Հասարակություն Հարցազրույց Մշակույթ 

Լիովին արդարացված եմ համարում հայերի պահանջը ցեղասպանության ընդունման գործում. Ամոս Գիտայ

analitik.am

  Այսօր երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում «Ոսկե Ծիրան»-ի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրի բացումը կլինի «Անա Արաբիա» ֆիլմի ցուցադրությամբ: «Անա Արաբիա» ֆիլմի ռեժիսորն ազգությամբ հրեա Ամոս Գիտայն  է:  Առավոտյան՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, Ամոս Գիտայը խոսեց հայ և հրեա ազգերի անցյալի մասին՝ ասելով, որ այնքան լավ տեղյակ չէ միջին արևելքում  առկա իրավիճակի մասին, որքան մենք, բայց  կա որոշակի զուգահեռ հայ և հրեա ժողովրդի միջև, քանի որ նրանք տեսել են ջարդեր, կա խնդիր ինքնության և սեփական տարածքի:

 

 «Հայերի և հրեաների միջև նմանություն տեսնելով՝ լիովին արդարացված և օրինական եմ համարում հայերի պահանջը ցեղասպանության ընդունման գործում: Սա պարզապես անցյալի հիշողության հետ կապված մի սենտիմենտալ խնդիր չէ, այլ խնդիր՝  որի հետ կապված է մեր ապագան, քանի որ միայն անցյալի ոճրագործությունների  ընդունմամբ կարող ենք վստահ լինել, որ չի լինի բռնություն թե՛ հայ, թե՛ հրեա, թե՛ ցանկացած ժողովրդի նկատմամբ»,- ասաց Ամոս Գիտայը:

 

 

 Ռեժիսորն իր խոսքում նշեց, որ նկարում է ֆիլմ ինքնության մասին և անձնական մոտեցում ու վերաբերմունք է ցուցաբերում, քանի որ ֆիլմը  լրագրողական աշխատանք չէ, որ միայն փաստեր նշվեն՝ առանց սուբյեկտիվության:  Ռեժիսորը նշեց, որ կինոարտադրությունը հզոր մի ձև է՝ պահպանելու հիշողությունը և անցյալը:

 

www.analitik.am-ի այն հարցին, թե ի՞նչ գիտի Հայաստանի  մասին՝ նա պատասխանեց.

 

 «Որոշ չափով տեղեկացված եմ հայ ժողովրդի պատմությունից: Երուսաղեմի ամենագեղեցիկ թաղամասերից մեկը  հայկական թաղամասն է, որտեղ ես եղել եմ և ունեմ շատ հայ ընկերներ: Ատոմ Էգոյանը ևս իմ լավ ընկերն է և ինձ միշտ պատմել է Հայաստանի մասին: Երկար տարիներ մտածել եմ Երևան գալու մասին՝ ներքուստ միշտ համակրանք ունենալով այն խնդրի շուրջ, որ այստեղի ժողովուրդն էլ  է անցել  տառապանքի միջով և կարիք ունի այդ մասին աշխարհին ներկայացնելու»:

 

Գիտայը նաև նշեց, որ ժամանակին Ռոտերդամում հանդիպել է Փարաջանովին և տպավորված է այդ հանդիպումից:

 

Ամոս Գիտայը ծնվել է 1950-ին Հայֆայում (Իսրայել): 

 2013-ին Վենետիկի ՄԿՓ-ում Գիտայը «Անա Արաբիա» (2013) ֆիլմի համար արժանացավ SIGNIS-ի մրցանակին՝ պատվավոր հիշատակման և «Կանաչ Կաթիլ» մրցանակին: Նրա գործերի հետահայաց մեծ ցուցադրություններ են կազմակերպվել Պոմպիդու կենտրոնում (Փարիզ), NFT-ում և ICA-ում (Լոնդոն), Լինքոլն կենտրոնում (Նյու Յորք), Բեռլինի Kunstwerk-ում, Մադրիդի, Երուսաղեմի, Փարիզի, Սան Պաուլուի, Տոկիոյի, Թորոնթոյի ֆիլմադարաններում և այլուր: 

 

                                                                                                                          Արմինե Բրսոյան

Նկարները՝  Քրիստինա Դանիելյանի

 

 

 

 

 

 

Նույն շարքից