Հայաստան 

Թուրքիայի ղեկավարությունն ընդլայնում է ժխտողական քաղաքականությունը. Սերժ Սարգսյան

analitik.am

Հայաստանը երբեք Թուրքիայի առջեւ որեւէ պայման չի դրել, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Այս մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի «Կարծիք» հաղորդմանը տված հարցազրույցում:

Նախագահ Սարգսյանը հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ փորձել է հասնել հարաբերությունների կարգավորման, սակայն մի քանի պատճառներով թուրքական կողմը հրաժարվել է ստանձնած պարտավորություններից, եւ Ցյուրիխում կնքված արձանագրություններն այդպես էլ չեն վավերացվել թուրքական խորհրդարանում: Երկրորդը փորձը ձեռնարկվել է վերջերս: Նախագահը հիշեցրել է, որ նամակ է ուղարկել Թուրքիա՝ հրավիրելով ժամանել Երեւան եւ ապրիլի 24-ին միասին մասնակցել հիշատակի արարողություններին, սակայն թուրքական ղեկավարությունն այս անգամ էլ վարվեց այնպես, ինչպես միշտ: Եվ ոչ միայն հրաժարվեց Երեւան ժամանել, այլեւ հակառակ առաջարկն արեց՝ հրավիրելով ապրիլի 24-ին մասնակցել Գալիպոլիի 100-ամյակի միջոցառումներին: Սակայն, ըստ Սերժ Սարգսյանի, բոլորին է հայտնի, որ Գալիպոլիի մարտերը չեն սկսվել եւ չեն ավարտվել ապրիլի 24-ին, եւ թուրքերը երբեք Գալիպոլիի հաղթանակն այդ օրը չեն նշել:

«Մենք եւս մեկ անգամ համոզվեցինք, որ Թուրքիայի ղեկավարությունն ընդլայնում է ժխտողական քաղաքականության գործիքները, եւ այս անգամ էլ փորձում է Գալիպոլիի 100-ամյակի տոնակատարություններով մեզ ինչ-որ բան ապացուցել կամ նվազագույնը միջազգային հանրության ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողություններից»,- հայտարարել է նախագահը:

Միաժամանակ, նա նշել է, որ չգիտի, թե որքան արագ թուրքական հասարակությունում կավելանա այն մարդկանց թիվը, որոնք իրականում պատրաստ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ ազատվել այդ ծանր բեռից, սակայն, ամեն դեպքում, «մենք դրական դինամիկա ենք տեսնում, եւ շնորհակալ ենք Թուրքիայի այն քաղաքացիներից, որոնք սկսել են այդ շարժումը»:

Նախագահն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը շատ կարեւոր իրադարձություն է աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հայերի համար: Նրա խոսքով, պատահական չէ, որ այդ իրադարձությունների խորհրդանիշ է ընտրվել անմոռուկը. ծաղիկ, որի անունն աշխարհի բոլոր լեզուներով հիշատակի գաղափարն է կրում, եւ 5 թերթիկները խորհրդանշում են հինգ մայրցամաքները, որտեղ ապաստան են գտել Ցեղասպանությունից փրկված հայերը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ տարելիցի առիթով ամբողջ աշխարհում միջոցառումներ են անցկացվելու, հայկական եւ մյուս հարանվանությունների եկեղեցիներում պատարագ է մատուցվելու, ցուցահանդես են կազմակերպվելու բազմաթիվ թանգարաններում, այդ թվում՝ Ռուսաստանում: Ապրիլի 12-ին Վատիկանում Հռոմի Պապը պատարագ է մատուցելու: Հիմնական միջոցառումներն անցկացվելու են Հայաստանում, ապրիլի 23-24-ին: Գլխավոր միջոցառումը տեղի է ունենալու ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

«Մեզ համար մեծ պատից է, որ այդ օրը Հայաստան կժամանեն մեր եղբայրական երկրների ղեկավարները»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ հատուկ ընդգծելով այլ երկրների ղեկավարների շարքում նաեւ Ռուսաստանի նախագահի մասնակցությունը: «Յուրաքանչյուր հայի համար դա սուրբ օր է»,- ընդգծել է Հայաստանի նախագահը:

Նույն շարքից