Հայաստան Քաղաքականություն 

Գործող Սահմանադրությամբ` հանրաքվեների հարցերով ժողովրդի մասնակցությունը որոշակիորեն սահմանափակված է. Վարդան Պողոսյան

analitik.am

Սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախագիծը ելնում է այն կանխավարկածից, որ կառավարման կիսանախագահական համակարգի բարելավման բոլոր հնարավորությունները սպառված են և անհրաժեշտ է անցում կատարել խորհրդարանական համակարգին:

Այս մասին ԱԺ պետական–իրավական հանձնաժողովի նիստի օրակարգում սահմանադրության փոփոխությունների նախագծին եզրակացություն  ներկայացնելու հարցի քննարկմանը արձանագրեց սահմանադրական փոփոխությունների մասնագիտական   հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը, որով ևս մեկ անգամ  հակիրճ ներկայացրեց այն հիմնական փոփոխությունները, որ արվել են  սահմանադրական փոփոխությունների  նախագծում:

«Եթե մենք ամբողջական հայացք ենք նետում նախագծին, ապա տեսնում ենք, որ մի կողմից ուժեղացվում են բոլոր սահմանադրական  երաշխիքները` մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության առումով»,- նշեց Վարդան Պողոսյանը և ավելացրեց, որ մյուս կողմից` դրանք հնարավորություն են տալիս առաջարկելու կառավարման այնպիսի մի համակարգ, որը թույլ կտա պետությանն ու հանրային իշխանությանը գործել արդյունավետ: Ըստ նրա՝ կարևորը, որ լինի «հակակշիռների այնպիսի համակարգ, որտեղ որևէ իշխանության ճյուղ մյուսի նկատմամբ չունենա գերիշխանություն»:

Վարդան Պողոսյանի մեկնաբանությամբ`  կառավարման համակարգում փոփոխությունները միտված են շարունակելու  այն բարեփոխումները, այն հիմնախնդիրների լուծումը, որոնք առաջադրվել են 2005 թ. բարեփոխումների նախագծում:

«Եթե հիշում  եք` այդ փոփոխությունների հիմնական ուղղությունը խորհրդարանի դիրքի ուժեղացումն էր,  կառավարման այնպիսի համակարգի ստեղծումը, որտեղ ՀՀ Նախագահի  ԱԺ-ի ու կառավարության միջև հաստատվեն հավասարակշռված հարաբերություններ և ԱԺ-ն հնարավորություն ունենա ժողովրդի ներկայացուցիչ լինելու իր առաքելությունը: Սակայն 2005 թ. փոփոխություններն ամբողջությամբ չլուծեցին, չկարգավորեցին այդ հարցերը, այն վտանգներն` արմատախիլ չարեցին, որոնք երկիրը կարող են կանգնեցնել մեծ վտանգների առջև»,– ասաց նա:

Հաջորդ հիմնական փոփոխությունը վերաբերում է ՀՀ Նախագահի դատական իշխանությանը վերաբերող գլխին , որտեղ մի կողմից ուժեղացված են դատական իշխանության ուժեղացման արտաքին երաշխիքները, մյուս կողմից սահմանված են այնպիսի երաշխիքներ, որ դատական իշխանության ներսում  դատավորներն ի վիճակի լինեն առանց կաշկանդվելու իրականացնելու արդարադատության իրենց գործառույթները` առանց որևէ ներքին միջամտության: Մասնավորապես, դատարանների նախագահների:

Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը վերաբերող գլխում փոփոխությունները միտված են  ժողովրդավարության այդ էական  բաղադրիչը հանդիսացող համակարգի ուժեղացմանը և ենթադրում են որոշակի փոփոխություններ ինչպես ավագանիների դերի ուժեղացման, այնպես էլ միջհամայնքային միավորումների ստեղծման հետ կապված:

Վարդան Պողոսյանը նաև նշեց, որ առաջարկվող փոփոխություններից կարևորագույն է ժողովրդի անմիջական մասնակցության ավելացումը կառավարման գործընթացներին: Խոսքը  այն մասին է, որ գործող Սահմանադրությամբ` հանրաքվեների հարցերով ժողովրդի մասնակցությունը որոշակիորեն սահմանափակված է: Ժողովուրդը նախաձեռնելու իրավունք չունի, և առաջարկվող անփոփոխություններով առաջարկվում է վերացնել այդ բացը և քաղաքացիական նախաձեռնություններով նախատեսվում է 50 հազար ստորագրության առկայության պարագայում օրինագծեր ներկայացնել ԱԺ:

«Եթե նման նախագիծը ԱԺ-ի կողմից չի ընդունվում, ապա 300 հազար  ստորագրությունների առկայության պայմաններում` հօգուտ օրինագծի, որը մերժվել է ԱԺ-ի կողմից, այն պետք է  ներկայացվի ժողովրդի դատին և ժողովուրդը հանրաքվեի միջոցով որոշի` հավանություն տալի՞ս է նախագծին, թե ոչ»,-հիշեցրեց Վարդան Պողոսյանը։

Նույն շարքից