Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն 

Ունենք 65 ծանր և 35 ծայրահեղ ծանր հիվանդ, 9-ին միացված է թոքերի արհեստական շնչառության սարք. Թորոսյան

analitik.am

Կորոնավիրուսի հետևանքների և տնտեսական հարցերի եռակողմ քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ասաց, որ պարետատունը շարունակելու է գործել այնքան ժամանակ, քանի դեռ արտակարգ դրության ռեժիմը գործում է:

«Առողջապահության նախարարությունն ու բոլոր կառույցները գործելու են իրենց բոլոր հնարավորություններով, բայց սահմանափակումների մեղմացումը ենթադրում է, որ վաղվանից յուրաքանչյուր քաղաքացի իր վրա է վերցնում մեծ պատասխանատվություն: Շատ կարևոր է արձանագրել, որ մեր գործողությունների ռիսկի առաջին թիրախը մեր հարազատներն են»,- ասաց վարչապետն ու առողջապահության նախարարին հանձնարարեց ներկայացնել վերջին օրերի աճի դինամիկան:

Ռիսկերի մասին խոսելով՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց որ մեր երկիրը չի տարբերում երկրների մեծամասնություններից, բոլոր երկրներում էլ լինում են սահմանափակումներ։ Թորոսյանը կրկին անդրադարձավ անվտանգության կանոններին, որ պետք է պահպանել՝ հարազատներին վարակից զերծ պահելու համար։

«Երբ խոսում ենք ֆիզիկական կամ սոցիալական հեռավորության, կամ դիմակ ու ձեռնոց կրելու մասին, պետք է հասկանանք, որ մենք չունենք ամբողջ բնակչությանը վերահսկելու հանարավորություն: Եվ ամեն մեկի անձնական պատասխանատվության դաշտ է տեղափոխվում համավարակի կանխումը: Վերջին օրերի դեպքերը նորից օջախներից են դուրս եկել, որտեղ կանոնները չեն պահպանվել: Մենք շարունակում ենք դեպքեր արձանագրել հուղարկավորության արարողությունից: Իհարկե ցավալի է ու պետք է հարգել հանգուցյալի հիշատակը, բայց ողջերին պաշտպանելու նպատակը ավելի կարևոր պետք է լինի»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Նախարարը նաև տեղեկացրեց որ աճել է ծանր դեպքերի թիվը:

«Ցավոք, այսօր կա 65 ծանր և 35 ծայրահեղ ծանր հիվանդ, որոնցից 9-ին միացված է թոքերի արհեստական շնչառության սարք: Մեր համակարգն ի վիճակի է 3-4 հազար դեպք վարել, բայց դա ամենաանցանկալի սցենարն է: Այդ դեպքում մենք պետք է ստիպված լինենք պացիենտներին սորտավորում անել, ասիմպտոմ հիվանդներին խնդրել պարզապես տանը մնալ: Մեր անձնական պատասխանատվությունը պետք է բերի նրան, որ ստիպված չլինենք միայն ծանր թոքաբորբերի ժամանակ բուժգնություն մատուցել»,- ասաց առողջապահության նախարարը

Նույն շարքից