Հայաստան 

Մենք կվերադարձնենք «հնագույն ադրբեջանական հողերը»՝ Երևանը, Սևանը և Զանգեզուրը. Իլհամ Ալիևի հերթական բարբաջանքը

analitik.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հանդես է եկել ռազմատենչ հայտարարությամբ՝ խոստանալով ոչ միայն հետ վերցնել «օկուպացված տարածքները», այլև հայտարարել է, որ կվերադարձնի  «հնագույն ադրբեջանական հողեր»՝ Երևանը, Սևանը և Զանգեզուրը:



«Ես միանգամայն համոզված եմ, որ մենք կհասնենք ցանկալիին, կվերականգնենք պատմական արդարությունը, մեր տարածքային ամբողջականությունը: Հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի միայն միջազգային հանրության կողմից տարածքային ամբողջականության ճանաչման ճանապարհով: Դրանից հետո մենք՝ ադրբեջանցիներս, իհարկե, կվերադառնանք մեր հնագույն հողերը՝ և՛ Իրավան (Երևան-խմբ), և Գեյչա (Սևան-խմբ.) և Զանգեզուրի շրջան»,- ասել է Ալիևը Բաքվում Նովրուզի տոնակատարությունների ժամանակ իր ելույթում:



Ալիևը նաև համոզմունք է հայտնել, նշված տարածքները հանդիսանում են ադրբեջանական հողեր և նոր սերունդները պետք է իմանա դրա մասին:


«Դրանք բոլորը մեր հողերն են: Երիտասարդ սերունդը պետք է իմանա, որ մեր հողերը ոչ միայն այսօրվա անկախ Ադրբեջանի հողերն են:  Մենք պե՛տք է վերադառնանք և կվերադառնանք այդ հողերը: Մենք պետք է ամեն օր աշխատենք, որպեսզի այդ օրը մոտենա»,- ասել է Ալիևը, որի խոսքերը մեջբերում է APA գործակալությունը:




Ալիևն  իր ժողովրդին նաև հավաստիացրել է, որ «այսօր ադրբեջանական բանակը լիովին վերահսկում է իրավիճակը շփման գծում»: «Մենք պետք է ավելի ուժեղանանք: Պետք է ավելի ուժեղ բանակ ունենանք: Բանակի շինարարությունն այսօր մեր հիմնական խնդիրն է: Ուստի այդ նպատակի համար հատկացվում է այնքան միջոց, որքան անհրաժեշտ է: Այսօր ադրբեջանական բանակը պատրաստականության, տեխնիկական հագեցվածության, սպառազինության տեսանկյունից աշխարհի ամենաառաջատար բանակներից է»,- պարծեցել է Ալիևը:



Խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից՝ Ադրբեջանի նախագահը շփման գծում լարվածության պատասխանատվությունը բարդել է Հայաստանի վրա, քանի որ «իրենք միշտ զսպվածություն են ցուցաբերում և հավատարիմ են միջազգային իրավունքին»:



«Ինչպես գիտեք, օգոստոսին, սեպտեմբերին և հոկտեմբերին պետությունների ղեկավարները, Մինսկի խմբի համանախագահ-երկրների բարձրաստիճան անձինք ջանքեր գործադրեցին, անցկացվեց երեք հանդիպում: Վերջին հանդիպումը՝ Փարիզում, ըստ երկու կողմերի էլ, հաջող էր անցել: Սակայն այդ հանդիպումից մեկ շաբաթ էլ չէր անցել, երբ Հայաստանը հերթական սադրանքին դիմեց: Աղդամում, օկուպացված հողերում սկսվեցին լայնածավալ ռազմական զորավարժություններ, որպեսզի մեզ նորից ներգրավեն սադրանքում»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ իրենք «չէինք ցանկանում սադրանքի դիմել, քանի որ հավատարիմ են միջազգային պարտավորություններին»:



Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում իրենք իրենց «շատ զուսպ պահեցինք», բայց «թշնամին այլ կերպ մեկնաբանեց մեր վարքը և գրոհեց մեր դիրքերը»: Նման դեպքում, նրա խոսքով, «բնական է, ադրբեջանցի զինվորը, սխրանք ցուցաբերեց և ոչնչացրեց թշնամական ուղղաթիռը»:



Իր ամբողջ խոսքը կառուցելով «վրեժ լուծելու» գաղափարի վրա՝ Ալիևը հայկական կողմին մեղադրում է այն բանում, որ ուղղաթիռի կործանումից հետո հայ բարձրաստիճան պաշտոնյաները «ֆաշիստական» հայտարարություններ են արել՝ խոստանալով վրեժ լուծել: «Ես ասել եմ և ևս մեկ անգամ ցանկանում եմ ասել. Եթե չեք ցանկանում մեռնել, մի՛ գնացեք Աղդամ (նկատի ունի Ակնը-խմբ.), Ֆիզուլի (նկատի ունի Վարանդան-խմբ.), նստե՛ք ձեր տանը: Ինչ վերաբերում է վրեժին, ապա վրեժ պետք է լուծենք մենք, և մենք վրեժ ենք լուծում: Մենք վրեժ ենք լուծում և դեռ կշարունակենք վրեժ լուծել Խոջալուի զոհերի համար»,- հոխորտացել է Ադրբեջանի նախագահը:



Ալիևի «քննադատությունից» զերծ չի մնացել նաև միջազգային հանրությունը: Նրա խոսքով՝ այսօր աշխարհում միջազգային իրավունքը չի գործում, «միջազգային պայմանագրերը միայն թղթի կտորներ են և որևէ արժեք չունեն»: Արդյունքում, Ադրբեջանի նախագահը եկել է այն եզրակացության, որ «ով ուժեղ է, նա էլ ճիշտ է, իսկ դա նշանակում է, որ պետք է ուժեղ լինել»:

Նույն շարքից