Սպորտ 

Բռնցքամարտի ԱԱ. Գուրգեն Մադոյանը մեկնարկեց հաղթանակով

analitik.am

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը Սերբիայում ընթացող աշխարհի առաջնությունում մեկնարկել է վստահ հաղթանակով:

Հայ բռնցքամարտիկը 1/32 եզրափակչում 3-ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5-0 հաշվով հաղթանակ է տարել սլովենացի Ալջազ Սիռչելյայի նկատմամբ։

«Հավաքականից առաջին մենամարտը ես անցկացրեցի: Պատասխանատվությունը մեծ էր, ու քանի որ առաջին մենամարտն էր անծանոթ մրցահարթակում, մի փոքր լարվածություն կար, բայց հնարավորինս խնդիրը լուծեցի: Կպատրաստվեմ հաջորդ մենամարտին: Ես այստեղ եմ եկել ոսկե մեդալ նվաճելու համար»,- մենամարտից հետո ասել է Գուրգեն Մադոյանը:

Մադոյանը դուրս է եկել 1/16 եզրափակիչ, որտեղ հոկտեմբերի 28-ին ուժերը կչափի Լեհաստանի ներկայացուցիչ Դուրկաչ Դամիանի հետ:

Հոկտեմբերի 25-ին ռինգ պետք է դուրս գար նաև Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Եվրոպայի Մ22 տարեկանների հաղթող, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, սակայն 1/32 եզրափակչում նրա մրցակից, Պուերտո Ռիկոն ներկայացնող բռնցքամարտիկ Ռիվերա Պիզարոն չի կարողացել կարգավորել քաշը, ու Բազեյանն անցել է հաջորդ փուլ։

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Հայաստանը երկու ներկայացուցիչ կունենա աշխարհի առաջնությունում. Եվրոպական խաղերի չեմպիոն, 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը 1/16 եզրափակչում կմենամարտի Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արգիշտի Տերտերյանի հետ, իսկ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը 1/32 եզրափակչում ուժերը կչափի Իտալիայի ներկայացուցիչ Մոհիդինե Աբեսի հետ:

Նույն շարքից