Տնտեսություն 

Եթե նորից լոքդաուն լինի, այն իր հետ հստակ բացասական հետևանքներ է բերելու.  «Փաստ» 

analitik.am

Երկնիշ տնտեսական աճի խոստումներին զուգահեռ՝ տարեվերջին հակառակ իրավիճակն է արձանագրվում: Տնտեսությունն անկում է ապրում, ինչի մասին վկայում են նաև պաշտոնական ցուցանիշները: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի դիտարկմամբ՝ անկման պատճառները շատ-շատ են:

«Սովորաբար, երբ տնտեսությունը գտնվում է գահավիժման փուլում, կառավարությունները խթանիչ տնտեսական քաղաքականություն են վարում: Մեր կառավարությունը ոչ մի ոլորտում խթանիչ տնտեսական քաղաքականություն չիրականացրեց: Ուշադրություն չդարձվեց թե՛ տնտեսագիտական համայնքի, թե՛ նաև կազմակերպությունների կողմից բարձրաձայնված որևէ հարցի: Սա է պատճառը, որ տնտեսությունն անկման է գնում: Բյուջեի հիմքում էլ 7 տոկոս տնտեսական աճ են դրել, ու շատ հաճախ կանխատեսումն իրատեսական է համարվում: Ես էլ եմ ասում՝ կառավարությունների համար 5-7 տոկոս տնտեսական աճն իրատեսական է, որովհետև այդ ցուցանիշին առանց ջանք գործադրելու են հասնում: Ինչո՞ւ, որովհետև սովորաբար բիզնեսն է իր համար աճ պլանավորում ու բիզնեսն է ամեն ինչ անում, որ նախորդ տարվա համեմատ աճ ունենա: Իսկ թե ինչպես անել, որ աճն արձանագրվի հստակ ոլորտում ու ավելի ներառական լինի, բնակչության յուրաքանչյուր մասնիկ զգա այդ փոփոխությունը, արդեն կառավարությունների գործն է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ն. Սարգսյանը՝ շեշտելով, որ նշված նպատակին հասնելու համար սովորաբար մի ոլորտում զսպող, մյուս ոլորտում խթանիչ քաղաքականություն են վարում:

«Մենք ո՛չ մեկն ունենք, ո՛չ մյուսը, հետևաբար տնտեսությունը պետք է անկում ապրեր: Նույն էկոնոմիկայի նախարարությունում բացառապես սպառման վրա հիմնված տնտեսություն են պատկերացնում: Բայց բնակչությունը նվազում է, որևէ աճ չկա, ու բնական է, որ անկում պետք է լիներ: Որևէ ոլորտում խթանիչ քայլ չի արվել, ընդհակառակը՝ խանգարում են տնտեսվարողին: Խանգարում են անհարկի քրեական գործերով, հարկային տարբեր անիմաստ ստուգումներով, նաև կառավարության անկանխատեսելի ու երերուն վարքագծով: Այդ ամենն ազդեցություն է ունենում և՛ ներդրումների, և՛ տնտեսվարողների վրա: Տնային տնտեսությունների հիմնական սպառող մասսան մինչև պատերազմը և կորոնավիրուսն այլ կերպ էր իրականացնում իր ծախսային քաղաքականությունը, այժմ այլ սկզբունքով է առաջնորդվում: Եթե ժամանակին մի մասը խնայողության, մի մասը ծախսերին էր ուղղվում, հիմա մարդիկ նախընտրել են այսօր լավ ապրելու տարբերակը: Ավելի շատ են ծախսում՝ հաշվի առնելով նաև գնաճի հանգամանքը»,-նշեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով համավարակի սրման հետևանքով առկա մի շարք սահմանափակումներին ու դրանց տնտեսական ազդեցությանը՝ Ն. Սարգսյանը նախ շեշտեց. «Տնտեսությունն արդեն իսկ խնդիրներ ունի: Բայց սկսենք նրանից, որ համաճարակային կառավարում բացարձակապես չունենք: Գործ ունենք շատ փնթի, անկազմակերպ վիճակի հետ: Ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ մարդիկ չեն վստահում այս կառավարությանը, որովհետև շատ խոսքեր հրապարակային արտասանելու հաջորդ օրը 180 աստիճանով հակառակն են ասել: Օրինակ՝ եթե անգամ մարդիկ պատվաստման որոշման են գալիս, հաջորդ հարցն է առաջ գալիս՝ արդյոք այս անվստահելի, անգործունակ կառավարությունը բերո՞ւմ է այն նույն պատվաստանյութը, որը մարդիկ ստանում են օտարերկրյա պետություններում:

