Հիշում եմ և պահանջում 

Թուրքիայի տարածքում գործող 42 հայկական եկեղեցիներում զանգերը չեն ղողանջելու․ Ռուբեն Մելքոնյան

analitik.am

Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով Թուրքիայի հայկական եկեղեցիներում ապրիլի 24-ին զանգերը չղողանջելու վերաբերյալ Պոլսո հայոց պատրիարքության հայտարարությանը, ասաց, որ հաճախ պատրիարքության և հայ համայնքի կողմից քայլեր են արվում, որ Թուրքիայի իշխանությունները չեն էլ պահանջել:



«Պատրիարքությունը իրեն դուրս է դնում հայոց եկեղեցու քայլերից: Թուրքիայի տարածքում գործող 42 հայկական եկեղեցիներում զանգերը չեն ղողանջելու: Ծրագրվում է հոգեհանգիստ երկու ժողովուրդների զոհերի համար, և սա տեղավորվում է թուրքական այն քարոզչության մեջ, որ կոչվում է ընդհանուր ցավ»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը՝ նշելով, որ Պոլսո պատրիարքությանը Թուրքիայի իշխանությունները որոշակի դեր են վերապահել, և այն չի խոսում հայ համայնքի շահերից:



«Սա հայ եկեղեցուն թուրքական քաղաքականության մեջ ներքաշելու հերթական և դատապարտելի փորձն է: Մեր ունեցած տվյալներով՝ ապրիլի 24-ին Չանաքքալեում տեղի է ունենալու հոգեհանգիստ այդ պատերազմում զոհված հայ և թուրք հերոսների համար: Սա անթույլատրելի բան է»,-նկատեց թուրքագետը:



Բանախոսի գնահատմամբ պոլսահայոց պատրիարքությունը պատասխանատու է Թուրքիայի տարածքում գտնվող եկեղեցիների ու հայերի համար և չի կարելի իրեն այդպես դուրս դնել հայկական գործընթացներից:

 



«Բայց և՛ Հայաստանի, և՛ Թուրքիայի համար կարևոր է տեսնել, որ Ցեղասպանությունից 100 տարի հետո հայոց պատմական հայրենիքի տարբեր հատվածներում՝ Մուշում, Դիարբեքիրում, Դերսիմում տեղի են ունենալու հիշատակի միջոցառումներ: Սա  խոսում է վերազարթոնքի որոշակի երևույթների մասին, դրանք միանշանակ պետք է ողջունել, բայց ավելի զուսպ, որպեսզի տեղ չտանք թուրքական քարոզչության թաքնված ծուղակներին»,–ասաց նա։



Ռուբեն Մելքոնյանը տեղեկացրեց նաև, որ ապրիլի 24-ին հայ համայնքի այլախոհ հատվածը թուրքական պատվերներից դուրս տարբեր միջոցառումներ կանի, քանի որ համախմբված է Մայր Աթոռի շուրջ. «Ստամբուլի և Արևմտյան Հայաստանում ապրող հայության խնդիրները չեն լուծվում, դրանք ավելի են խորանում, քանի որ Էջմիածնի հետ կապը կտրված է»:

Պատմական էքսկուրս անցկացնելով՝ թուրքագետն ասաց, որ նույնիսկ Խորհրդային միության ժամանակ այդ կապը շատ ավելի շատ է եղել:

Նույն շարքից