Հայաստան 

Ընդունվել է ԵՄ-ՀՀ ԽՀՀ 15-րդ նիստի եզրափակիչ հայտարարության նախագիծը

analitik.am

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստում այսօր ընդունվել է եզրափակիչ հայտարարության և առաջարկությունների նախագիծ:



Ինչպես հայտնում են ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից՝ եզրափակիչ հայտարարության և առաջարկությունների նախագծում ասվում է.



«Համաձայն Գործընկերության և համագործակցության համաձայնագրի 83-րդ հոդվածի



 

Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը.

 

1. Վկայակոչում է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի 1987 թվականի պատմական բանաձևը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ԵՄ անդամ բոլոր պետություններին կոչ է անում ճանաչել այն, խրախուսում է անդամ պետություններին և ԵՄ կառույցներին հետայսու ևս նպաստել դրա ճանաչմանը և հարգանքի տուրք է մատուցում անմեղ զոհերի հիշատակին: Այնուամենայնիվ, քաջալերվում է փաստով, որ վերջին տարիներին խնդիրը բաց և հանրային քննարկման առարկա է դարձել բուն Թուրքիայում:

 

2. Լիահույս է, որ այս կապակցությամբ անցյալից մնացած ժառանգությունը կարող է հաղթահարվել Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմամբ՝ առանց որևէ նախապայմանի և միակողմանիորեն փակված սահմանի բացմամբ, ուստի աջակցում է տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված նախաձեռնություններին, հուսով, որ դրանք կարող են նպաստել տարածաշրջանում որևէ երկրի մեկուսացմանը վերջ դնելուն:

 

3. Լիովին աջակցում է Արևելյան գործընկերության շրջանակներում կիրառվող առաջանցիկ տարբերակման մոտեցմանը՝ գործընկերների տարբեր աստիճանի հնարավորություններին և ցանկություններին համապատասխան: Այնուամենայնիվ, վստահ է, որ Եվրոպական միության համար տարածաշրջանային մոտեցումը կարևոր է` Հարավային Կովկասի տնտեսության զարգացմանն ու կայունությանն արդյունավետորեն նպաստելու համար: Այս կապակցությամբ, ընդգծում է այն կարևորությունը, որ տրվում է տարածաշրջան, ներառյալ Լեռնային Ղարաբաղ, ԵՄ ներկայացուցիչների մուտքն անվերապահ ապահովելուն:

 

4. Խորապես ցավում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով մարդկային կորուստների համար և ԵՄ-ից ակնկալում է առավել ակտիվ դերակատարում՝ աջակցելու վստահության մթնոլորտի հետագա ձևավորմանը՝ բոլոր կողմերի միջև խաղաղության, հաշտեցման և վստահության ամրապնդման գաղափարները տարածելու համար, ուստի, դատապարտում է բոլոր կողմերի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և մտավորականների շփումները խոչընդոտող գործողությունները:

 

5. Համոզված է, որ չի կարող այլընտրանք լինել խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի համապատասխան նորմերի և ՄԱԿ-ի Կանոնադրության ու Հելսինկիի Եզրափակիչ ակտի սկզբունքներին համապատասխան, աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին և կոչ է անում ներգրավված բոլոր կողմերին ստանձնել քաղաքական առավել լայն հանձնառություն, միևնույն ժամանակ, խստորեն դատապարտելով հրադադարի մասին համաձայնագրի բոլոր խախտումները և հիշեցնելով վստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված միջոցառումների կարևորությունը՝ ներառյալ շփման գծից դիպուկահարների դուրս բերումը՝ համաձայն ԵԱՀԿ առաջարկությունների, ընդգծում է, որ Եվրոպական խորհրդարանի բանաձևերում առկա բազմաթիվ առաջարկություններ մնում են արդիական: Իր աջակցությունն է հայտնում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությանը:


 

6. Կոչ է անում նպատակ հետապնդել զարգացնելու ԵՄ-Հայաստան համագործակցությունը հնարավոր բոլոր ոլորտներում՝ ողջունելով Համագործակցության վերջին խորհրդում համատեղ հանձնառության ստանձնումը: Այնուամենայնիվ, ափսոսանք է հայտնում, որ մտքերի փոխանակումը դեռևս թույլ չի տալիս ձևավորել իրավական ուժ ունեցող պայմանագրային հիմք այդ հարաբերությունների ապագայի համար, հատկապես հաշվի առնելով 1999 թվականի Գործընկերության և համագործակցության պայմանագրի հնացած լինելու փաստը:

