Բիզնես 

Բագրատ Ասատրյան. 2015թ-ին տնտեսությունը երկնիշ թվով անկում կգրանցի

analitik.am

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանն ներկայացրեց տարվա վերջին հրապարակած տնտեսական վիճակի վերաբերյալ վիճակագրական տվյալները։ 


«Թվերը մտահոգիչ են, և պետք է սրա մասին խոսել»,- հայտարարեց նա և նշեց, որ 2015թ-ին տնտեսությունը երկնիշ թվով անկում կգրանցի և կհայտնվի տնտեսական ճգնաժամի մեջ, ինչպիսին 2009 թ-ին էր:

 

«Անցած տարվա ընթացում տնտեսությունը պահող հիմնական ցուցանիշների անկում ունենք, թվերն առկա են, Ռուսաստանից ինվեստիցիաները կրճատվել են, ավելի ծանր են տրանսֆերտների ցուցանիշները»,- հայտարարեց նա և նշեց, որ տարեվերջին անկում է գրանցվել առևտրաշրջանառության ոլորտում:


«Նոյեմբեր-դեկտեմբերի ընդհանուր ծավալի կրճատումը եղել է 33%, 25%՝ դեկտեմբերին: Հունավարին կրճատումը կազմեց 40%, իսկ եթե խոսենք զուտ ծավալներով, ապա առևտրաշրջանառությունը 60%-ով հունվարին կրճատվել է: Սա արդեն ցույց է տալիս 15 թ-ի տնտեսության գործունեությունը»,- ասաց նա։

 

 

Տնտեսագետը նկատեց, որ ԵՏՄ մտնելու հասարակության  ոգևորությունը՝ արտաքին առևտրի ծավալների մեծացման, տնտեսական ներդրումների և այլնի մասին խոստումները իրականություն չդարձան։ «Հակառակը՝ ունենք դժգույն արդյունքներ: ՌԴ-ի հետ այո՛, առևտուրը մի քիչ ավելացավ, բայց այն չէր, ինչ ակնկալվում էր: Մենք պատրաստ չենք Մաքսային միությանը, ո՛չ ՄՄ կա, ո՛չ էլ զարգացման հնարավորություն՝ հաշվի առնելով օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմանները, որոնք ՌԴ-ի նկատմամբ կիրառվում են»,- ասաց նա:


Իսկ թե ելքը որն է, ըստ նախկին ԿԲ նախագահի՝ պետք է իշխանությունը տնտեսական քաղաքականություն վարի։  «Այս իրավիճակում ինչ-որ վճիռներ պետք է իրականացվեն, վերանայվի բյուջետային քաղաքականությունը: Զբաղվածության ոլորտն ապահովեն, ամենամեծ ոլորտը, իհարկե, շինարարության ոլորտն է, որի մասով լիքը բաներ ունենք անելու՝ ավիրված գյուղեր,  վտանգված շենքեր: Այս իրավիճակին ադեկվատ լուծում պետք է տրվի»,- ասաց նա:


ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը, ըստ էության, համաձայն է ներկայացված թվերի հետ: «Տարվա ամփոփման հրապարակած ցուցանիշներով մենք ունենք որոշակի  տնտեսական ակտիվություն, չնայած բացասական միջազգային զարգացումներին, որոնք հիմնականում պայմանավորված են ՌԴ-ում ստեղծված իրավիճակով։ Ուղղակի պատճառները հայտնի են բոլորին՝ սանկցիաներ, Ուկրաինայի արևելքում ռազմական գործողություներ և այլն»,- ասաց նա:      

 

Նա՝ որպես տնտեսագետ, գիտի, որ ՌԴ-ում տնտեսական անկման ցուցանիշները կպահպանվեն 2-3 տարի, իսկ թե ինչ բացասական հետևանքներ կլինեն ՀՀ-ի վրա, ժամանակը ցույց կտա: «Դա ոչ միայն տրանսֆերտների անկումն է, նաև արտահանման հետ կապված, գործարարների որոշակի հարցեր»,- ասաց նա:


Իսկ թե ինչ լուծումներ կլինեն, ասաց. «Կարծում եմ, որ կոնկրետ այն, ինչ կատարում ենք օրենսդրական դաշում՝ «Շրջանառության մասին օրենքը», լուծումները հենց այդ դաշտում պետք է գտնել»: 

Նույն շարքից