Տնտեսություն 

Աշխատակիցներին պարտադրել է ստորագրել աշխատանքային պայմանագրի հատուկ տարբերակ. աշխատավարձը 20 տոկոսով կկրճատվի. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. ««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը տասն օր առաջ ասել էր, որ «Գազպրոմ Արմենիան» ստիպված է լինելու 1000 աշխատող կրճատել:

Նրա խոսքով` կրճատումների պատճառը լինելու է հաստատված նոր սակագինը, որն ավելի ցածր է, քան այն, որն իր հայտում ՀԾԿՀ-ին ներկայացրել էր «Գազպրոմ Արմենիան»: Թադևոսյանը նաև հայտնել էր, որ կրճատումներից բացի, սպասվում են նաև աշխատավարձերի կրճատումներ:

Երեկ «Փաստ» թերթին տեղեկություններ էին հասնում, որ ընկերությունն արդեն իր բոլոր աշխատակիցներին պարտադրել է ստորագրել աշխատանքային պայմանագրի հատուկ տարբերակ, որով նրանք «տալիս» են իրենց համաձայնությունը աշխատավարձի 20 տոկոսի կրճատման վերաբերյալ։ Այս փաստը «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցների մոտ լուրջ դժգոհություններ է առաջացրել, որի մասին նրանք արտահայտվեցին մեզ հետ զրույցում։

Մանրամասներ ճշտելու համար դիմեցինք ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայություն, որտեղից միայն ասացին. ««Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենը ՀԾԿՀ նիստի ժամանակ անդրադարձել է այդ հարցին: Այդ ամենը պայմանավորված է սակագնի վերանայման և աշխատավարձային ֆոնդի կրճատման հետ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից