Կորոնավիրուս Հասարակություն Միջազգային 

Աշխարհում վտանգված է 370 միլիոն երեխայի ապագան. դպրոցների փակման հետևանքով նրանք զրկվել են դպրոցական սնունդից. ՅՈՒՆԻՍԵՖ

analitik.am

Այս օրերին, երբ Covid-19-ի ճգնաժամի պատճառով աշխարհում աղքատ բնակչության շրջանում բարձրացել է սովի ցուցանիշի մակարդակը, Պարենի համաշխարհային ծրագիրը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ են անում կառավարություններին՝ կանխարգելել երեխաների հնարավոր թերսնուցումը, մասնավորապես այն 370 միլիոն երեխաների համար, ովքեր դպրոցների փակման հետևանքով բաց են թողնում դպրոցական ճաշը:

«Աշխարհում միլիոնավոր երեխաների համար դպրոցական սնունդը միակն է, որը նրանք ուտում են օրվա ընթացքում: Առանց դրա՝ նրանք քաղցած են մնում, ինչը սպառնում է նրանց առողջությանը և մեծացնում դպրոց չհաճախելու հավանականությունը։ Այս երեխաները կորցնում են աղքատությունից խուսափելու իրենց լավագույն հնարավորությունը: Մենք հի՛մա պետք է գործենք, որպեսզի առողջապահական համաճարակը սովի աղետի չվերածվի»,- նշել է ՊՀԾ-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիզլին (David Beasley):

«Դպրոցը շատ ավելին է, քան կրթություն ստանալու համար նապատեսված վայր: Շատ երեխաների համար այն անվտանգության, առողջապահական ծառայություններ ստանալու և սնվելու փրկարար օղակն է: Եթե մենք հիմա չգործենք ամենախոցելի երեխաների համար կենսարար նշանակության ծառայությունների մատուցումը մասսայական դարձնելով՝ Covid-19- ի պատճառած ավերիչ հետևանքները գալիք տասնամյակների ընթացքում դեռ կզգացվեն», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը:

Դպրոցական սննդի ծրագրերից բացի, աղքատ երկրներում ապրող երեխաները դպրոցներում հաճախ օգտվում են բժշկական ծառայություններից, ինչպիսիք են՝ պատվաստումները և ճիճվաթափությունը, որոնք իրականացվում են իրենց դպրոցների միջոցով: Համագործակցության համաձայն, ՊՀԾ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ն առաջիկա ամիսներին աջակցելու են կառավարություններին, որպեսզի դպրոցների վերաբացումից հետո ապահովեն դպրոցական սննդի և առողջապահական ծրագրերի հասանելիությունը դպրոց հաճախող երեխաների համար։

Սա նաև խթան կհանդիսանա ծնողների համար, որպեսզի վերջիններս իրենց երեխաներին դպրոց ուղարկեն։

Նույն շարքից