Տնտեսություն 

Պատրաստ ենք քննարկել հղիության նպաստների փոփոխությունների հետ կապված բոլոր առաջարկությունները. Արտեմ Ասատրյան

analitik.am

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որով առաջարկվում է հղիության և ծննդաբերության նպաստները վերանվանել «մայրության նպաստ»: Նաև 2015թ-ից նախատեսվում է կրճատվել աշխատանք ունեցող հղիներին տրվող նպաստները, իսկ 2016թ-ից սկսած՝ այն պետք է վճարվի նաև չաշխատող կանանց: 

 

Որքանո՞վ է օրենքի նախագիծը ընդունելի հասարակության լայն շերտի համար. այս հարցի շուրջ լրագրողները զրուցեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ: Հարցին, թե տեղյա՞կ է արդյոք, որ աշխատող կանայք պատրաստվում են բողոքի ակցիաներ իրականացնել և այդ դեպքում, որն է լինելու իրենց անելիքը, նախարարը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ եթե կան առաջարկություններ, ճիշտ ճանապարհը քննարկումներն են: Քանի որ մենք նախատեսել ենք հանրային քննարկումներ, ցանկացած առաջարկություն բխում է մեր նպատակներից ու շահերից, ու այդ առաջարկությունները պետք է քննարկվեն և դրանց շրջանակում ընդունվեն որոշումներ: Քանի որ օրենսդրության հեղինակը՝ այս դեպքում Կառավարությունը, պատրաստ է քննարկումների, ես կարծում եմ, որ անտրամաբանական է առաջարկություններ չներկայացնելով՝ բողոքել ինչ-որ մի երևույթի դեմ»: 

Դիտարկմանը, թե աշխատող հղի կանայք անընդունելի են համարում, որ իրենց հաշվին չաշխատող կանայք պետք է ստանան հղիության և ծննդաբերության նպաստ, նախարարը պատասխանեց, որ իրենց համար ընդունելի է ցանկացած առաջարկ, բայց նախ դրանք պետք է արվեն, իսկ հետո նախարարության մասնագետները համապատասխան աշխատանք տանեն՝ հասկանալու, թե որքանով են դրանք հիմնավոր: 

«Եթե մենք ընդունենք օրենքներ, որոնց քննարկումների փուլում առաջարկություններ չեն լինում, միայն ընդունումից հետո են բողոքներ սկսվում, դա անընդունելի է»,-ընդգծեց նախարարը: 

Արտեմ Ասատրյանը չհամաձայնեց աշխատող հղի կանանց այն կարծիքի հետ, թե Կառավարությունն այս փոփոխմամբ դրդում է կանանց նախքան հղիանալը մի լավ մտածել: Նա այն վստահությունը հայտնեց, որ իրականում երեխաներ ունենալիս Հայաստանի քաղաքացիները չեն առաջնորդվում նեղ ֆինանսական գնահատականներով։ 

«Այս առաջարկությամբ մենք միայն ընդլայնում ենք այդ շրջանակը, հնարավորությունները, և ես չեմ կարծում, որ ընդհանրապես որևէ սահմանում, որ տրվում է այս օրենքի շրջանակում, որևէ բանի դեմ է ուղղված, սա սուբյեկտիվ կարծիք եմ համարում»,- ասաց նախարարը: 

Նույն շարքից