Առողջապահություն 

Էպիլեպսիա

analitik.am

Էպիլեպսիան մարդկությանը հայտնի է շատ հին ժամանակներից: Հին Հունաստանում և Հռոմում այս հիվանդությունը կապում էին մոգության հետ և անվանում էին «Սուրբ հիվանդություն»: Ընդունված էր համարել, որ այդ հիվանդությամբ հիվանդանում էին մարդիկ, ովքեր ոչ ճիշտ կյանքով էին ապրում:

Արդեն Ք. ա. 400թ.-ին Հիպոկրատը  գրեց էպիլեպսիայի վերաբերյալ առաջին տրակտատը: Հին ժամանակների մեծ բժիշկը ենթադրում էր, որ հիվանդության ցնցումները պայմանավորված են ցրտի, արևի և քամու հետ, որոնք ուղեղի կառուցվածքի փոփոխություն են առաջացնում:

Ժամանակակից բժշկության մեջ էպիլեպսիան ընկալվում է որպես գլխուղեղի խրոնիկական  հիվանդություն, որի միակ կամ գերիշխող  հատկանիշը անընդհատ կրկնվող էպիլեպսիկ ցնցումներն են:

Էպիլեպսիան բավականին տարածված հիվանդություն է, որով ամբողջ աշխարհում տառապում է 40մլն մարդ:


Ի՞նչից է այն առաջանում:


էպիլեպսիկ ցնցումները արդյունք են գլխուղեղի կեղևի առանձին մասի բոլոր նեյրոնների (նյարդային բջիջների) համաչափ գրգռման: Նման ցնցումների առաջացման պատճառ կարող է լինել գլխի վնասվածքը (ուղեղի ցնցում), ինսուլտը, մինինգիտը, սկլերոզը, հարբեցողությունը (յուրաքանչյուր 10-րդ հարբեցողը տառապում է էպիլեպսիայով), թմրամոլությունը և այլն: Միաժամանակ էպիլեպսիան կարող է նաև ժառանգաբար փոխանցվել:

Էպիլեպսիայով հիվանդների 2/3-ի մոտ առաջին ցնցումը առաջ է գալիս մինչև 18 տարին լրանալը:

Էպիլեպսիան չի կարելի խառնել հիստերիայի հետ: Մարդկանց մոտ հիստերիայի ցնցումները առավել հաճախ զարգանում են որոշակի ծանր ապրումներից հետո՝ կապված տխրության, վիրավորանքի, վախի հետ և, որպես կանոն, հարազատների կամ օտար մարդկանց ներկայությամբ: Մարդը կարող է ընկնել, սակայն պահպանում է գիտակցությունը և ձգտում է իրեն վնաս չպատճառել: Հիստերիայի նոպայի տևողությունը 15-20 րոպե է, շատ հազվադեպ կարող է ձգվել մինչև մի քանի ժամ: Հիստերիայի ցնցումներից հետո մարդկանց մոտ ի հաըտ է գալիս խլություն, ընդարմություն  կամ քնելու ցանկություն, ինչը սովորաբար չի լինում  էպիլեպսիայի դեպքում:


Ի՞նչ է տեղի ունենում էպիլեպսիայի ժամանակ


Էպիլեպսիայի թեթև ցնցումները արտաքին աշխարհի հետ վայրկենական ու կարճաժամկետ կապի կորուստ է: Ցնցումները կարող են ուղեկցվել շրջապատի համար անտեսանելի՝ դեմքի, կոպերի ջղաձգմամբ: Նույնիսկ կարող է թվալ, որ մարդը մտածմունքների մեջ է ընկել 1 րոպեով:

Էպիլեպսիկ ցնցմանը հաճախ նախորդում է հատուկ վիճակ, որն անվանում են աուրա: Աուրայի դրսևորման ձևերը շատ տարբեր են և կախված են նրանից, թե գլխուղեղի որ հատվածում է գտնվում էպիլեպսիկ կենտրոնը: Դա կարող է արտահայտվել մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, անհանգստությամբ, գլխապտույտով, «երբեք չտեսածի»  (jamais vu) կամ «արդեն տեսածի»  (deja vu)  դրսևորումներով և այլն:

Կարևոր է հասկանալ, որ ցնցման ժամանակ հիվանդը ոչինչ չի գիտակցում և չի զգում ոչ մի ցավ: Ցնցումը տևում է ընդամենը մի քանի րոպե:



Ի՞նչ անել ցնցման ժամանակ


  • չփորձել զսպել ջղաձգումները,

  • չառանձնացնել սեղմած ատամները,

  • չպետք է տալ արհեստական շնչառություն կամ սրտի մերսումներ, հիվանդին պառկեցնել հորիզոնական դիրքով և գլխի տակ դնել փափուկ բարձ կամ այլ իր,

  • չտեղափոխել հիվանդին այն տեղից, որտեղ տեղի է ունեցել ցնցումը, եթե միայն այն չի համարվում կյանքի համար

  • թեքել հիվանդի գլուխը կողքի՝ խուսափելու համար լեզուն կուլ տալուց

Ցնցման ավարտից հետո անհրաժեշտ է թողնել մինչ հիվանդը ուշքի կգա: Հաճախ ցնցման ավարտից հետո հիվանդների մոտ առաջ է գալիս գիտակցության կորուստ և թուլություն և պետք է անցնի որոշ ժամանակ՝ 5-30 րոպե՝ մինչ հիվանդն ինքնուրույն կկարողանա վեր կենալ տեղից:

Առանձնահատուկ վտանգ են ներկայացնում այն ցնցումները, որոնք հաջորդում են մեկը մյուսին և առանց դադարի: Այդպիսի վիճակը անվանում են էպիլեպսիկ կարգավիճակ: Այն մահացու վտանգավոր է, քանի որ հիվանդի մոտ շնչառությունը դադարում է, և հիվանդը կարող է մահանալ շնչահեղձությունից: Էպիլեպսիկ կարգավիճակը համարվում է էպիլեպսիայով հիվանդների մահվան հիմնական պատճառը և պահանջում է անհետաձգելի բժշկական օգնություն:


Էպիլեպսիայի ախտորոշումը և բուժումը


Էպիլեպսիկ ցնցման առաջացման  դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել նյարդաբանի: Միաժամանակ, ցնցումների պատճառների և բնույթի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիա ստանալու համար անհրաժեշտ է դիմել էպիլեպտոլոգի: Մեթոդը, որը թույլ է տալիս որոշել հիվանդության առկայությունը, համարվում է էլեկտրաէնցեֆալոգրաֆիան: Գլխուղեղում էպիլեպտիկ կենտրոնի դիրքը որոշում են մագնիսա-ռեզոնանսային և համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով: Երբեմն էպիլեպսիկ ցնցումների անվան տակ թաքնվում են այլ երևույթներ՝ ինչպես օրինակ ուշագնացությունը, քնի և գիտակցության խանգարումները և այլն: Եվ համոզվելու համար, որ ցնցումները իրոք էպիլեպսիայի հետ են կապված, օգնում է պարզել վիդեո- էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի մեթոդը:

Ժամանակակից բժշկությունը թույլ է տալիս 70% դեպքերում հիվանդին ազատել ցնցումներից: Դեղապրեպարատներով բուժման անարդյունավետության կամ անհնարինության դեպքում կարող է նշանակվել նաև վիրահատական միջամտություն:






Analitik.am

 

Նույն շարքից