Հիշում եմ և պահանջում 

Երիտթուրքերը ուշի ուշով հետևել են հայ մարզիկների, հայ մարզական ակումբները գործունեությանը. Հայկ Դեմոյան

analitik.am

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսօր Հայկ Դեմոյանի «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» պատկերազարդ մենագրության շնորհանդեսն էր և համանուն ժամանակավոր ցուցադրության բացումը:

Լուսանկարչական հարուստ նյութով ու հետաքրքիր դրվագներով վերահրատարակված գիրքը ներկայացնում է Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի և մարմնակրթության ձևավորման նախապատմությունը, արևմտահայության շրջանում մարմնամարզության ու սպորտի զարգացման ընթացքն ու առաջին հայ մարմնամարզական ակումբների գործունեությունը:

Հրատարակության հեղինակը շնորհանդեսին նշեց, թե գիրքը գրելու առիթ է եղել պատահական դիպվածով Ֆրանսիայում ու Պոլսում նշանավոր մարզիկ Գրիգոր Ճոլոլյանի  ընտանիքի հետ հանդիպումը: «Ցնցող իրադարձություն էր, երբ որոշում կայացրեց ընտանիքը Փարիզում հանձնել Ճոլոլյանի հավաքածուն թանգարան ինստիտուտին, ինչն էլ դարձավ գիրք կազմելու և ցուցադրություն ներկայացնելու առանցքը»,- ասաց Դեմոյանը և հավելեց, թե 600 լուսանկարները ներկայացնում է հայկական սպորտը 1900-1923 թթ.-ին:

Հայկ Դեմոյանը հասցրեց մի քանի դրվագ ներկայացնել՝ նկատելով, որ Օսմանյան կայսրությունը ներկայացնող առաջին օլիմպիականները, որոնք հանդես են եկել  օսմանյան դրոշի ներքո երկու հայ մարզիկներ են եղել՝ Վահրամ Փափազյանը և Մկրտիչ Մկրյանը, ովքեր մասնակցելով 1912 թ-ին Ստոկհոլմի 5-րդ միջազգային օլիմպիական խաղերին՝ պատիվ են բերել Օսմանյան կայսրությանը:

Դեմոյանը շեշտեց, որ հայկական սպորտը բուռն զարգացում էր ապրում, Պոլսում և Զմյուռնիայում ձևավորվում էին առաջին հայկական ֆուտբոլային թիմերը: «Այս ընթացքում ի հայտ եկան նաև պրոֆեսիոնալ մարզական կրթություն ստացած մարզիկներ, սպորտսմենի կրթություն ստացած Շավարշ Քրիսյանը, ով նաև «Մարմնամարզ» պարբերականի  խմբագիրն էր,  Մկրտիչ Մկրյանը և այլոք, ովքեր նշանակալից դերակատարություն ունեցան օսմանահպատակ հայերի շրջանում սպորտի մասսայականացմանը և դրա հանդեպ հետաքրքրության մեծացման գործում»,- ասաց նա և հավելեց, թե նման զարգացումն իհարկե դուր չէր գալիս Օսմանյան իշխանություններին:

Հեղինակն առանձնացրեց գրքում իր համար տեղ գտած իր իսկ խոսքով՝ «համեղ պատառը»՝ «Սպորտը և ազգայնական մրցակցությունը» գլուխը: «Որովհետև  գիտական նոր հիմնավորում է այս մեկնաբանության մեջ  գալիս, Մեծ եղեռն իրականացնելու և հոգեբանական նախադրյալներ ստեղծում՝ հայ ժողովրդի, ի մասնավորին հայ մարզիկների մարմնակրթական շարժման հանդեպ: Երիտթուրքերը ուշի ուշով հետևել են հայ մարզիկների, հայ  մարզական ակումբները  գործունեությանը, սկաուտական շարժումը համարվել է երկրի հիմքը քայքայելու շարժում: Նկատեք, որ ներքին գործերի նախարար Թալեաթը դիմել է Էնվերին՝ 1914թ-ին և ասել, որ համազգեստավոր հայ սկաուտների քայլարշավը երկրին սպառնացող  վտանգ է և ուստի ներքին գործերի նախարարությունը չէ, որ պետք է զբաղվի, այլ պատերազմական նախարարությունը պետք է զբաղվի»,- ասաց նա:

Նշենք, որ միջոցառման պատվավոր հյուրերի թվում էին նաև նշանավոր մարզիկներ և սկաուտապետեր Գրիգոր Ճոլոլյանի, Շավարշ Քրիսյանի, Վահան Չերազի ժառանգները:

Գրիգոր Ճոլոլյանի որդին` Պատրիս Ճոլոլյանը նշեց, թե ուրախ է, որ  Հայկ Դեմոյանը հանրայնացրել է իրենց ժառանգությունը: «Ցանկացա, որ այդ հավաքածուն տանս չմնար և ապագա սերունդները իմանային, թե ինչպես են ապրել Օսմանյան կայսրությունում»,- ասաց նա:

Նույն շարքից