Գլխավոր Տնտեսություն 

Համալիրը մեկ ամիս շահագործելու համար անհրաժեշտ է 100 հազ. ԱՄՆ դոլար. համալիրի նախկին մամուլի խոսնակ

analitik.am

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը չէր կարող վաճառվել, քանի որ դեռևս չի ավարտվել շենքի վաճառքի հետ կապված դատական գործը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց համալիրի նախկին սեփականատեր «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի փաստաբան Արմեն Հակոբյանը՝ մանրամասնելով, որ խոսքը կառավարության և ԴԱՀԿ-ի միջև կնքված որոշումն է՝ գույքը պարտքի դիմաց վերցնելու վերաբերյալ։

«Կենտրոնի դատարանում շուրջ մեկ տարի է շարունակվում է դատական գործընթացը և մինչ օրս որոշում չի կայացվել։ Նույն կառավարությունը հստակ նշել էր, որ շարժական գույքը պետք է հանձնվեր սեփականատերերին, սակայն այդ գործերով ևս չկան դատական ակտեր ու հիմա գույքը օտարվում է։ Նշեմ նաև, որ մեր ընկերության սնանկության գործընթացը ևս ավարտված չէ»,-ասաց նա՝ ավելացնելով, որ ընկերությունը նաև ՀՀ դատարաններում գործը վիճարկելուց հետո դիմելու է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Համալիրի նախկին մամուլի խոսնակ Կորյուն Գրիգորյանն էլ ընդգծեց, որ նախկին սեփականատեր «ԲԱՄՕ» ընկերությունը տարիներ առաջ ավերակ վիճակում է գնել շենքը և կատարել ավելի քան 40 մլն դոլարի չափով ներդրում, այսինքն՝ շենքի գինն իրականում այսօր շատ ավելին է, քան 30 մլն դոլարը։

Հարցին, թե շահութաբեր է համալիրի շահագործումը և եթե այո, ապա ինչու սնանկացավ ընկերությունը, Կորյուն Գրիգորյանը պատասխանեց. «Համալիրը մեկ ամիս շահագործելու համար անհրաժեշտ է 100 հազ. ԱՄՆ դոլար, քանի համերգ եք հիշում, որ այդքան գումար կբերեր։ Միայն ֆոյեի լույսերը մի ժամում 1000 դոլարի ծախս են առաջացնում։ Մենք համալիրը շահագործել ենք այլ բիզնեսներից գումար ներդնելով, որովհետև մեր ժողովուրդը հնարավորություն չունի համերգներին այնքան գումար տա, որ համալիրի շահագործումը դառնա շահավետ»։

Հարցին, թե այդ դեպքում ինչու էին շահագործում, նա պատասխանեց, որ հեղինակության և բարեգործության, որովհետև համալիրը իր իսկ նշանակությամբ շահագործելը բարեգործություն է։

Նույն շարքից