այսօրվա սխեման միակ գործողն է հիվանդության տարածումը կանխելու համար»:

Հարցին, թե ինչ է ենթադրում ինքնամեկուսացումը, նախարարը պարզաբանեց՝ մնալ տանը, եթե հնարավոր է՝ առանձին սենյակում ու սահմանափակել շփումները:

Թորոսյանը նաև նշեց, որ երեկ հայտնաբերված պացիենտները տարբեր օրեր են վերադարձել Իտալիայից:

 

Նույն շարքից