Հիշում եմ և պահանջում 

Ի վերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին. The Huffington Post

analitik.am

Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռ և առաջին սերնդի ամերիկահայ Ստեփան Փեչդիմալջին The Huffington Post-ում գրած իր հոդվածում հիշեցնում է, թե ինչպես է Ադոլֆ Հիտլերը Լեհաստան ներխուժելուց առաջ ասել. «Ի վերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին» և մտածել, որ էթնիկ հայերի դեմ օսմանյան թուրքերի կատարած գործողությունները կարող է օգտագործել որպես պլան իր սեփական սադիստական ցանկություններն իրականացնելու համար, և ոչ ոք դա չի նկատի:


 

Հեղինակը նշում է, որ այսօր բոլորը հիշում են այդ մռայլ ժամանակաշրջանը և հարգում նացիստների զոհերի հիշատակը և հարգանքի տուրք տալիս նացիստական ռեժիմի պատճառով տառապած մարդկանց: Անգամ օրենքներ են մշակվել, որոնց համապատասխան հակաօրինական է ժխտել Հոլոքոստի փաստը:

 


Բայց ի՞նչ, եթե այդ ամենը տեղի չունենար, երկրները չճանաչեին Հոլոքոստը և կոչ անեին պատմական հանձնաժողով ստեղծել, որը կքննարկեր տեղի ունեցած դեպքերը, հարցնում է հեղինակը և նշում, որ նման աշխարհ այսօր գոյություն ունի ամերիկահայերի համար, ովքեր շարունակում են պայքարել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ մտադրության բացակայության դեմ:

 

 

Հայոց ցեղասպանությունը փաստ է, գրում է հեղինակը և նշում, որ չնայած առկա պատմական ապացույցներին՝ Թուրքիան շարունակում է ժխտել իր պատասխանատվությունը:

 

Դժբախտաբար այս հարցը քաղաքական ֆուտբոլ է դարձել ԱՄՆ-ում, որտեղ քաղաքական գործիչները, հույս ունենալով ձայներ ստանալ, խոստանում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը և այնուհետ պաշտոնի անցնելուց հետո ենթարկվում ճնշման:


 

Ստեփան Փեչդիմալջին պատմում է, որ մեծացել է՝ լսելով պատմություններ, թե ինչպես են իր պապիկներն ու տատիկները ողջ մնացել ցեղասպանության ժամանակ: Այս պատմությունները խոր ազդեցություն են թողել նրա վրա, և նա երբեք չի կարողացել ամբողջապես հասկանալ, թե ինչպես էր հնարավոր իրականում նման փորձության միջով անցնել:


 

Հեղինակը նշում է, որ բազմաթիվ նամակներ է գրել լրատվականներին այս հարցի շուրջ և կոչ է արել ընկերներին, գործընկերներին և անգամ անծանոթներին պաշտպանել այդ հարցը: Որոշները հարցնում են՝ ինչո՞ւ է դա կարևոր: Դա կարևոր է, որովհետև մերժումը հաճախ ցեղասպանության վերջին փուլն է, գրում է հեղինակը:

 


«Ինչպես և Հոլոքոստը, մենք պարտավոր ենք զոհերի և նրանց ընտանիքների, ինչպես նաև ողջ աշխարհում մարդու իրավունքների անվախ պաշտպանների առջև ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- գրում է նա:


 

Միացյալ Նահանգները նախկինում էլ խոստովանել է իր անցյալի որոշակի սխալներ: Ժամանակ առ ժամանակ ԱՄՆ-ն դատապարտում է Իրանի պես երկրներին, որոնք մերժում են Հոլոքոստը, բայց միևնույն ժամանակ աչք փակում Հայոց ցեղասպանության փաստի վրա: Ինչո՞ւ են հայերը տարբեր: Հայի կյանքն ավելի քիչ արժեքավոր է, քան հրեայի կամ ռուանդացու և կամբոջացո՞ւ: Մինչ մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, ԱՄՆ-ն դեռ պետք է ճշմարտությունը հաստատի, և ժամանակը կպարզի, թե նրանք կորոշեն լինել պատմության ճիշտ, թե սխալ կողմում, եզրափակում հեղինակը:

Նույն շարքից