 

 

7. Ընդգծում է հարաբերությունների գոյություն ունեցող հիմքերի վերանայման և թարմացման կարևորությունը, ինչպես նշված է Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովի շրջանակում 2013 թվականի նոյեմբերին ընդունված ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության մեջ, վկայակոչում է այն մեծ ջանքերն ու նվիրվածությունը, որ ցուցաբերել են երկու կողմերը նախորդ բանակցությունների ընթացքում և հույս է հայտնում, որ նույնպիսի ջանք կգործադրվի նաև Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ: Ընդգծում է, որ ԵՄ-ն և Հայաստանը նախանշել են այն ոլորտները, որտեղ համագործակցությունը հնարավոր է՝ հաշվի առնելով Հայաստանի ներգրավվածությունը Եվրասիական տնտեսական միությունում: Հավատացած է, որ ապագա համաձայնագիրը պետք է ապահովի Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների հետագա զարգացման ապագային միտված շրջանակ` խրախուսելով և ուժեղացնելով քաղաքական հարաբերություններն և տնտեսական համագործակցությունը:



8. Ողջունում է ԵՄ-Հայաստան Մարդու իրավունքների երկխոսությունը, որը տեղի ունեցավ 2014 թվականի դեկտեմբերին 11-ին, որի առանցքը այնպիսի խնդիրներն էին, ինչպիսիք հիմնարար ազատություններն էին, ներառյալ՝ հավաքների և ժողովների ազատությունը, քաղաքացիական հասարակության զարգացումը, իրավունքի գերակայությունը, շարժունակությունը, դատական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ շարունակական պայքարը, լրատվամիջոցների անկախությունը և խոշտանգումների դեմ պայքարը: Կոչ է անում Հայաստանին իրականացնել ԵԱԿՀ/ԺՄԻՀԳ ընտրությունների դիտարկման առաքելության կողմից արված բոլոր առաջարկությունները:



9. Ընդգծում է, որ ակնկալվում է, որ այս հարցերը պետք է ուսումնասիրվեն ցուցանիշային ընթացիկ քննարկումների շրջանակում, որը պետք է ներկայացվի Եվրոպական խորհրդարանին 2016 թվականի հունվարի 1-ին, հաշվի առնելով Եվրոպական խորհրդարանի ընդլայնված դերակատարումը GSP+ սխեմայի՝ ԵՄ բարեփոխված դիտարկման ընթացակարգում: Հիշեցնում է, որ Հայաստանի համար GSP+ը երկարաձգվել է 2014թ. հունվարի 1-ից, և որ առևտրի այս գործիքը հստակ միտում ունի խրախուսել մարդու և աշխատանքային իրավունքի, կայուն զարգացման և լավ կառավարման վերաբերյալ ՄԱԿ/ԱՄԿ միջազգային կոնվենցիաների արդյունավետ իրականացումը:



10. Ընդգծում է, որ ԵՄ-Հայաստան Վիզաների դյուրացման և Հետընդունման համաձայնագրերը ուժի մեջ են մտել 2014 թվականի հունվարից, ինչը կմեծացնի մարդկային շփումները Հայաստանի և ԵՄ-ի միջև և կուժեղացնի համագործակցությունը շարժունակության ու միգրացիայի կառավարման ոլորտում, բավարարվածությամբ ընդգծում է այն քայլերը, որոնք ձեռնարկվել են Վիզաների դյուրացման և Հետընդունման համաձայնագրերի իրականացման ուղղությամբ և հավանություն է տալիս ապագա քայլերին, որոնք միտված են լինելու Վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսության սկսմանը՝ ուղղված, իր ժամանակին, Հայաստանի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի ճամփորդության ռեժիմի հաստատմանը:



11. Ողջունում է Հայաստանի և ԵՄ-ի հանձնառությունը՝ ավելի զարգացնելու և ուժեղացնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, արձանագրում է, որ տարիների ընթացքում ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցությունը և օժանդակությունը առանցքային նշանակություն է ունեցել բարեփոխումների գործընթացի արդյունավետ իրականացման ու դրանց կայունության և ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման համար, կոչ է անում ԵՄ-ին հայաստանյան բարեփոխումների տեմպին և տնտեսական կարիքներին համարժեք շարունակական աջակցություն ցուցաբերել՝ տարբերակման և ավելին ավելիի դիմաց սկզբունքներին համապատասխան:
Ընդունված է 20 մարտի, 2015թ.»։

Նույն շարքից