Հարցազրույց Քաղաքականություն 

Ինչո՞ւ միասնական ընդդիմությունն ԱԺ նախագահի ընտրություններում չառաջադրեց թեկնածու

analitik.am

Ոչ իշխանական չորս ուժերը փորձում են անել ամեն ինչ, որպեսզի ստեղծվի տպավորություն, թե իբր նրանք միասնական են և  անկոտրուն: Սակայն, այսպես կոչված, միասնությունը կարծես թե անմիջապես հօդս է ցնդում, երբ առաջ է գալիս անձնական  շահի խնդիրը: Այսպիսով, հասկանալու համար, թե ինչու վերոնշյալ ուժերը հանդես չեկան ԱԺ նախագահի՝ մեկ և  ընդհանուր թեկնածույով, Analitik.am-ը փորձեց ճշտել տվյալ խմբակցությունների պատգամավորներից, սակայն նրանցից շատերն, իրոք, ոչ աշխատանքային տրամադրությամբ էին, վայելում էին իրենց հանգիստը և  չէին պատասխանում հեռախոսազանգերին: Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց կապ հաստատել ԲՀԿ և  «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հետ.


ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Չեմ կարող ասել, թե ինչու միասնական որոշում չկայացվեց տվյալ հարցի հետ կապված, սակայն կնշեմ՝փաստն այն է, որ ոչ իշխանական չորս ուժերի օրակարգում միասնական թեկնածույով հանդես գալու հարց չի քննարկվել: Իհարկե, չեմ կարող ասել, թե ինչու չի քննարկվել, երևի թե չի եղել դրա անհրաժեշտությունը: Ներկայացնելով «Բարգավաճ Հայաստանի»  տեսակետը ասել եմ, որ մենք ԱԺ նախագահի ընտրությունը հատուկ իրադարձություն չենք դարձնում, որովհետև  հրաշալի հասկանում ենք, որ Ազգային ժողովի նախագահի ընտրությամբ, կամ հակառակ գործընթացով մեր երկրում ոչինչ չի փոխվելու: Մենք հրաշալի հասկանում ենք, թե իրականում երկրի խնդիրները որտեղ են թաղված և որտեղ կարող են լուծվել կամ էլ չլուծվել, ուստի ինձ համար հասկանալի չէ ԱԺ նախագահի ընտրության շուրջ ստեղծված աժիոտաժը:


Հարկ եմ գտնում նկատել, որ բացի միասնական թեկնածուի հարցը չքննարկելուց, քառյակը որոշում չի կայացրել տվյալ ընտրությանը միասնաբար քվերակելու հետ կապված: Պետք է նշեմ նաև, որ քառյակում մենք ունենք հստակ պայմանավորվածություն, որ բոլոր այն դեպքերում, երբ մենք չունենք միասնական որոշում, ապա յուրաքանչյուր քաղաքական ուժ ազատ է իրացնելու իր սեփական որոշումը և  հենց այդպես էլ գործել է ԲՀԿ-ն: Մեր խմբակցությունում ընտրությանը մասնակցելու հարցը քննարկվել է և մեծամասնության դիրքորոշմամբ որոշվել է ազատ ռեժիմով մասնակցել ընտրություններին: Իրականությունն այն է, որ ով ցանկացել մասնակցել է, իսկ ով չի ցանկացել չի մասնակցել»:


Այն հարցին, թե արդյո՞ք ոչ իշխանական ուժերի կողմից ԱԺ նախագահի ընտրություններում միասնական թեկնածույով հանդես չգալը հարմար առիթ դարձավ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի համար հայտարարելու, թե ՀՀ նախագահի ու վարչապետի պաշտոնին հավակնողների ուղին անցնելու է Մելիք-Ադամյան փողոցով, տիկին Զոհրաբյանը նկատեց. «Անկեղծ ասած, կապ չեմ տեսնում Շարմազանովի հայտարարության և ոչ իշխանական չորս ուժերի թեկնածու չառաջադրելու հետ, կարծում եմ, որ դրանք իրար հետ կապ չունեցող եզրույթներ են»:

 

Դե իսկ «Ժառանգություն»  խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն էլ նույն հարցադրումների շուրջ հայտնեց հետևյալ տեսակետը. «Երբ քննարկում է տեղի ունեցել ոչ իշխանական չորս ուժերի միջև ես Հայաստանում չեմ եղել և չգիտեմ անգամ ԱԺ նախագահի ընտրություններում միասնական թեկնածույով հանդես գալու առաջարկ եղել է, թե ՝ոչ: Սակայն անգամ ներկա գտնվելու պարագայում ավել բան ասել չեմ կարող, քանի որ այդ քննարկումները փակ ֆորմատի են:


Իսկ ինչ վերաբերվում է Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, կասեմ, որ դժվարանում եմ կապել այդ երկու խնդիրներն իրար հետ, սակայն կարող եմ նշել, որ Հայաստանի ցանկացած իշխանության ճանապարհն անցնում է բոլոր գյուղերով, փողոցներով և  ամեն բնակարանով: Ի վերջո, մարդիկ պետք է գիտակցեն, որ Հայաստանում իշխանությունը ժողովրդինն է, և  հենց ժողովուրդը պետք է որոշումներ կայացնի, այլ ոչ թե Մելիք-Ադամյան փողոցի վրա հայտնված մարդիկ: Սա է մեծագույն գաղափարը, որը պետք է գիտակցենք, և որով պետք է առաջնորդվենք»:



Լիլիթ Կարապետյան

Նույն շարքից