Միջազգային 

Հայաստանի էներգետիկ համակարգում առանցքային դերակատարություն ունի Իրանը

analitik.am

 Այսօր Հայաստանն իր էներգետիկ ներուժի իրականացման ուղիներ է փնտրում, որը հնարավոր է միայն օտարերկրյա պետական և մասնավոր ընկերությունների հետ ակտիվ համագործակցության միջոցով: Դա ենթադրում է փորձի փոխանակում, նոր տեխնոլոգիաների ներդրում, բիզնեսի վարում` երկուստեք շահավետ և ընդունելի պայմաններով:


Հայաստանի հարևաններից Իրանը հավակնում է տարածաշրջանային գերտերության դերին և միանգամայն հավակնոտ նպատակներ է հետապնդում: Այս ամենի հիմնական «պատճառը», ամենայն հավանականությամբ, երկրում ածխաջրածնի պաշարների մեծ քանակության առկայությունն է: Ինչպես հայտնի է, Իրանը երկրորդն է աշխարհում բնական գազի պաշարներով, մասնավորապես` դրանք համաշխարհային պաշարների 14 տոկոսն են կազմում:

Հարկավոր է նշել, որ մեծ տերությունների աշխարհաքաղաքական շահերի խաչաձևումը հարավկովկասյան տարածաշրջանում այն գլխավոր գործոններից է, որն ազդում է նաև Հայաստանի էներգետիկ համակարգի անվտանգության ձևավորման և ապահովման վրա: Սկսած ԽՍՀՄ փլուզումից` մինչև մեր օրերը, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի և այլ պետությունների մշտական մրցակցությունն նպատակաուղղված է այն բանին, որպեսզի այդ երկրներից յուրաքանչյուրը տարածաշրջանում իր քաղաքական և տնտեսական դիրքերն ամրապնդի, այս կամ այն կերպ ազդի և շարունակի ներգործություն ունենալ Հայաստանի կայուն էներգահամակարգի ձևավորման վրա:


Պատահական չէ, որ վերջերս Հայաստանի էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանը հայտնել էր, որ 2017-ին Հայաստանն ավարտին կհասցնի դեպի Վրաստան և Իրան նոր էլեկտրահաղորդման համակարգի շինարարությունը:


Բացի այդ, դեպի Իրան բարձր վոլտային 3-րդ էլեկտրահաղորդման համակարգի շինարարության հարցը քննարկվել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի Իրան կատարած վերջին այցի ընթացքում:


Փաստորեն, շինարարությունը շարունակելու համար հարկավոր բոլոր համաձայնությունները ձեռք են բերվել, իսկ բարդությունները չեզոքացվել են: Գծի շինարարությունը կտևի 18 ամիս: Հետևաբար, երրորդ բարձրավոլտ էլեկտահաղորդման գիծը շահագործման կհանձնվի 2018-ին, որից հետո հաղորդվող էլեկտրաէներգիայի ծավալը կաճի 2-3 անգամ:


Տեղեկացնենք, որ ներկայումս Հայաստանի և Իրանի միջև էլեկտրահաղորդման 2 համակարգ է գործում՝ յուրաքանչյուրը 220 կվտ լարմամբ: Երրորդ բարձրավոլտ էլեկտահաղորդման գծի շինարարության անհրաժեշտություն է թե Հայաստանի, թե Իրանի համար: Այն կունենա 400 կվտ լարում և 2 շղթա, որը կթեթևացնի Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն իրանական գազի դիմաց: Վերջինս ստանում է Երևանի ՋԷԿ-ը: Նախագծի արժեքը պետք է կազմի 107,9 մլն եվրո, որոնք վարկի տեսքով կտրամադրի իրանական կողմը:


Բացի այդ, Իրանն ու Հայաստանը արագացնում են Արաքս գետի վրա երկու հիդրոէլեկտրակայանների կառուցման տեմպերը: Եվ ինչիպես նշվեց, Իրանը գազի դիմաց էլեկտրաէներգիա է ստանում Հայաստանից:


Էլեկտրաէներգիայի ծավալը կաճի երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունից հետո: Էլեկտրաէներգիայի ծավալի  աճի վրա կազդեն նաև հայկական կողմի հետ բանակցությունների ընթացքում ընդունված որոշումները:


Տնտեսական գործարքների ծավալը Հայաստանի և Իրանի միջև կազմում է 300 մլն դոլար: Եթե ամեն ինչ հարթ ընթանա, ապա առաջիկայում այդ թվի կրկնակի աճ կարձանագրվի:

 

Արմինե Բեգլարյան

Նույն շարքից