Առողջապահության նախարարությունը պատվաստման «խթանիչ» քաղաքականության շրջանակներում ասում է՝ պատվաստվի՛ր, թատրոնի տոմս կտամ: Սա կարծես ծաղր լինի մարդկանց նկատմամբ, որը, բնականաբար, չի աշխատում: Ու երբ տեսնում են, որ իրենց փնթի քաղաքականությունն արդյունք չի տալիս, պարտադրում են, ինչի հակասահմանադրական լինելու մասին բարձրաձայնում է իրավաբանական համայնքը: Այս ամենից հետո հաջորդ հիմար որոշումն է գալիս՝ կապված բաց տարածքներում դիմակներ կրելու հետ: Մարդկանց ձեռքին գումար չի մնացել, որովհետև եկամուտը չի ավելացել, իսկ ծախսերը շատացել են գնաճի հաշվին: Ու երբ մի հատ էլ փողոցում դիմակ չկրելու համար տուգանք կիրառվի, սա բերելու է սպառման կրճատման»:

Սարգսյանի խոսքով, ընդհանուր առմամբ, տնտեսական անկման նոր փուլի ենք ականատես լինելու: «Տնտեսությունն առանց այդ էլ անկման շրջանում է, մինչդեռ անկումն ավելի է խորանալու: Բացի այդ, կրկին բացասական սպասումներ են ձևավորվում: Մարդիկ չեն հասկանում՝ ինչ է կատարվում, յուրաքանչյուր օր կառավարությունը նոր որոշում է ընդունում: Այս ամենը հաշվի առնելով՝ մարդիկ նորից որոշակի խնայողական ռեժիմի կփորձեն անցնել, որովհետև եթե նորից լոքդաուն լինի, այն իր հետ հստակ հետևանքներ է բերելու: Օրինակ՝ աշխատանքի չներկայանալ, ինչը ենթադրում է նաև վարձատրության որոշակի նվազեցում և այսպես շարունակ: Այս ամենը տնտեսության վրա շատ լուրջ ազդեցություն է թողնելու: Բացի այդ, դպրոցներն ու բուհերը արդեն իսկ անցել են օնլայն ռեժիմի, այդքան մարդ դուրս չի գալիս, սպառում չի իրականացնում, ինչը ևս ազդեցություն է ունենում տնտեսության վրա: Մեծ հաշվով՝ անգրագետ զանգվածի կողմից կայացվող որոշումների հետևանքով շատ ռացիոնալ մտածող անհատներ ու բիզնեսներ լուրջ խնդիրների առաջ են կանգնում: Տուժում են և՛ այդ մարդիկ, և՛ բիզնեսները: Այս ամենը շղթայական ռեակցիայով ազդեցություն է թողնում արդեն աշխատակազմի վարձատրության վրա, վճարվող հարկերի վրա, ինչի հետևանքով տնտեսությունն սկսում է փլուզվել»,-ասաց մեր զրուցակիցը:

Նա շեշտեց՝ սոցիալական լարում կա այսօր, ինչի առումով շատ լուրջ խնդիր ունենք:

«Մարդկանց գերակշիռ մեծամասնության եկամուտներն այլևս չեն բավարարում ամսական ծախսերին: Սա լրջագույն խնդիր է դարձել: Շատ դեպքերում մասնավոր հատվածի տնտեսվարողները, իրենց խղճից ելնելով, պարբերաբար վարձատրության վերանայում են իրականացնում, բայց հույսը միայն տնտեսվարողների բարեվարքության վրա դնելը շատ սխալ է: Մեկը կբարձրացնի, մեկը՝ ոչ, բայց, այնուամենայնիվ, երբ բարեխիղճ գործատուների կազմակերպություններն սկսեն չաշխատել, չեն կարող վարձատրել»,-ասաց նա՝ շեշտելով, որ իրականում բյուջեով հնարավոր էր իրավիճակ փոխել, սակայն մեզ մոտ այդ ուղղությամբ քայլ չի արվել:

«Հնարավոր էր բյուջեով իրավիճակը մեղմել ու սերմեր ցանել ապագա տնտեսական աճի ու տնտեսության զարգացման համար: Օրինակ՝ 2022 թ. բյուջեով յուրաքանչյուր 3-րդ երեխայի ծնունդի համար 50 հազար դրամ է նախատեսվում, սա պետական միջոցների վատնում է, հանցագործություն է: Պետությունը երկու գործառույթ կարող է իրականացնել. պետք է խթանիչ քաղաքականություն վարի ու տնտեսվարողի վրա գումար ծախսի՝ ապագայում հիմնավոր հույս ունենալով, որ զարգացած բիզնեսը կսպասարկի սոցիալական բեռը: Կամ՝ երկրորդ տարբերակով պետք է ինքը սոցիալական բեռը սպասարկի: Երբ պետությունն իր վրա է վերցնում սոցիալական բեռը սպասարկելու խնդիրը, այդ պետությունն ուղղակի տապալվում է: Այժմ մեր բյուջեն ուղղակի տապալման է գնում, որովհետև այլկերպ հնարավոր չէ»,- ընդգծեց Ն. Սարգսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նույն շարքից