Հիշում եմ և պահանջում 

Հայկական մշակույթը

analitik.am

Պատմական Հայաստանի տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ հնագույն բնակավայրեր, կիկլոպյան ամրոցներ, պեղվել են հարուստ դամբարաններ (Լճաշեն, Վանաձոր և այլն): Դրանցում գտնված բարձր ճաշակով ու արվեստով պատրաստված զենքերը, գործիքները, կենցաղային առարկաները, արձանիկները, զարդերը և այլն վկայում են հին հայկական մշակույթի բարձր զարգացման մասին: Գեղամա, Սյունյաց լեռներում և այլ վայրերում հայտնաբերված ժայռապատկերները պատկերում են անասնապահական, որսորդական կյանքը, ռազմի տեսարաններ: Հայկական մշակույթը մեծ վերելք ապրեց հնագույն ժամանակներում: Հին հայկական մշակույթի ձևավորման և զարգացման մեջ որոշակի դեր ունեցավ Վանի թագավորությունը: Վերջինիս վերացումից հետո ուրարտական սեպագիրը մոռացվեց: Սակայն պահպանվել են ոչ միայն շինարարական արվեստի, այլև կավե և մետաղյա իրերի, զենք ու զրահի և զարդերի շատ նմուշներ:

Հայ մշակույթը մի նոր ծաղկում ապրեց Ք.ա. VI-IV դդ.: Նյութական մշակույթին վերաբերող նյութերը մեզ տալիս են պեղումները: Հիանալի տեղեկություններ է պահպանել Քսենոփոնի «Անաբասիս» աշխատությունը հայկական բնակելի տների՝ աշտարակավոր և գետնափոր, մասին: Նշված ժամանակներում շինությունները, ինչպես նաև կավե, քարե և մետաղյա իրերն ու զարդերը նույնպես բաժանվում էին երկու խմբի: Դրանցից առաջինին վերաբերողները, որ պատկանում էին հասարակ ժողովրդին, պարզ էին ու հասարակ՝ հակառակ երկրորդ խմբի իրերի, որոնք շքեղ էին և մասամբ բերված էին այլ երկրներից: Հասկանալի է, որ դրանք օգտագործել են հարուստ մարդիկ: Հիշատակության արժանի են Արինբերդում (Թեյշեբաինի) պեղված արծաթե՝ հեծյալների քանդակներով գեղեցիկ ըմպանակները, որոնք պատրաստվել են Ք.ա. V դարում:

Հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակույթը առանձնահատուկ դեր է կատարել մեր ժողովրդի կյանքում: Ազգային կրոնի հետ դարեր շարունակ ծառայել է հայ էթնոսի պահպանման և հաճախ ավելի հզոր շրջակա էթնիկական հանրություններից նրա պաշտպանության գերխնդրին; Աստիճանաբար ձևավորվել է նաև հայկական ազգային մշակութային ավանդույթր, որը թույլ է տվել բյուրեղացնել այդ մշակույթի առավել բնորոշ գծերր և հաղորդել հաջորդ սերունդներին:

Հայկական մշակույթը հանդես է եկել որպես բարդ ու ճկուն մի համակարգ, որր ճշգրտորեն արտացոլելով դարաշրջանի էական խնղիրները' արձագանքել է ժամանակի ու միջավայրի պահանջներին: Հայաստանն իր աշխհարագրական դիրքի թելադրանքով կապող օղակ է եղել Ասիայի և Եվրոպայի (Արևելքի ու Արևմուտքի) միջև:  Հետևաբար, հայ ազգային մշակույթը մշտապես գտնվել է տարբեր ժողովուրդների փոխազդեցությունների ոլորտում՝ միաժամանակ պահպանելով իր ինքնատիպությունը և եզակիությունը:

Հայկական մշակույթը ուշագրավ երևույթ է նաև համաշխարհային մշակույթի հայեցակետից, քանի որ խնամքով պահպանելով ու հարստացնելով սեփականը՝ հայ ժողովուրդը դրանով իսկ արժանի ավանդ է ներդրել երկրագնդի ժողովուրդների ընդհանուր մշակութային գանձարանում: Մեր ազգային նկարագրին, որպես կանոն, խորթ է եղել այլ, թեկուզև ճոխ ու բազմակողմանիորեն զարգացած մշակույթների նմանակող լինելը: Առավելապես տիրապետող է եղել բուն ազգային մշակութային արժեքների անձնվեր պահպանման և հաջորդ սերունդներին ժառանգություն թողնելու ձգտումը:

 

Նույն շարքից