Տնտեսություն 

«Վարկս Էյ ԷՄ»-ի փակվելը վարկառուներին կանգնեցրել է խնդրի առջև. պետք է վճարել ողջ վարկը

analitik.am

 

ՀՀ ԿԲ խորհրդի որոշմամբ, ուժը կորցրած է ճանաչվել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան: Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրությամբ ասվում էր, որ վարկային կազմակերպությունը տրամադրել է վարկեր իր հիմնադիրներից ներգրավված միջոցների հաշվին և իրավունք չի ունեցել ներգրավել ֆիզիկական անձանց միջոցներ, այն է՝ ավանդներ: Բացի այդ, «Վարկս Էյ ԷՄ»–ը խախտել է ընդհանուր կապիտալի նվազագույն շեմը պահպանելու նորմը: Վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո օրենքով սահմանված կարգով ձևավորվել էր լուծարային հանձնաժող: Այն վարկառուները, ովքեր պետք է մաս-մաս կազմակերպությանը վերադարձնեին գումարները, կանգնեցին խնդրի առջև. պետք է վճարեն ողջ վարկային գումարը՝ դա անելով միանգամից:

Analitik.am-ին Սաթենիկն ասաց, որ երեք ամիս առաջ է վարկ վերցրել «Վարկս Էյ ԷՄ»-ից, մինչև մայիսի 31-ը պետք է վճարեր 153 հազար դրամ, ինչն արել է. «Ես այդ գումարը չունեի, ստիպված պարտք եմ արել: Նախկինում ես ամսական վարկից 20 կամ 30 հազար էի վճարում և ամսեամիս փակում վակը: Երեկ ես 153 հազար պարտք եմ արել, որ վարկն ամբոջությամբ փակեմ, հակառակ դեպքում կհայտնվեի «սև ցուցակում»,- ասաց նա:

Սաթենիկի խոսքով, հիմա էլ պետք է մեկ շաբաթվա ընթացքում պարտքը վերադարձնի, իսկ թե ինչպես է վերադարձնելու, չգիտի. «Ես գիտեմ, որ «Վարկս Էյ ԷՄ»-ից տոկոսները բարձր են, բայց ինձ, երբ փող էր պետք լինում, գնում վերցնում էի: Ինձ բանկերը էդքան շուտ վարկ չեն տալիս, ելք էր էլի: Հիմա Ալիից վալիին ենք արել»,- ասաց Սաթենիկը և հավելեց, որ ստիպված է եղել մուծել, քանի որ տանը 4 անձ են, միայն իր վարկային պատմությունն է մաքուր,  չէր կարող այդ հնարավորությունից էլ զրկվել:

«Ընկերուհիս 2 հազար դոլար պետք է վճարի «Վարկս Էյ ԷՄ»-ին, տոկոսներով այդքան է կազմել: Եթե նույնիսկ ուշացնի այդ գումարը, միևնույնն է նրա վարկային պատմությունն արդեն չի կարգավորվելու: Նա «սև ցուցակում» է: Իսկ ես այդ շքեղությունը չեմ կարող ինձ թույլ տալ»,- ասաց Սաթենիկը:

Նա նաև նշեց, որ 153 հազար վճարելով՝ նաև ընտանեկան բյուջեն է խարխլվել, համոզված է, որ «Վարկս Էյ ԷՄ»-ը կարող է այլ անվան տակ բացվել, դրանից վարկառուների համար ոչինչ չի փոխվի: Իսկ թե ինչպես են նոր պարտքը վճարելու մեկ շաբաթից, դեռևս չգիտի:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից