Հոգեբանի անկյուն 

Երջանիկ լինելու արվեստը

analitik.am

Այսօր մեզ թվում է, թե երջանկությունը այն է, ինչին մենք այդքան ձգտում ենք, սակայն, հասնելով մեր նպատակին, հասկանում ենք, որ այդ երջանկության զգացումն այնքան էլ երկար չի տևում և մեզ նորից կյանքում որևէ բան պակասում է:



Մենք մշտապես գտնվում ենք երջանկության որոնումների մեջ, մշտապես սպասում ենք դրան: Հաճախ վազելով դրա ետևից` մենք բաց ենք թողնում այն լավը, որ կա մեր կյանքում: Այն, ինչ մենք արդեն ունենք, ընկալվում է որպես ինքնըստինքյան ենթադրվող մի բան, իսկ այն, ինչին դեռ ձգտում ենք, թվում է իրական երջանկություն:



Մշտապես նախապատրաստվելով ապագային` փոխարենը ներկայիս կյանքով ապրելուն ու ուրախանալուն, մենք հետաձգում ենք մեր երջանկությունը, կորցնում ուրախությունը զգալու և այն գնահատելու ընդունակությունը, և երբ գալիս են երկար սպասված  երջանիկ պահերը, բաց ենք թողնում դրանք: Եթե մենք ցանկանում ենք հաճույք ստանալ կյանքից, ապա պետք է ապրենք այսօրվա օրով, այլ ոչ թե անցյալի հուշերով կամ ապագայի պլաններով: Անհրաժեշտ է, մի կողմից, գնահատենք այն, ինչ ունենք այսօր և ուրախանանք դրանով, իսկ մյուս կողմից` ձգտենք նոր երազանքների ու նպատակների իրագործմանը:
Երջանկության ֆենոմենը լի է պարադոքսներով: Դրանցից մեկում ասվում է. Որքան մարդն ավելի շատ ձգտի երջանկության, այդքան ավելի դժվար կլինի դրան հասնելը: Կենցաղային պատկերացումների տեսանկյունից քիչ պարադոքսալ չեն նաև այնպիսի էմպիրիկ փաստերը, ինչպիսին օրինակ այն է, որ ծեր մարդիկ հաճախ ավելի երջանիկ են լինում, քան երիտասարդները, կամ այն, որ երջանկութունը պայմանավորված չէ մարդու ֆինանսական կարգավիճակով (աղքատը նույնպես կարող է երջանիկ լինել, մինչդեռ հարուստը` դժբախտ):



Երջանկության ընդհանուր հոգեբանական բնութագիրը կապված է ուրախության և բավարարվածության զգացումի հետ: Որքան էլ տարօրինակ թվա, երջանկության բերկրանքը կայանում է նրանում, որ այն երբեք ամբողջական և հարատև չի լինում: Հարատև երջանկությունը լավագույն դեպքում ձանձրալի կլիներ, իսկ վատագույն դեպքում` սարսափելի: Վերելքներն ու վայրէջքները մեր կյանքն ավելի հետաքրքիր են դարձնում` հաղորդելով սուր զգացողություններ: Մութն անհրաժեշտ է, որպեսզի լույսն ավելի վառ թվա: Առանց ցավի հաճույք չի լինում, ինչպես  նաև չի լինում ուրախություն առանց տխրության:


Հայտնի հոգեբան Կարլ Յունգն ասում էր. «Առանց մթության երջանկություն  չի կարող լինել, և «երջանկություն» բառն ամբողջովին կկորցներ իր իմաստը, եթե գոյություն չունենար տխրության հետ համատեղ: Ավելի լավ է երևույթներն ընդունել այնպիսին, ինչպիսին  կան` դրսևորելով համբերություն ու հանգստություն»:


Չնայած երջանկության սուբյեկտիվ բնույթին, պոզիտիվ հոգեբանության մասնագետներն առանձնացնում են երջանկության մի քանի բաղադրիչներ: Ամենից դրական հույզերի կամ տրամադրության շարքին են նրանք դասում ուրախությունը, էյֆորիան, բավարարվածությունը և էքստազը, իսկ  երջանկությանը խանգարող զգացմունքների  ու հույզերի մեջ նրանք առանձնացնում են մեղքի զգացումը, ամոթը, տխրությունը, անհանգստությունը, վախը, ատելությունը, զզվանքը և նախանձը:

Նույն շարքից