Հիշում եմ և պահանջում 

Տյառնընդառաջը՝ նորապսակների օրհնության օր

analitik.am

 Ամեն տարի փետրվարի 14-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է 40 օրական մանուկ Հիսուսին տաճարին նվիրաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը: Տյառնընդառաջի տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան: Եկեղեցական օրացույցով նոր օրը սկսվում է երեկոյան ժամերգությունից հետո: Այդ ընթացքում կատարվում է արտերի ու այգիների օրհնության կարգ, ինչը խորհրդանշում է ձմռան ավարտն ու գարնան գալուստը: Ժամերգությունից հետո մարդիկ եկեղեցում վառվող մոմերից վառում են իրենց մոմերն ու տանում տուն՝ որպես Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշ: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Տյառնընդառաջը հռչակել է նորապսակերի օրհնության օր: Նորապակները պատարագից հետո ստանում են օրհնություն: Ժողովրդական սովորույթի համաձայն՝ օրհնված մոմի կրակով են վառում Տյառնընդառաջի խարույկը: Ազգագրագետները տոնի արարողակարգի մաս կազմող կրակի վրայով թռչելը կապում են արևի կամ կրակի պաշտամունքի հետ՝ դրանով փաստելով, որ տոնը հին արմատներ ունի: Ըստ նրանց՝ Տյառնընդառաջը գարնան գալստյան, նոր տարվա խորհուրդ ունի: Տյառնընդառաջը ժողովրդի մեջ ընդունված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ (Տերն ընդ ձեզ՝ տիրոջն ընդառաջ) ձևակերպմամբ: Այս օրը բոլոր նորապսակների բակերում խարույկ է վառվում, հավաքվում են հարազատներով ու բարեկամներով, նորապսակներին նվերներ մատուցում ու թռչում կրակի վրայով: Ժողովրդական հավատալիքների համաձայն՝ ում հագուստի մի մասն այրվի Տյառնընդառաջի կրակից, նրա համար տարին բարեբեր ու հաջողակ է լինելու: Հոգևորականները սա սնահավատություն են համարում: Ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու՝ խարույկի հուրը բորբոքելով՝ Աստծո սիրո հուրն ենք խնդրում, հեթանոսները Աստծո պատիվը կրակին էին մատուցում, Քրիստոնյաները՝ կրակը ծառայեցնում են Աստծուն:


Նույն շարքից