Տնտեսություն 

Հայաստանն ու Բելառուսը համաձայն չեն. Պուտին

analitik.am

 

Եվրասիական Բարձրագույն խորհրդի նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանն ու Բելառուսը համաձայն չեն ԵԱՏՄ-ում գազի գնի վերաբերյալ միասնական ձևաչափի հետ, որն առաջարկվում է մինչև 2025 թվականը միության զարգացման ռազմավարության մեջ:

Պուտինն ասել է, որ ռազմավարության նախագիծը գրեթե պատրաստ է, բացառություն է կազմում միայն գազի տեղափոխման արժեքին վերաբերող կետը:

Առաջարկվող ձևաչափը ստացել է դեռ միայն Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի համաձայնությունը, իսկ Հայաստանն ու Բելառուսը համաձայն չեն:

Ձևաչափի էությունն այն է, որ գազի գնագոյացման վերաբերյալ կոնկրետ մոտեցումներ կարելի կլինի ցուցաբերել ավելի ուշ՝ ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման բանակցությունների ժամանակ:

ՌԴ նախագահը նշել է, որ այս պահին վերոնշյալ ձևաչափի մասով առկա խոչընդոտը միակն է ռազմավարության հաստատման ճանապարհին: Նա առաջարկել է այդ կետը հանել ռազմավարությունից և այն հաստատել այսօրվա նիստում:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարել է ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման անհրաժեշտության մասին:

«Այսօր մեզ պատուհասած համաշխարհային տնտեսական մարտահրավերների համատեքստում Հայաստանի համար հատկապես սուր է գազի ընդհանուր շուկայի շուտափույթ ձևավորման անհրաժեշտությունը:

Ինչպես ես բազմիցս նշել եմ, ոչ խտրական սկզբունքներով գործող էներգակիրների միասնական շուկան պետք է դառնա մեր ինտեգրման հիմքերից մեկը: Առանց դրա անհնար է որակական առաջընթացի հասնել ինտեգրացիոն գործընթացներում: Առանց դրա անհնար է Միության բոլոր անդամների համար ապահովել տնտեսական գործունեության հավասար պայմաններ:

Մենք ելնում ենք նրանից, որ «Մինչև 2025 թ․ եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններում» պետք է ամրագրվեն ԵԱՏՄ ընդհանուր գազային շուկայում գների ձևավորման միասնական մոտեցումները կիրառելու սկզբունքները, այդ թվում՝ բնական մենաշնորհ ունեցող կազմակերպության կողմից գազի տեղափոխման և տարանցման ծառայությունների միասնական սակագները»,-ասել է ՀՀ վարչապետը։

 

Նույն շարքից