Տնտեսություն 

Վերջում փոքր ու միջին ձեռնարկատերերը կդառնան 20% ավելացված արժեքով հարկվողներ. Զոյա Թադևոսյան

analitik.am

 

«Շրջանառության հարկի մասին» ՀՀ  օրենքը փոփոխության կարիք ուներ, քանի որ այն  պետք է լուծեր մեկ չափազանց կարևոր, ՀՀ տնտեսական զարգացման համար կենսական նշանակություն ունեցող հարց՝  զարգացներ փոքր և միջին ձեռնարկատիրությունը: Սակայն, մեր իշխանությունների դավադիր բնույթը փոխել հնարավոր չէ»,- Analitik.am-ի հետ զրույցում «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի վերաբերյալ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ, տնտեսագետ Զոյա Թադևոսյանը:  

 

Նա համոզված է, որ 1% շրջանառության հարկը բարվոք կլիներ փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար, սակայն, այսպես կոչված փաստաթղթային պահանջները բիզնեսի համար կստեղծեն շատ ավելի ծանր պայմաններ, քան գոյություն ունի մինչ այժմ:  «Մեր երկրում հարկային մարմինները դրամաշորթներ են, որոնք ցանկացած անօրինական ճանապարհով կարողանում են  հարկատուիգրպանները դատարկել, իսկ նոր օրենքով շատ արագ հարկատուն 1% շրջանառության հարկով հարկվող սուբյեկտից կվերածվի 20% ավելացված հարկով հարկվող սուբյեկտի»,- նշեց տնտեսագետը:

 

Հոկտեմբերի մեկից նոր օրենքը գործելու է, բայց ըստ Զ. Թադևոսյանի, ներկայում Հայաստանի բոլոր խանութներում կան ապարանքներ, որոնք չունեն հաշիվ-ապրանքագրեր, դրանք նախկինում գնվել են առանց համապատասխան փաստաթղթերի ու դեռ չեն վաճառվել:  «Ի՞նչ է լինելու այդ ապրանքների հետ: Հարկային մարմինները մի համընդհանուր ստուգայց կանցկացնեն ու առաջին անգամ կնախազգուշացնեն, հետո 20.000 դրամ կտուգանեն, երրորդ անգամ կկիրառեն 5% շրջանառության հարկը, վերջում փոքր ու միջին ձեռնարկատերերը կդառնան  20% ավելացված արժեքով հարկվողներ: Իսկ ի՞նչ պատիժ կստանան խոշոր ներկրողները, ովքեր հենց համապատասխան փաստաթղթեր տրամադրողներն են, նրանց ի՞նչ տույժ և տուգանք է հասնում, հայտնի չէ: Այսինքն՝ խոշոր բիզնեսը կհովանավորվի փոքր ու միջինի հաշվին: Ավելին, խոշոր բիզնեսը էլ ավելի կմխրճվի ստվերում»,- համոզված է Զ. Թադևոսյանը:

 

Նշենք, որ շրջանառության հարկի ինստիտուտը Հայաստանում ներդրվել է 2013թ. հունվարի 1-ից և հենց այդ ժամանակվանից էլ դրույքաչափերը հանդիսացել են խնդրո առարկա։ Շրջանառության հարկի դրույքաչափի պահանջը ներառված է Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերի` ԲՀԿ-ի, «Ժառանգության», ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի` իշխանություններին ներկայացրած 12 առաջնահերթ պահանջներում: Ոչ իշխանական քաղաքական ուժերը պահանջում են առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը, ինչպես նաև շրջանառության առավելագույն շեմը 58,35 մլն դրամից դարձնել 150 մլն դրամ։ 


Երբ ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ նախատեսվում է ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ից առևտրի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5%-ից մինչև 1%, նվազեցնելու մասին, հասարակության շրջանում այս քայլը դրական արձագանք գտավ: Բանն այն է, որ ՓՄՁ-ների ներկայացուցիչները հետո տեղեկացան, ըստ նոր օրենքի՝ իրենք պետք է իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնեն համապատասխան մարմիններ, սակայն խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հաճախ ապրանքների վերաբերյալ փաստաթղթեր չեն տրամադրում փոքր ու միջին ձեռնարկություններին:

 

 

Նույն շարքից