Առողջապահություն 

Հեպատիտ C-ի տարածվածությամբ Հայաստանը միջին դիրքերում է

analitik.am

Հայաստանը հեպատիտ B  եւ C վիրուսների տարածվածության մակարդակով գտնվում է միջանկյալ դիրքերում։ Այս մասին ապրիլի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ, Հայաստանի լյարդաբանական ասոցիացիայի նախագահ՝ Հասմիկ Ղազինյանը։


Նա պարզաբանեց, որ վիրուսային հեպատիտների դեպքում երբեւիցե չի բարձրաձայնվում, թե որ երկրում քանի ինֆեկցված մարդ կա, ուղղակի գոյություն ունեն աշխարհագրական տարածվածության մակարդակներ՝ ցածր, միջին եւ բարձր։ «Հայաստանը գրավում է միջին տարածվածության դիրքը։ Նախնական տվյալներով հեպատիտ B –ի տարածվածությունը կազմում է 1-2% (միջին տարածվածություն), հեպատիտ C-ի՝ 4%», - ասաց նա, տեղեկացնելով, որ առաջիկայում Հայաստանում կանցացվեն նոր լայնածավալ հետազոտություններ վարակվածության աստիճանը ստուգելու համար, որովհետեւ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի հանրապետությունում նկատվում է հեպատիտ C-ով ինֆեկցվածների աճ։ Ոսումնասիրությունը կսկսվի աղետի գոտուց, որովհետեւ այնտեղ 1988-ից ի վեր անցկացվել են բազմաթիվ մանիպուլյացիաներ արյան հետ։


Հ.Ղազինյանը տեղեկացրեց, որ վիրուսային հեպատիտով աշխարհում վարակված է 600 մլն մարդ, որից 400 միլիոնը՝ հեպատիտ B –ով, իսկ 200՝ C-ով։ Այսինքն, աշխարհում ամեն 11-րդը ունի հեպատիտ, եւ «մեզանից ով կլինի 12-րդը՝ դա անկանխատեսելի է»։


«Հեպտաիտ C-ն ունի աճման տենդենց, եւ 10 տարի հետո այն կկրկնապատկվի, կաճի նաեւ մահացությունը այս հիվանդությունից», - ասաց նա, ընդգծելով, որ սա գլոբալ համաշխարհային խնդիր է, որովհետեւ հեպատիտի բարդություններն են լյարդի ցիռոզը, լյարդի անբարարությունը եւ լյարդի առաջնային ուռուցքը, որոնք հիվանդության քրոնիկ ընթացքի դեպքում հանդիպում են 40% հիվանդի մոտ։

Նույն շարքից