Տնտեսություն 

Կսուբսիդավորվեն թիրախավորված համայնքներում տեղակայելու նպատակով ձեռք բերվող շարժական և շարժական մոդուլային սպանդանոցները

analitik.am

 

ՀՀ կառավարությունը հուլիսի 2-ի նիստում փոփոխություն է կատարել Հայաստանի հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմաններում:

Ներկայացնելով սուբսիդավորման պայմանները՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է. «Այս լիզինգի ծրագրով կարող է իրականացվել մոդուլային և շարժական սպանդանոցների ֆինանսավորումը:

Մենք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ շարունակական մոնիթորինգ ենք իրականացնում`պարզելու, թե որքանով են հասանելի Հայաստանի տարածքում արդեն առկա սպանդանոցները, որովհետև ծառայությունների հասանելիությունը մշտապես եղել է մեզ համար ամենակարևոր գործոնը, և որոշակի ժամանակահատվածում քարտեզագրել ենք, թե ՀՀ տարածքում ինչպես պետք է տեղակայված լինեն սպանդանոցները, որպեսզի յուրաքանչյուր բնակավայրից հեռավորությունը լինի տրամաբանական, խելամիտ սահմաններում:

Մենք որպես չափանիշ ընտրել էինք 30 կմ հեռավորությունը: Սպանդանոցից հայտնել են, որ այդ հեռավորության դեպքում կենդանու տեղափոխումը կատարում են անվճար»:

Նախարարը հավելել է, որ այս պահին հանրապետությունում գործում է 23 սպանդանոց, առաջիկայում շահագործման կհանձնվի ևս 36–ը, սակայն պարզվում է, որ կան  համայնքներ, որոնք բավականաչափ մոտ չեն գտնվում այդ սպանդանոցներին:

«Մեր առաջարկի բովանդակությունը հետևյալն է. այնտեղ, որտեղ դեռևս չկան հասանելի սպանդանոցներ, եթե տվյալ մարզում որևէ տնտեսվարող ցանկություն է հայտնում սպանդանոց կառուցել, ապա մենք լիզինգի համար պահանջվող 20% կանխավճարի 15 տոկոսային կետը, բայց ոչ ավելի, քան 4,8 մլն դրամ, սուբսիդիա ենք հատկացնում», - նշել է նախարարը։

Ընդգծելով, որ ներկա պահին պահանջվում է ևս 14 կետերում սպանդանոցներ կառուցել, նախարարը մատնանշել է այն վայրերը, որտեղ տեղակայվող սպանդանոցները կստանան նախատեսվող պետական աջակցությունը՝ Սյունիքում 3 կետ, Գեղարքունիքում՝ 1, Արարատում, Լոռիում և Արագածոտնում՝ 2-ական կետ և Շիրակում՝ 4 կետ:

«Հույս ունեմ, որ այս աջակցությամբ մենք կարագացնենք այն վայրերում սպանդանոցների հասանելիությունը, որոնք դեռևս բավականաչափ հասանելի ծառայություններ չեն ապահովում», - ամփոփել է իր խոսքը Տիգրան Խաչատրյանը։

Պետական օժանդակությունից օգտվելու համար հայտերն ընդունվում են Էկոնոմիկայի նախարարության էլեկտրոնային հասցեով։

Դիմելու ընթացակարգին կարելի է ծանոթանալ նախարարության կայքում, հետևյալ հղումով։

 

Նույն շարքից