Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Էտ խեղճ մարդը 14 օր ուղղակի նստած է հիվանդասենյակում, ոչ դեղ է խմում, ոչ մի բան․ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ առաջին քաղաքացու մասին

analitik.am

Ինֆորմացիայի աղբյուրը Կառավարություն է։ Քանի դեռ կառավարությունը որևէ բան չի ասել, ոչ մի ուրիշ լուրի մի հավատացեք։ Այս մասին Վայոց Ձորում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը խոսելով Հայաստանում տարածված կորոնավիրուսի մասին՝ նշելով, որ այդ առումով մեր երկիրն ամենավատ վիճակում գտնվող երկրներից չէ։

Խոսելով քարոզարշավն ընդհատելու մասին, Փաշինյանը նշել է, որ իրենց համար չի կարող լինել որևէ քաղաքական նպատակ ավելի բարձր, քան ՀՀ քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունը․ «Եթե մենք կզգանք, որ ինչ-որ բան էն չի, չենք թողի ուրիշ որևէ մեկը մեզնից առաջ որևէ որոշում կայացնի։ Մենք այդ մասին կիրազեկենք»։

Դիմելով Վայոց Ձորի բնակիչներին Փաշինյանը կոչ է արել հետևել Առողջապահության նախարարության կողմից տարածված պլակատի մեջ գրված խորհուրդներին․ «Ճիշտ է ձեր օդը մաքուր է, ձեր միջավայրը շատ լավն է, բայց խնդրում ենք անպայման հետևել, որովհետև դա շատ կարևոր է, որպեսզի թույլ չտանք Հայաստանում համաճարակի որևէ իրավիճակ»։

Փաշինյանը հայտնել է նաև, որ այսօր մենք ունենք 4 հիվանդ, որոնցից 3-ը գտնվում են լավ վիճակում, այսինքն ոչ մի բողոք չունեն․ «Մեր առաջին վարակակիրը, էտ խեղճ մարդը 14 օր ուղղակի հիվանդանոցի սենյակում նստած է, ոչ դեղ է խմում, ոչ մի բան, որովհետև չունի ոչ մի բողոք։ Ցավոք, երեկվա մեր հիվանդներից մեկը թոքաբորբ է տանում։ Դա մեր վատ նորությունն է, բայց նրանց հետ շփված մարդիկ մեկուսացվում են, պարզվում է շրջանակը։

10 հոգի տարվել է «Գոլդեն փելես» հյուրանոց, Էջմիածնում կան ընտանիքներ, որոնց ըստ ամենայնի կխնդրենք, որ իրենք իրենց տներում մեկուսանան, և հսկողություն կսահմանենք նրանց նկատմամբ։ Պետք է լինել զգոն բայց խուճապի մատնվել պետք չէ»,-ասել է Փաշինյանը։

Նա նաև ավելացրել է, որ կա լավ նորություն․ «Գործնականում մինչև հիմա եղած վիճակագրությամբ երեխաները որևէ լուրջ ազդեցություն չեն կրում այդ վիրուսից։ Սա ամենալավ նորությունն է։ Բայց մյուս կողմից 70-ից բարձր տարիքի մեր հայրենակիցներն առավել խոցելի են։ Խնդրում ենք առավել ուշադիր լինել այդ տարիքի մարդկանց նկատմամբ, որպեսզի առողջ լինեն ու չհիվանդանան»։

 

Նույն շարքից