Առողջապահություն 

Կարմրախտ

analitik.am

Կարմրախտը ցանով ուղեկցվող սուր վարակիչ հիվանդություն է, որով հիվանդանում են միայն մարդիկ: Հիվանդությունն արտահայտվում է մանրաբիծ ցանով և վերին շնչուղիների  թեթևակի բորբոքմամբ :


Կարմրախտի վարակը


Այն արտաքին միջավայրում անկայուն է ու սենյակային ջերմաստիճանում կարող է պահպանվել մի քանի ժամ: Արագ քայքայվում է  թթվահիմնային  միջավայրի հավասարակշռության խախտման դեպքում : Այն անկայուն է նաև ջերմաստիճանային տատանումների (56 С), չորացման, ախտահանող միջոցների, եթերի ու ֆորմալինի նկատմամբ:

Վարակվելու վտանգը մեծ է նրանց  համար, ովքեր երբեք չեն պատվաստվել հիվանդության դեմ (հիմնականում` 2-9 տարեկան երեխաներ): Հիվանդության բռնկման համար բնորոշ սեզոն է ձմեռ-գարունը: Հայտնի է, որ հարևան Վրաստանում օրերս  կարմրախտով 2000 հիվանդ  է գրանցվել: Հիվանդության համաճարակը կրկնվում է յուրաքանչյուր 10 տարին մեկ:   Մի անգամ հիվանդանալով` ցմահ իմունիտետ է մշակվում այդ հիվանդության նկատմամբ, սակայն, որոշ տվյալների համաձայն` կրկնավարակի դեպքեր ևս եղել են:


Հիվանդանալու պատճառները


Վարակը տարածվում է մարդուց մարդուն, նույնիսկ այն դեպքում, եթե արտահայտված ախտանշաններ չկան: Կարմրախտով հիվանդը վտանգավոր է  մինչև ցանի դուրս գալը ` 5-7 օր և ցանն անհետանալուց  առաջ` 7 օր:

Սա օդա-կաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդություն է (հազալու, փռշտոցի, բղավոցի, խոսակցության, ուժեղ արտաշնչման ժամանակ), մեկ ուրիշ տարբերակ է հիվանդ հղի կնոջից պտղի վարակումը: Ինչպես և գրեթե բոլոր վարակիչ հիվանդությունների դեպքում,  վարակի տարածման համար նպաստավոր են համարվում հավաքները, մարդկանց  կուտակումները:


Ախտանշանները


Բանն այն է, որ մինչ ցանը կարող է ոչինչ չհուշել հիվանդության մասին: Այնպես որ կարելի է վարակվել անգամ «թվացյալ» առողջ  մարդուց: Նախանշանային շրջան կարող է նույնիսկ  չլինել, իսկ եթե կա, ապա այն տևում է մի քանի ժամից մինչև  2 օր: Ընդ որում, նախանշանները շատ թույլ են արտահայտված. սկզբում թուլություն է առաջանում, ապա ջերմությունը բարձրանում է 37,5-38⁰С: Ավշային հանգույցները ցանն առաջանալուց մեկ կամ 2 օր առաջ մեծանում են, այդ վիճակում հիվանդությունը ձգվում է 1-3 շաբաթ (ի դեպ, ավշային հանգույցների մեծացումը միակ արտահայտությունն է, որ մատնում է հիվանդության մասին): Հիմնականում մեծանում են  ծոծրակային ու պարանոցի ավշային գեղձերը, որոնք միայն շոշափելիս են ցավոտ:

Ցանառաջացման շրջանը  տևում  է 3-4 օր, իսկ դրան նախորդում են փափուկ քիմքի վրա հայտնված վարդագույն բշտերը, որոնք կարող են  տարածվել կոշտ քիմքի վրա: Դրանից հետո մանր ցան է առաջանում ամբողջ  իրանի` գերազանցապես դեմքի, մարմնի ծալքավոր մասերի ու հետույքի վրա: Առատ ու մանր ցանը շատ շուտով կորցնում է վառ գույնը: Ցանի տարածումը վկայում է արյան միջոցով օրգանիզմում  վարակի տարածման մասին:

Հնարավոր է, որ ցանառաջացմանը նախորոդող ոչ մի արտահայտություն էլ չլինի, իսկ մեծահասակների մոտ հնարավոր  կարմրությամբ ու այտուցով ուղեկցվող  հոդացավ առաջանա, որն ապաքինումից հետո անհետանում է:


Ապաքինում


Այս շրջանում բոլոր ախտանշանները նվազում ու անհետանում են, սակայն հիվանդը դեռևս վարակիչ է. նա կարող է  ցանի անհետանալուց  մինչև 7 օր դեռևս վարակիչ լինել:


Կարմրախտի բուժումը


Հատուկ բուժում չկա, սակայն  անկողնային ռեժիմ է առաջարկվում  3-7 օր, լիարժեք սնունդ` տարիքային առանձնահատկությունների հաշվառմամբ:


Հիվանդության բարդությունը


Արթրիտներ, էնցեֆալիտ, մենինգոէնցեֆալիտ, ականջաբորբ. պնևմոնիա, քրոնիկ ինֆեկցիաների սրացում:


Կարմրախտի կանխարգելումը


Կանխարգելման առաջին միջոցը վակցինացիան է.  փաստ է, որ դրա արդյունքում նվազել են նաև բնածին ախտանշանների քանակը: Կարևոր է հղի կանանց մեկուսացումը հիվանդներից:

Ինչպե՞ս է սկսվում կարմրախտը: Ցավոք հիվանդությունը մեծ մասամբ նկատվում, զգացվում է ցանի առաջացման հետ: Վարդագույն կամ բաց կարմիր բծերը  միաձուլվում են: Ցանը կարող է ուղեկցվել քորով, ու այդ վիճակը կարող է տևել մինչև  3 օր:  Ցանով ախտահարումից հետո մաշկը պատվում է թեփուկներով:

Իսկ ինչպե՞ս կարելի է մշակել ցանը: Չբարդացած վիճակում այն մշակելու կարիք չի զգացվում: Շատ մարդկանց մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների: Սովորաբար հիվանդության ժամանակ ոչ մի դեղորայք չի նշանակվում, սակայն անկողնային ռեժիմը ցուցված է, հիվանդներին առատ հեղուկ ու վիտամինային թերապիա են նշանակում: Հղիության ժամանակ կարմրախոտով հիվանդանալը խիստ վտանգավոր է ապագա պտղի համար, քանի որ կարմրախտով ախտահարված պտուղը ծնվելուց հետո կարող է առողջական լուրջ խնդիրներ ունենալ, ասենք` հոգեկան թերզարգացում, մտավոր հետամնացություն, սրտի, լյարդի, փայծաղի, ոսկրուղեղի, տեսողական օրգանների  բնածին արատներ, վատ լսողություն կամ նույնիսկ` խլություն:

Կարմրախտը  կարող է  ուղեկցվել գլխացավով, ախորժակի կորստով, հոսող կամ լցված քթի  զգացումով:


Նույն շարքից