Տնտեսություն 

ՊԵԿ-ը ներդրել է ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ինքնաշխատ լրացման համակարգ

analitik.am

 

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է կատարելագործել էլեկտրոնային կառավարման  համակարգերը:

Դեռևս 2018 թվականից ՊԵԿ «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում» ներդրվել է «Շրջանառության հարկի հաշվարկի» ինքնաշխատ լրացման համակարգը, իսկ 2020 թվականից արդեն  հարկ վճարողները հնարավորություն ունեն նաև «Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ»-ը նույնպես լրացնել ինքնաշխատ եղանակով:

Այս համակարգերի ներդրումը հարկ վճարողին հնարավորություն է ընձեռում համադրել հարկային մարմնի տվյալների շտեմարանում առկա և հարկ վճարողի հաշվապահական հաշվառման տվյալները:

Հաշվարկում ինքնաշխատ լրացվում են հաշվետու ամսվա ընթացքում ստացված եկամուտները և կատարված ծախսերը՝ օգտվելով ՊԵԿ տեղեկատվական համակարգում առկա դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի դարանից, ՀԴՄ կտրոնների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառությունից, ստացված հաշվարկային փաստաթղթերի,  ինչպես նաև ներմուծման հայտարարագրերի, այդ թվում` ԵԱՏՄ-ին վերաբերող տվյալներից։

Ինքնաշխատ լրացման համակարգը նվազեցնում է նաև սխալվելու հավանակությունը:

Հաշվարկում տարին և ամիսը ընտրելուց հետո համակարգը հաղորդագրություն է ցուցադրում, որ տվյալները կարող են թարմացվել։

Հարկ վճարողն անհրաժեշտության դեպքում կարող է խմբագրել ինքնաշխատ լրացված տվյալները։

Իսկ այն դեպքերում, երբ հարկ վճարողի հաշվարկը տեղեկատվական համակարգում լրացված տվյալների հիման վրա ամբողջական է  և փոփոխելու կարիք չկա, ապա նա ուղղակի ստորագրում է հաշվետվությունը և ուղարկում Պետական եկամուտների կոմիտե:

 

Նույն շարքից